Gratun
Search  show page numbers

Առակներ 11:2-11

2 Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ 3 Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը։ 4 Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։ 5 Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը։ 6 Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից։ 7 Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի։ 8 Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի։ 9 Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան։ 10 Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում։ 11 Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով։

© 2016 Gratun.org