Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1976. Էջմիածինի Համար

Զարմանալի ըլլալու չափ անցաւ Նատիրի և Աբրահամի մտերմութիւնը, ինչպէս Երևանցին ալ կը գրէ, թէ կարի սիրեաց և միշտ առ յինքն պահէր, զոր և հայր կոչէր, և շատ խորհուրդ և առնելիս իւր ընդ սմա տնօրինէր, և սմա հարցանէր (ՋԱՄ. 30)։ Կարսի պաշարումը վերցնելէն և Երևանը գրաւելէն ետքը, Նատիր դէպի Տփղիս ուղևորեցաւ, և նորէն կաթողիկոսը իրեն մօտ ուզեց, որ հոկտեմբեր 1ին Էջմիածինէ մեկնելով, 27ին Տփղիս կը հասնի, Նատիրէ օր մը ետքը (ԿՐԵ. 23)։ Այստեղ եղած գործերէն նշանակելի է Նատիրի Հայոց համար վկայելը, թէ ինձ լաւ ծառայութիւն արարին մտերմաբար, և միամիտ սպասաւորեցին յամենայն զօրութենէ և յամենայն յանձնէ և ամենայն դիմօք, և կաթողիկոսին հրամայելը որ իրեններուն համար ինչ խնդիր որ ունի՝ գիրով առաջարկէ, և բերեք, կ՚ըսէ, որ հրամայեմ։ Նա ալ այդ առթիւ հնգետասան րախամ, այսինքն հրովարտակներ կ՚ընդունի (ԿՐԵ. 24), և յաջորդ օրերուն մէջ ուրիշ նորեր ալ կը ստանայ, որով այն օրերու մէջ աւելի քան զերեսուն և հինգ րախամ առած եղաւ։ Ասոնց կարգին յիշատակութեան արժանի է, աթոռապատկան եօթը գիւղերու սեփականութեան հաստատութիւնը, որոնք են, Էջմիածին, Մաստարա, Ֆռանկանոց, Օշական, Քիրաղլու, Տիպաքլու և Չէլէպիղըչլա (ԿՐԵ. 26), վերջինս Չէլէպիքեանտ և Քէշիշքեանա ալ կոչուած է (ՋԱՄ. 120)։ Նշանաւոր են ևս Խորասան փոխադրուելիք 300 Տփղիսեցի տուներուն տեղերնին մնալը՝ դրամի և ցորենի վճարմամբ, և Խորասան փոխադրուելիք 300 Արարատցի տուներուն գոմէշներ և գումարներ շնորհուիլը (ԿՐԵ. 25), ու Տաճկաստանէ ուխտի և առևտուրի եկող Հայերուն անկասկած և աներկիւղ երթևեկը, զոր յատուկ կոնդակներով հաղորդեց կաթողիկոսթ՝ Կարսի, Կարինի, Եւդոկիոյ, Պայազիտի, Վանի և Բաղէշի առաջնորդներուն (ԿՐԵ. 27)։ Ընդհանրութեան դիւրութիւններուն ալ մտադրութիւն դարձուցած է Կրետացին, և Երևանի փողերանոցի բացուիլը ընդունած, զի փողն կարի յոյժ նուազեցաւ և քարշեցաւ։ Մինչև իսկ հրաման ստացաւ որ կառավարիչներ առանց կաթողիկոսին գիտութեան, շրջակայից ժողովուրդէն նոր տուրքեր չհաւաքեն, և ի վերայ աղքատաց ծանրութիւններ չբարդեն (ԿՐԵ. 26)։ Կրետացին այդ ուղևորութիւնն ալ յաջողութեամբ աւարտելով, Սանահին, Հաղբատ, և Հաղարծին հանդիպելով Երևան և Էջմիածին կը դառնայ, և հազիւ թէ հանգստանալու չափ ատեն կունենայ, զի Նատիրէն նոր հրաման կը հասնի, որ իրեն մոտ գայ Մուղանու դաշտը, ուր ամէն կողմէն պետութեանև ազդեցութեանց աւագանին հրաւիրած էր Նատիր՝ կարևոր խորհրդակցութեան համար, առանց հոգալու որ ժամանակը ձմեռային էր, և Մուղանի դաշտին մէջ վրաններու և եղեգէ տաղաւարներուն ներքև պիտի ապրէին հրաւիրեալները, պարտաւորեալ ալ ըլլալով մարդկան և անասնոց պէտքերը մէկտեղ տանիլ, զի այն տեղն ոչ գտնի (ԿՐԵ. 28)։

« 1975. Նատիր Յաղթական   |   1977. Կրետացին Ի Մուղան »
© Gratun.org