Gratun
Search  show page numbers

Ղուկաս 7:11-35

11 Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ։ 12 Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13 Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»։ 14 Մօտենալով՝ դագաղին դիպաւ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15 Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել։ Եւ Յիսուս նրան մօրը տուեց։ 16 Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»։ 17 Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում։ 18 Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները։ 19 Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 20 Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 21 Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց։ 22 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23 եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»։ 24 Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ։ 25 Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում։ 26 Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան մի մարգարէ. 27 որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»։ 29 Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ։ 30 Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ 31 «Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման։ 32 Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ 33 Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ 34 Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ 35 Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։

© 2016 Gratun.org