Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1975. Նատիր Յաղթական

Ասոր վրայ դէպքերը իրար կը հալածեն։ Հինգշաբթի յունիս 5-ին Նատիր լուր կ՚առնէ, թէ Ապտուլլահ Քէօբրիւլիւն Երեւանի պաշտպանութեան հասած է, անմիջապէս զամենայն ծանրագոյն կարասին, որոնց հետ և զուհիսն, այսինքն կանանոցը կը հեռացնէ դէպի Թավրէզ, և իր բանակը կը դնէ Ախիթէփէ։ Իրօք ալ Քէօբրիւլիւ շաբաթ օր, յունիս 7-ին կ՚իջնէ Եղվարդի դաշտը, ուր յաջորդ կիրակի առտու, ժամ երկուքին պատերազմը կը խառնուի, և Նատիր՝ դիրքերէն օգտուելով, և թշնամին դժուարին տեղեր մղելով մեծ յաղթութիւն կը տանի, և 18,000 հոգիով 40,000 հոգի կը կոտորէ, որոնց մէջ նաև Քէօբրիւլիւ սպարապետը, Սարը Մուսթաֆա զօրավարը, և այլ երկու փաշաներ (ԿՐԵ. 18)։ Այս յաղթութեան օրը ուրիշներ յունիս 14 կը դնեն, և պատերազմին տեղը՝ Պաղավերտ և Ախիքէնտի կ՚անուանէն (ԺՈՒ. 340)։ Անունները յայտնապէս աղաւաղուած են, իսկ օրը եթէ նոր տոմարով ալ հաշուենք, 8-19 յունիս պէտք էր ըսուեր։ Կրետացիին օրագրութիւնը ականատեսի մանրամասնեալ վկայութիւն ըլլալուն, իբր ստոյգ պէտք է ընդունուի։ Կաթողիկոսը, որ ինքզինքը՝ ես տրուպ Աբրահամ հոգևոր տէրս կ՚անուանէ, երեքշաբթի յունիս 10-ին յաղթականը շնորհաւորելու կ՚երթալը Եղվարդ, դաշտին երեսը սփռուած դիակներուն մէջէն անցնելով։ Կիսամեռ Հայու մը հանդիպելով, գրաստի վրայ բեռցնել տալով Աշտարակ կը տանի և խնամել կու տայ, և երբ միւս օր Էջմիածին կը դառնայ, շատ մը վիրաւորներ հոն եկած կը գտնէ, Թուրք, Հայ, Հոռոմ, և ամէնուն ալ դեղ ու խնամք կը հրամայէ անխտիր (ԿՐԵ. 19)։ Նատիր յաղթութենէն ետքը Երեւանը պաշարման ներքև առնելով, ինքն Գեղարդի և Ծաղկուաձորի բարձունքները կ՚երթայ հանգստանալ, և Եղվարդի կողմերը կը դառնայ Աստուածածնայ բարեկենդանին, որ կը հանդիպէր օգոստոս 10-ին։ Անմիջապէս մօտը կը կանչէ կաթողիկոսը, և իրեն մօտ կը պահէ ու սեղանակից կ՚ընէ, բայց պահքին պատճառով կաթողիկոսը կը բաւականայ ուտել միայն ի մեղրէն և յայլոց քաղցրեղինաց։ Այդ պատճառով Նատիր իւր առաջի եդեալ փլաւէն աման մի լցնել տալով, անոր կու տայ տանելու (Կրե. 21), երբ նաւակատեաց շաբաթ օրն, այսինքն Շողակաթի տօնին, օգոստոս 16-ին, վանք կը դառնար։ Վերափոխման առտուն յետ պատարագի ի սեղանն վայելեցինք զկերակուրն Նատիրի, կը գրէ Կրետացին, ըմպելով զբաժակն յանուն նորա (ԿՐԵ. 22)։ Երբոր Նատիր Կարսի պաշարման կերթայ, Աբրահամ կը զբաղի Նատիրի յանձնարարութեամբ յիշատակի գմբէթ մը շինել տալ Եղվարդի բլուրին վրայ ուր Նատիրի վրանըզարնուած էր յաղթութեան օրը շինութեան հսկող նշանակելով Ստեփանոս Կարնեցի Ղալայջիօղլու մականունեալ վարդապետը (ԿՐԵ. 22)։ Կարսի պաշարման սաստկութիւնը, և մանաւանդ Պարսիկ ասպատակները, որոնք մինչև Կարին և Պայազիտ քանդեցիկ զերկիրն, այրեցին զշինուածսն և գերեցին զմարդիկն ու զանասունս (ԿՐԵ. 22)։ Օսմանցիները հաշտութիւն խնդրելու ստիպեցին, Երևանը յանձնելու պայմանով, և իրօք ալ 1735 սեպետմբեր 22-ին, Վարագայ պահոց երկուշաբթին, Պարսիկներ Երևան կը մտնեն, և այսպէս Էջմիածին իր նահանգով նորէն Պարսիկ տիրապետութեան կանցնի, թէպէտ ամիսներ առաջ առանց քաղաքի ալ՝ վանքը Օսմանեան իշխանութեան ներքևէն էր։ Պատմուած պարագաները կը ցուցնեն թէ այդ մասին Աբրահամ Կրետացին համակիր և պատրաստակամ գործակցութիւն ընծայած է Պարսիկներուն, հակառակ որ ինքն Պարսիկներու հետ բնաւ յարաբերութիւն ունեցած չէր, բայց կերևի թէ Օսմանեանց զօրութեան և տիրապետութեան մասին ալ նպաստաւոր ըմբռնում չունէր։

« 1974. Կրետացին և Նատիր   |   1976. Էջմիածինի Համար »
© Gratun.org