Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1974. Կրետացին և Նատիր

Նատիրի արշաւանքին վերջնական արդիւնքը լրացաւ 1735 տարին։ Ապրիլի մէջ Նատիր սկսաւ Գանձակի կողմերէն Կարսի վրայ երթալ՝ Լօռիի և Ղազախի վրայէն, բայց պարէնի և դարմանի պէտքը ստիպեց Ապարանի կողմը դառնալ և Արարատի դաշտն իջնել։ Այս առթիւ առաջին անգամ կաթողիկոսը պէտք զգաց Նատիրին դէմ գնալ։ Որչափ ալ Նատիր իբր թշնամի կու գար, սակայն դժուար չէր պատերազմին ելքը գուշակել, և Կրետացին նախատեսութեամբ կը պատրաստէր իր ապագայ յաջողութիւնը։ Մայիս 27-ին Հոգեգալստեան երեքշաբթիին, Էջմիածինէ կը մեկնի ընծայիւք և պատրաստութեամբ, վարդապետօք և նուիրօք, Յովհաննավանք կը գիշերէ, չորեքշաբթի Նատիրին բանակետղը կը հասնի Ապարանի մօտ՝ Շիրաղալա կոչուած գիւղը, և միւս առտուն մայիս 29 հինգշաբթի, անոր կը ներկայանայ և սիրով կ՚ընդունուի։ Բայց որովհետև Նատիր ալ պիտի մեկնէր, կաթողիկոսն ալ մէկտեղ կը տանի զինուորական պատիւներով, մինչև երրորդ օր քովը կը պահէ, սեղանակից կ՚ընէ, և ուրբաթին կ՚արձակէ, երբ ինքն ալ ետևէն գալով մայիս 31-ին շաբաթ օր Էջմիածինի մօտ կը բանակի (ԿՐԵ. 12)։ Կաթողիկոսը անմիջապէս դիմաւորելու միտք չ՚ըներ, և երկուշաբթի յունիս 2ին կը ղրկէ Աղեքսանդր վարդապետ աթոռակալը, որ Նատիրը բարկացած կը գտնէ կաթողիկոսին անմիջապէս չգալուն համար, և շփոթած կը դառնայ։ Կաթողիկոս ալ կ՚այլայլի, ահիւ պակեայ, կը գրէ, և ի կենցաղս յուսահատեցայ, և սկսայ զյետին ողջոյնն տալ. ասով մէկտեղ կ՚որոշէ երթալ, առաջուընէ անկեալ առաջի սուրբ Իջման տեղւոյն և հոգին Աստուծոյ յանձնելէ ետքը։ Լքեալ սըտիւ և կիսամեռ Նատիրին առջև, կ՚երլլայ, և ինքզինքը կ՚արդարացնէ թէ տեղական սովորութեանց անգիտակ էր, ուրիշը յանցանք չունի, եթէ պատիժ կայ, իրեն տրուի։ Նատիրը կը հանդարտի, անկեղծ յայտարարութեամբ կը մեղմանայ, հարկաւ առաջին տեսութեան ատեն ալ զննած ու կշռած էր կաթողիկոսին զգացումները, որովհետև հաստատած էր անոր կաթողիկոսութիւնը, և խնդիրներն ալ շնորհած։ Մինչ մահու սպասէի, խիլայեաց ինձ, կը գրէ Կրետացին։ Նատիր կ՚առաջարկէ որ երթայ միաբանութեամբ և հանդէսով դիմաւորէ, և ըստ այսմ վանք գալով և եկեղեցական թափօր կազմելով Նատիրը վանք կ՚առաջարկէ, որ Մայրտաճար ալ կը մտնէ, բացատրութիւններ կ՚ուզէ, և կը հրամայէ ժամ ասել։ Հանդիսապէս Հռոփսիմեանց երեկոյեանը կը կատարուի. կաթողիկոսը այլազգեաց լեզուով բանախօսութիւն ալ կ՚ընէ, և նոյն հանդէսով մինչև վանքին դուռը կ՚առաջնորդէ Նատիրը, որ նուէր ալ կը թողու, և մեծ գոհունակութեամբ կը մեկնի (ԿՐԵ. 13), յիշելով միանգամայն թէ բանակին կողմէ վանքին արտերուն հասուցած վնասներն ալ պիտի հատուցանէ։ Միւս առտուն Նատիր աւագանին կը ղրկէ վանքը տեսնալու, ինքն ալ նորէն կը դառնայ և կը մեծարուի, և կաթողիկոսը կը քաջալերէ, որ մօտալուտ պատերազմներէն չվախնայ, այս օճաղս մեր է, կ՚ըսէ, և դու մէկ եախշի ծեր մարդ ես, տունդ չէն լինի, կեցիր բարով։ Այս անգամ իր վրանը փոխադրած էր Փարաքարի վրայ, և կաթողիկոսը զանց չըրաւ նոյն երեքշաբթի օր, յունիս 3ին երեկոյին, շնորհակալութեան երթալ սկսաւ ընծայիւք (ԿՐԵ. 15)։

« 1973. Սարգիս Սարաֆեան   |   1975. Նատիր Յաղթական »
© Gratun.org