Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Բ. Խոշաբեցի

1966. Նատիրի Երեւնալը

Այն միջոցին երբ տակաւին Նատիր Պարսկաստանի արևելակողմը Աֆղաններու և ուրիշ ապստամբ ցեղերու դէմ պատերազմելու զբաղած էր (§ 1964), Թահմազ պատգամ ղրկեց Օսմանցոց, որ Պարսկաստանէ գրաւած գաւառները ետ դարձնեն։ Սուլտան Ահմէտ Գ. և եպարքոս Տամատ Իպրահիմ փաշա բանակցութեանց մտնելու կը միտէին, երբ ժողովրդական յուզումը պատերազմ կը պահանջէր անպատճառ։ Եպարքոսը ճամբայ ելաւ, այսինքն Իւսկիւտար անցաւ 1730 օգոստոս 3-ին, և կը սպասէր որ սուլտանն ալ հետևէր, բայց նա կը դանդաղէր, և այս պատճառով սեպտեմբեր 28-ին, Եէնիչէրիներու ապստամբութիւնը սկսաւ՝ Բաթրօնա Խալիլ պարզ սպայի մը գլխաւորութեամբ (ԺՈՒ. 332), և գործը մինչև եպարքոսին սպանութիւնը և կայսեր գահընկէցութիւնը յառաջարացաւ. Ահմէտ Գ. բանտարկուեցաւ, և եղբօրորդին Մահմուտ Ա. գահ բարձրացաւ։ Անմիջապէս Պարսից դէմ պատերազմը հռչակուեցաւ, չորս սպարապետներ չորս կողմէն յարձակեցան։ Թահմազ որ անձապէս գրգռած էր այդ պատերազմը, չարաչար յաղթուեցաւ, և 1732 յունուար 10-ին, հաշտութիւն ստորագրեց, որով Օսմանցիներ աւելի ևս կ՚ընդարձակէին իրենց պետութիւնը (ԺՈՒ. 336)։ Նատիր՝ Աֆղաններու դէմ յաղթութենէն դառնալով, և Թահմազի ինքնագլուխ պատերազմի ելլելուն և յաղթուելուն զայրացած, Ասպահանի մէջ Թահմազը գահընկէց հռչակեց, և Խորասան աքսորեց իբր բանտարկեալ, և Թահմազի ութն ամսու որդին կայսր հռչակեց Աբաս Գ. անունով, և իր խնամակալութեան ներքև (ՏՊԷ. 362), և կամ աւելի ճիշդ իշխանութիւնը ձեռք առաւ։ Նատիր, որչափ ալ Թահմազը մերժեց, բայց պահեց Թահմազ-Ղուլի անունը, որ է Թահմազի ծառայ, զոր իբր պատիւ իր վրան առած էր՝ Թահմազի պաշտպանութեան եղած ատենը։ Նատիր պատերազմ հռչակեց Օսմանցիներու դէմ, և առաջ դէպի Պաղտատի կողմերը արշաւեց, 1733 յուլիս 19-ին Տուլճէյլիքի ճակատամարտը կորսնցուց (ԺՈՒ. 338), բայց երեք ամիսէն վրէժը լուծեց։ Պաղտատի կողմէն Օսմանցոց արշաւանքը կասեցուց, և Երասխի կողմերը դառնալով հետզհետէ հին Պարսկական գաւառներու սկսաւ տիրանալ։ Բնական էր որ այդ պատահարները պիտի դառնացնէին Աբրահամ կաթողիկոսի վերջին օրերը, զի 1734-ին Հայատսանի մէջ տեղի կ՚ունենային պատերազմի արհաւիրքները, որոնք մինչև յաջորդ 1735 տարին շարունակեցին։ Իսկ Աբրահամ, ինչպէս յիշեցինք (§ 1965), 1734 նոյեմբեր 11-ին կնքեց իր կեանքը։

« 1965. Կաթողիկոսի Ընտրութիւն   |   1967. Ղալաթիոյ Եկեղեցին »
© Gratun.org