Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Բ. Խոշաբեցի

1968. Երուսաղէմի Գործեր

Երուսաղէմի գործերը թողուցինք 1729-ի ծռազատկին, որ Շղթայակիրի հոգածութեամբ հանդարտ անցած էր։ Ուրիշ տեղեր ծագած շփոթներուն արձագանքըն ալ թեթև անցեր էր Երուսաղէմի մէջ (§ 1959), բայց Յոյներ սկսած էին նորանոր խնդիրներ յուզել երբոր պատրիարքութեան անցաւ Մելետիոս, և փոխանորդ եղաւ Կեսարիոս, և կուզէին Հայերը բոլոր իւրաքանչիւրէ կապտել, և նոյնիսկ Ս. Յակոբեանց վանքը գրաւել։ Գրիգոր Շղթայակիր, որ պաշտաբար միջոցներով ծռազատկի խնդիրը փակեր էր, աշխատելու նոյն ձևը գործածել։ Իրեն աջակիցն էր Հաննա վարդապետ, սակայն 1730-ին նա խօթացաւ (ԱՍՏ. Բ. 31), և Շղթայակիրն ալ ծերացած, գրեց Կ. Պոլիս, որ Կոլոտ գայ և տէր լինի աթոռին, և կամ ղրկէ իր աշակերտներէն Յակոբ վարդապետը, որ է Յակոբ Զմիւռացին, ազգատոհմին անունով Նալօղլու կամ Նալեան կոչուածը։ Այսու հանդերձ Շղթայակիր իր աշխատութիւնը շարունակեց, և Յոյներու հետ երդմամբ և ուխտով հաշտութիւն կնքուեցաւ, սակայն այդ հաշտութիւն և երդումն Յունաց, թովիչ իմն էր լսելեացն Հայոց, արկանել ըզնոսա ի քուն թմրութեան և անհոգութեան։ Վասնզի միւս կողմէն Յունաց պատրիարքը կը պատրաստուէր Կ. Պոլիս երթալ և խնդիրներն յուզել, թէպէտ կը վստահացնէր Շղթայակիրը, թէ մի՛ անկցի ի սերտ քո թէ գնամ ես կռուոյ, այլ վասն գործոց իմոց (ԱՍՏ. Բ. 34)։ Այդ միջոցին, 1732-ին, Նալեան Երուսաղէմ կու գար, և Շղթայակիրը զայն իրեն փոխանորդ նշանակելով Կ. Պոլիս կը դարձնէր, որ Երուսաղէմի շահերուն հսկէ (ԱՍՏ. Բ. 31), զի միշտ կասկածով էր Յոյներուն վրայ։ Շղթայակիրին դժբախտութենէն քիչ ետքը 1733 յունիս 11-ին կը վախճանէր Հաննա, անոր աջբազուկը, որ շատոց խօթացեալ և տկարացեալ էր, և կը թողուէր Ս. Փրկիչ վանքը (ԱՍՏ. Բ. 30)։ Շղթայակիր այլայլած և շփոթած կը մտածէ պատրիարքութենէ քաշուիլ, և այդ միտքով Կ. Պոլիս ալ կը գրէ, որ իրեն յաջորդ մը հոգան։ Արդէն ես, կըսէ ի գագաշեալ ծերութիւն հասած եմ (ԱՍՏ. Բ. 31), և սխալներ ալ կը գործեմ, ինչպէս որ ընդ իս ցասուցեալ էք վասն հաշտութեանս զոր արարի ընդ Յոյնս (ԱՍՏ. Բ. 32), իբր զի Յոյն պատրիարքը արդէն Կ. Պոլիս հասած, և Հայերու դէմ խնդիրներ յուզել սկսած էր։ Բայց Կոլոտ ուժգնակի դիմադրեց Յոյներու նենգութիւններուն, և օգտուելով Հէքիմզատէ Ալի փաշայի ուղղութենէն և խոհականութենէն (ԺՈՒ. 339), յաջողութիւն ունեցաւ, և կրկին նորոգեաց զեղծեալ և զպատառոտեալ հին արքունական հրամանսն, զթերին լրացուցանելով, և զնոսա հատտիհումայուն ընել տալով (ՀՆՆ. 166)։ Այդ հրովարտակը և շատ ծանրագին ընծաներ և սպասներ Երուսաղէմ ղրկուեցան Նալեանի ձեռքով, որուն վրայ Շղթայակիրը բերկրեցաւ յոյժ։ Այդ եղելութիւնները տեղի կ՚ունենային 1734 սեպտեմբերին, որ կը համեմատի Աբրահամ կաթողիկոսի վերջին օրերուն։ Ուրախալի և յաջող կացութիւնը երկարատև չեղաւ, Հէքիմզատէ եպարքոսը ուզեց անձամբ Պարսից խնամակալ Նատիրին կողմէ բացուած պատերազմին երթալ (§ 1966), ինչ որ պալատական բանսարկութեանց դուռ բացաւ։ Եպարքոսը պաշտօնանկ եղաւ, Կիւրճի Իսմայիլ փաշա տեղն անցաւ, որ թէպէտ վեց շաբաթ միայն պաշտօնի վրայ մնաց (ԺՈՒ. 339), սակայն բաւական եղաւ Հայոց դիրքը խախտելու։ Մանրամասնութիւնները իրենց հետևանքներով կը պատկանին յաջորդ կաթողիկոսին օրերուն։

« 1967. Ղալաթիոյ Եկեղեցին   |   1969. Աբրահամ Կրետացի »
© Gratun.org