Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1972. Ընտրութեան Պարագաներ

Քանիցս յիշեցինք թէ շփոթ ժամանակի մէջ կը պատահէր Խոշարեցիին մահը, և արդէն չորեքշաբթի, 1734 նոյեմբեր 13-ին, Ս. Գայիանէէ դարձող միաբաններ տեսան զբազմութիւն արանց և կանանց, որ փախստեայ գային, վասնզի Պարսիկ բանակին մօտենալուն լուրը ամէնուն վրայ ահուսարսափ էր թողած։ Միաբաններուն խումբն ալ՝ Կրետացիին հետ մինչև Փարաքար յառաջացած էին Երեւանէ եկած բարապանին ստիպմամբ, և հազիւ բազում աղաչանօք, և ի ձեռս նորա հինգ ոսկի դնելով, կրցան վանք դառնալ, զի մի գուցէ ի գալ զօրացն Պարսից, գտանիցին ի մէջ բերդին Երեւանայ։ Տագնապալից ժամանակը կը ստիպէր անմիջապէս աթոռին գահակալ մը և միաբանութեան գլուխ մը տալ. և ամէնքը համամիտ գտնուեցան կաթողիկոս ընտրել նոյնինքն Աբրահամ Կրետացին, որ իրաւ հազիւ երեք ամիսէ իվեր Էջմիածին կը գտնուէր, բայց ժիր ու գործունեայ, պետական գործերու հմուտ, և տաճկական յարաբերութեանց փորձառու անձ մը կը տեսնուէր, և միակ կարողն էր՝ ներկայ պարագայից պահանջած խոհական և աջալուրջ հայրապետն ըլլալ։ Այդ համամտութեան մէջ Կրետացին միայն էր որ անհաձայն կը գտնուէր, և ոչ մի կերպով չէր ուզեր կաթողիկոսութեան լուծին ներքև մտնել։ Բայց միաբաններ իրենց որոշումը տուած էին, և մինչև իսկ Երեւանի կուսակալութեան հաղորդած էին, և չորեքշաբթի երեկոյէն յատուկ բարապան մը եկած էր՝ զինքն կուսակալութեան մօտ առաջնորդել, որ պաշտօնական գործողութիւնները կատարուին։ Անհնար էր պետական հրամանին անսաստել. հինգշաբթի առտու կանուխ, յակամայ կամօք քարքաշ տարան յԵրեւան Կրետացին հինգ վեց վարդապետօք. թէպէտև տենդին օրն էր, բայց սաստիկ յուզումներ տենդի դարման են, և ինքն ալ կը գրէ, թէ յորում զերծայ ի նոյն օրն (ԿՐԵ. 8)։ Երեւանի մէջ առաջ կուսակալութեան դիւանապետին առջև կ՚ելլէ, և կը սկսի պատճառանքներ յառաջ բերել, թէ ոչ ունիմ կարողութիւն, թէ ղարիպ և օտար եմ, և թէ հրաման ունիմ որ զիս անդրէն ի վիճակն իմ դարցուցանէք։ Դիւանապետը դժկամութեան յաղթելու համար, զողոքական ի խրոխտական և սպառնական կը դարձնէ, և փաշային առջև հանել կու տայ, որուն Կրետացին կ՚առաջարկէ, եթէ մեր նախնի սովորութիւնն այն է, որ մահսար առնեն Սպահան և Ստամպօլ։ Սակայն փաշան անողոք կը մնայ, և ամէն պատասխանատուութիւն իր վրան կ՚առնէ, զի ահա, կ՚ըսէ, երկուց կողմանց զօրք և պատերազմունք երեւին, և Էջմիածին ի վերայ ճանապարհին է, ուստի պէտք է անմիջապէս գլուխ մը ուենայ։ Ասոր վրայ, կ՚ըսէ Կրետացին, քարշեցին զիս արտաքս և գրեցին զպույրուլթի մի Էջմիածնայ միաբանութեան ուղղուած, թէ որովհետև ընտրեցիք և կամեցաք զդա լինել ձեզ գլուխ, ահա հրամեցի, զոր օրէնք և արարողութիւն ունիք, կատարեցէք (ԿՐԵ. 9)։ Այսպէս կը լրանայ Կրետացիին ընտրութեան գործը, նախորդին մահուան չորրորդ օրը, 1734 նոյեմբեր 14-ին։

« 1971. Խոշաբեցիի Մահը   |   1973. Սարգիս Սարաֆեան »
© Gratun.org