Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Բ. Խոշաբեցի

1970. Կրետացին Յէջմիածին

Օգոստոս 24-էն մինչև նոյեմբեր 11 անցնող երկուքուկէս ամիսներուն մէջ երկու անուանակիցներ գրեթէ իրարմէ անբաժան կեանք ոը անցուցին։ Երեքշաբթի օր, օգոստոս 27, միասին կը մեկնին շրջակայ վանքերը պտոյտ մը ընելու՝ տասնէ աւելի միաբան եպիսկոպոսներու և վարդապետներու ուղեկցութեամբ։ Առաջ կերթան Յովհաննավանք, ուր կաթողիկոսը նոր խորանի ու սեղանի մը օծումը կը կատարէ, հոնկէ կանցնին Սաղմոսավանք, ուր Լուսաւորչի անապատը կայցելեն, և հետզհետէ Ուշի, Փարպի, Կարբի, Մուղնի և Օշական հանդիպելով Էջմիածին կը դառնան (ԿՐԵ. 4)։ Կրետացին դիտել կու տայ, թէ կաթողիկոսն աճապարէր դառնալ ի սուրբ գահն, զի էր ժամանակն խառնակ, և ազգի զրոյցք գային ի լսելիս վեհին, վասն գալստեան Թահմազ խանին, այսինքն է Թահմազղուլի Նատիրին, և շարժիլ զօրացնել Պարսկային (ԿՐԵ. 4), ինչպէս մենք ալ արդէն յիշեցինք (§ 1966)։ Կրետացին սակայն, Էջմիածինի մէջ հիւր ըլլալով, ազատութիւն կ՚ունենայ պատիլ. նորէն շաբաթ մը կ՚անցնէ Լուսաւորչի անապատը Սաղմոսավանքի մօտ, և հոկտեմբեր 16-ին նոր պտոյտ մըն ալ կը սկսի, Երեւան, Խորվիրապ, Ակոռի, Հաւուցթառ, Այրիվանք, Գառնի, Նորք, և Ձագավանք, ուր կ՚ընդունի կաթողիկոսէն շուտով ետ դառնալու հրամանը, վասն խօթութեան պատահելոյ նմա, և զի համայնք խօթացեալ էին միաբանքն ի սուրբ աթոռն։ Կրետացին կը հասնի նոյեմբեր 4-ին երեքշաբթի օր (ԿՐԵ. 6), և հոն հասած կը գտնէ Եւդոկիոյ նուիրակ Աղեքսանդր վարդապետը, և Կոլոտի աշակերտ Սարգիս վարդապետը (ԿՐԵ. 6), որ է Սարգիս Սաֆարեան, Կոլոտի յառաջադէմ աշակերտներէն, և Կեսարիոյ առաջնորդ, որ Էջմիածին կու գար եպիսկոպոս ձեռնադրուելու (ԳԱԼ. 157)։

« 1969. Աբրահամ Կրետացի   |   1971. Խոշաբեցիի Մահը »
© Gratun.org