Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Բ. Խոշաբեցի

1969. Աբրահամ Կրետացի

Աբրահամ Խոչաբեցի կաթողիկոսին գործունէութեան մասին ընդարձակ յիշատակութիւններ չեն հասած, ինչպէս ըսինք. միայն իր վերջին օրերուն մանրամասնութիւնները կը գտնենք Աբրահամ Կրետացիի պատմագրութեան մէջ, և կ՚ուզենք գոնէ անոնք քաղել իբր հետաքրքրական տեղեկութիւններ։ Աբրահամ Կրետացին, որ ասոնք կ՚աւանդէ, ծննդեամբ Կրետացի էր, Գանտիա քաղաքէն, և ի յոյն մօրէ (ՉԱՄ. Գ. 806)։ Անշուշտ Կրետէ չէր կրնար անոր Հայ եկեղեցական դաստիարակութիւն տալ, ուստի կանուխէն հայաշատ կեդրոն մը փոխադրուած և հայկական ուսում առած պիտի ըլլայ. բայց ինքն ալ չի յիշեր իր աշակերտութիւնը, և ոչ իրեն վարդապետը եղած մէկու մը անունը կու տայ։ Իր հաշուով 1709-ին Թրակիոյ քաղաքին, որ է Ռոտոսթոյ կամ Թէքիրտաղ, առաջնորդ եղած է (ԿՐԵ. 1), և ըստ այսմ Աղէքսանդր Ջուղայեցիէ եպիսկոպոս ձեռնադրուած պիտի ըսուի։ Զարմանալի ըթ թուի որ ոչ ժամանակակից յիշատակներ, և ոչ ինքն ակնարկ մը չունին թէ ինչ դեր ունեցած է այն անվերջ խնդիրներու մէջ, որոնք մայրաքաղաքի և շրջակայից մէջ կը յուզուէին կաթոլիկութեան երեսէն, և պէտք կըլլայ որ իրեն իբր արժանիք վերագրենք, եթէ իրոք կրցաւ իր վիճակը զերծ պահել այդ տեսակ շփոթութիւններէն։ Իր առաջնորդութեան տասներորդ տարին, 1719-ին Երուսաղէմ ուխտի կերթայ, և երկու տարի կը մնայ այնտեղ, ճիշդ այն միջոցին որ զանազան ազգեր կաշխատէին նորոգութեանաշխարհագումար տաճարին Սրբոյ Յարութեան և ամենայն սրբոց անօրինականաց (ԿՐԵ. )։ Ուխտատեղիներ պատելու մեծ փափախով մտադիր էր Հայաստանի վանքերը ու սրբավայրերը շրջիլ, Էջմիածինէ սկսելով, բայց առաջին ուխտագնացութենէն հազիւ 15 տարի ետքը կը յաջողի գործադրել, և 1734 ապրիլ 27-ին Ռոտոսթոյէ մեկնելով, 100 օրուան ուղևորութեամբ նոյն տարւոյ օգոստոս 3-ին, շաբաթ օր ժամ առաւօտեան երեքին Էջմիածին կը մտնէ (ԿՐԵ. 2)։ Անշուշտ ցամաքի ճամբորդութեամբ ուղևորած է, ևճամբուն վրայ եղող քաղաքներ և վանքեր և վանքեր ատեն անցուցած է։ Կրետացին միտքն էր Էջմիածինի ուխտը ընելով, անցնիլ Տարոն, Գլակայ Ս. Կարապետի վանքը բայց Աբրահամ կաթողիկոս որ քսան ամէ ի վեր ունեցած փափաքին լրումը կը տեսնէր (ԿՐԵ. 2), չթողուց որ մեկնի, և միւս տարին միասին երթալու խոստումով մոտը պահեց, և Կրետացիին ուղեկից Ռոտոսթոցի և Կոստանդնուպոլսեցի աւելի քան զքսան ուխտաւորներ՝ առանց անոր մեկնեցան օգոստոս 24-ին, շաբաթ օր, Կաղզուանի առաջնորդ Յովհաննէս վարդապետի գլխաւորութեամբ (ԿՐԵ. 3)։

« 1968. Երուսաղէմի Գործեր   |   1970. Կրետացին Յէջմիածին »
© Gratun.org