Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Կարապետ Բ. Ուլնեցի

1960. Կիլիկիոյ Աթոռ

Կիլիկիոյ աթոռը մտադրութեան արժանի եղելութիւններ չներկայելուն, բաւական ատեն է, որ մեր տեսութենէն վրիպեցաւ։ Վերջին անգամ յիշեցինք Մատթէոս Սարիի կաթողիկոսանալը (§ 1829), որ եօթը տարի աթոռը գրաւելէ ետքը լքած և Կ. Պոլիս եկած էր 1701-ին, զի Պետրոս Բերիացի կրցեր էր Բերիոյ մէջ Դաւիթ և Ազարիա Կարկառեցիներուն կազմած հակաթոռութիւնը վերանորոգել, և Մատթէոս Սսոյ մէջ մասնակի կաթողիկոսութիւն վարելէ աւելի, հակաթոռը ընկճելու համար Կ. Պոլիս էր եկած (§ 1856)։ Հոն նորանոր ձգտումներ յղացաւ և Կիլիկեան մոռացաւ, թէպէտև յաջողութիւն չգտաւ, և մինչև ուրացութեան ստիպուեցաւ (§ 1887)։ Պետրոս Բերիացին, որ Պիծակ ալ կոչուած է, պահ մը ինքզինքը Կիլիկիոյ կաթողիկոս կարծեց Մատթէոսի հեռանալովը և Սսոյ աթոռին անտէրունջ մնալովը, սակայն երբոր Մատթէոսի բացակայութիւնը երկարեցաւ և դառնալուն յոյսը կտրուեցաւ, Սսոյ միաբանը և ժողովուրդք նոր կաթողիկոսի ընտրութեան ձեռնարկեցին, և 1705-ին Կիլիկիոյ օրինաւոր կաթողիկոս հռչակուեցաւ Յովհաննէս Հաճընցի, և Պետրոսի հակաթոռութիւնը աւելի շեշտուեցաւ , միայն թէ նա շարունակեց Բերիոյ մէջ պաշտօնավարել։ Յովհաննէս զայն չկրցաւ ընկճել և անուղղակի կերպով վերանորոգուեցաւ Խաչատուր Սեբաստացիի և Դաւիթ Կարկառեցիի ժամանակ տեղի ունեցած բաշխումը (§ 1753)։ Որոշ չէ թէ որչափ ատեն ևս շարունակեց Պետրոս Բերիոյ աթոռին վրայ. մենք յիշեցինք որ 1708-ին Մելքոն Թասպասեանին (ԱՂՔ. Գ. 11), և 1710-ին Աբրահամ Արծիւեանին (ԱՂՔ. Գ. 57) եպիսկոպոսական աստիճան տուաւ, և ոմանք մինչև 1712 կը յերկարաձգեն անոր ատենը, Բերիոյ հակաթոռ կաթողիկոսութեան մէջ (ԱՂՔ. Գ. 11)։ Իսկ ուրիշներ կը բաւականանան անոր մահը յիշելով 1728-ին Երուսաղէմի մէջ (09. ՕՐԱ. 234), որ կը ցուցնէ թէ Յովհաննէս յաջողեցաւ զայն Բերիայէ հեռացնել։ Եւ եթէ կաթոլիկ, կամ լաւ ևս կաթոլիկամիտ մըն ալ եղաւ երբեմն, ինչպէս հռոմէականք կը սիրեն պնդել, վերջէն իր հայադաւանութեան մէջ հաստատուած, և այնպէս մեռած կ՚ըլլայ Երուսաղէմի վանքը, ուր հռոմէականութիւն չկրցաւ մուտ գտնել, և ուր միշտ վառ էին Լատիններու հետ մրցումն ու հակառակութիւնը։ Յովհաննէս Հաճընցին իր աթոռը պահեց մինչև իր մահը 1721 դեկտեմբեր (ՍԻՍ. 217), և կեղակարծ կը դառնայ ոմանց՝ Հաճընցին գահընկէց եղած կարծելը (ԴԻԹ. 54)։ Անոր անմիջապէս յաջորդեց Սսոյ մէջ Գրիգոր Կեսարացին, մականունեալ Ուղուրլու, որուն 1727-ին կը յաջորդէ Յովհաննէս դարձեալ Հաճընցի, Տէր-Ադամ մականունեալ, որ մինչև 1731 առանձինն կը պահէ աթոռը, և անկէ ետքը իրեն աթոռակից մը կ՚առնէ։ Այս վերջին կաթողիկոսներու թուականները տարբեր կերպով նշանակողներ ալ կան, և Յովհաննէս Հաճընցին 1719-ին, Գրիգոր Կեսարացին 1727-ին և Յովհաննէս Տէր-Ադամը 1730-ին պաշտօնի անցած կը ցուցնեն (ՍԻՍ. 219), բայց նախադասելի պիտի համարուի Կիլիկեան աղբիւրներու վրայ վերջին ատեններ կազմուած ցուցակը (09. ՕՐԱ. 234)։ Մանաւանդ որ Կեսարացին 1727ին աթոռ բարձրացած ըսողն ալ, նախապէս յառաջ բերած է Հաճընցիին տապանագիրը, որուն մէջ 1721 դեկտեմբերին կը դրուի անոր մահը (ՍԻՍ. 217)։ Սսոյ մասին ուրիշ պատմական տեղեկութեանց պակսած ատեն, պիտի գոհանանք լոկ յաջորդութեանց կարգը յառաջ բերելով։

« 1959. Ծռազատիկի Խնդիր   |   1961. Աղթամարի Աթոռ »
© Gratun.org