Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Կարապետ Բ. Ուլնեցի

1959. Ծռազատիկի Խնդիր

Շղթայակիրին նորանոր ձեռնարկներէն յիշատակութեան արժանի են Ս. Յակոբայ եկեղեցւոյն նորոգութիւնը, որուն հրամանագիրը Կոլոտ պատրիարք 1727-ին ստացած, և Շղթայակիրին ղրկեց Սեղբեստրոս Երեւանենց Ակնեցի իշխանին հետ, որ հրովարտակին ստացութեան ալ աշխատած էր (ՀՆՆ. 161), իբր թարգաման Անգղիոյ դեսպանատան և իբր պաշպազիրկեան եպարքոսութեան (ԱՍՏ. Բ. 13)։ Սեղբեստրոս, որ և Սեղբոս ամիրա, նոյնչափ բարեպաշտ որչափ մեծահարուստ, մեծամեծ բարերարութիւններ կատարեց Երուսաղէմի մէջ, ուր իբրև երկու տարի մնաց և միշտ յօգուտ աթոռին աշխատեցաւ։ Ս. Փրկիչ վանքին ջուրի խնդիրն ալ մեծամեծ նեղութեանց պատճառ կ՚ըլլար Հայերուն, որուն համար Գրիգոր պատրիարք շատ աշխատեցաւ, և արքունական հրաման ալ հանել տուաւ Կոլոտի ձեռքով, որով պահ մը կացութիւնը մեղմացաւ (ԱՍՏ. Բ. 15)։ Ծռազատիկի տարբերութիւնը 1729-ին ալ տեղի պիտի ունենար, և կանուխէն սկսան Հայերուն և Յոյներուն բանակռիւները, որոնք նորէն ձախող արկածներ գուշակել կու տային։ Շղթայակիրը ժամանակին բանակցութեան մտաւ Յոյներուն փոխանորդ Մելետիոսի հետ, զի Քրիսանթոս պատրիարք Ուլահաց երկիրը կը գտնուէր։ Գրիգոր առաջարկեց կանուխէն կերպ մը մտածել որ Հայերուն և Յոյներուն շփումները արգելուին զատկին առթիւ, և այս նպատակով յարմար դատեց, որ Յոյներուն զատկին Հայեր, և Հայերուն զատկին Յոյներ Ս. Յարութեան տաճարը մտնելէ արգելուին։ Առաջարկը ընդունելի զատուեցաւ, Քրիսանթոս պատրիարք ալ 1728 նոյեմբեր 8-ին Պուքրէչէ գրած նամակով հաւանութիւն յայտնեց Կոլոտին (ԱՍՏ. Բ. 18), որուն դիմում եղած էր բանակցութիւնները լրացնելու Յոյներուն հետ, և Կ. Պոլսոյ պատրիարք Պայիսիոսի հետ ալ համաձայնութիւն հաստատել։ Ասոնց ալ հաւանութեամբ առաջարկը պետական հաստատութեան ենթարկուեցաւ, և Կ. Պոլիսէ յատուկ պետական պաշտօնեայ ալ ղրկուեցաւ Երուսաղէմ, գործադրութեան հսկելու համար։ Այս նախահոգ զգուշութեանց շնորհիւ 1729 ապրիլ 6-ին Յունաց, և ապրիլ 13-ին Հայոց զատիկները, նախընթաց Չարչարանաց օրերն ու Ճրագալոյցի լուսահանութիւնը խաղաղ կատարուեցան և չերև ինչ վէճ կամ խռովութիւն (ԱՍՏ. 24)։ Ուստի անհիմն զրոյցի արձագանգ է ոմանց գրելը, թէ եղեն մեծամեծ աղմուկք, և սպանան երկուք ի Հայոց, և երկու ևս ի Յունաց (ՉԱՄ. Գ. 804)։ Ամէն բան աւարտելէն ետքը, ուխտաւորութենէ դարձող Յոյներու թելադրութեամբ վէճեր տեղի ունեցած են Կ. Պոլսոյ մէջ, և Հայերու դէմ ամբաստանութիւններ եղած, և կառավարութեան միջամտութիւնը հրաւիրուած, և Կեսարիոյ մէջ գրգռութիւններ յուզուած, և շրջակայ քաղաքները տարածուած։ Բայց Կոլոտի միջամտութեամբ և կառավարութենէ ստացած հրովարտակով խնդիրները փակուեցան, և Հայեր ու Յոյներ սկսան նորէն վարիլ սիրով և խաղաղութեամբ ընդ միմեանս (ԱՍՏ. Բ. 28)։ Շղթայակիրը իր գիրերով և յորդորներով նպաստած է միջադէպին լուծուելուն, որ Երուսաղէմի մէջ մեծ ազդեցութիւն չունեցաւ, զի եղելութիւններ հոն յայտնի էին։ Շղթայակիր Լատիներու հետ ալ վէճեր ունեցաւ Պատանտեղւոյն և Իւղաբերից սեղանին կիրառութեան և դարերուն պատճառով, բայց յաջողեցաւ դատաստանով հաստատել տալ Հայոց իրաւունքները, և նորոգել սեփականութեանց և ստացութեանց վաւերագիրները (ԱՍՏ. Բ. 29)։ Այս խնդիրին ալ տեղի ունեցան 1730-ին։

« 1958. Շղթայակիրին Անուրը   |   1960. Կիլիկիոյ Աթոռ »
© Gratun.org