Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1977. Կրետացին Ի Մուղան

Այդ մեծ համախմբութեան ներքին շարժառիթը Պարսից կայսրութեան գահակալը որոշելն էր, Թահմազ իր աքսորին մէջ մեռած կամ սպանուած էր, նմանապէս Ապպաս մանուկն ալ մեռած (ՏՊԷ. 362) կամ սպանուած էր (ՋԱՄ. 30), և Նատիր միայն խնամակալի անուն կը կրէր, և գահը պարապ կը նկատուէր։ Հրաւիրեալներ ամէն կողմէ ճամբայ կելլէին, և Մուղանու դաշտը հաւաքուած մեծամեծներուն և հետևորդներուն, զինուորներուն և սպասաւորներուն թիւը հարիւր հազարէ աւելի կըսուի (ՏՊԷ. 362)։ Աբրահամ Կրետացին ալ դեկտեմբեր 3-ին չորեքշաբթի օր Էջմիածինէ մեկնեցաւ 25 հետևորդներով վեց վարդապետ, որոնք են Ստեփանոս Ղալայջիօղլու՝ ճանապարհի աթոռակալ՝ Բարսեղ՝ գաւազանակիր, Եղիա Քրդաստանցին՝ ախոռապետ, Մկրտիչ Տաթևացի՝ կարաւանապետ, Խաչատուր Ասպահանցի՝ օգնական, Սարգիս Կեսարացի՝ ժամասաց, 1 քահանայ՝ Թովմաս Ագուլեցի, 2 սարկաւագ, 1 գրագիր, 3 շաթիր, 3 սպասաւոր, 3 ուղտապան, 3 ձիապան, 3 ջորեպան, և փոխադրութեանց 10 ուղտ, 10 ջորի և 16 ձի (ԿՐԵ. 28)։ Խորվիրապի, Աստապատի, Երնջակի, Ագուլիսի և Ղազարապատի ճամբով, և տեղտեղ հանգիստ ընելով 1736 յունուար 3-ին, Ծննդեան պահոց շաբաթ օրը կը հասնի Մողան, և իրեն ալ եղեգեայ տաղաւարի մէջ օթևան կը տրուի։ Երեքշաբթի յունուար 6, իր մեծ և փառաւոր վրանը զարնել տալով, և բոլոր լուսաւորչածին ազգն կանչել տալով, կը կատարէ զտօն ծննդեան առանց ժամատեղի և պատարագի, և Երասխի վրայ ջրօրհնէք ալ կը կատարէ։ Եւ այս էր զարմանք, կը յարէ Կրետացին, զի Պարսիկքն առնէին ի միւռոնախառն ջրոյն և օծանէին զերեսս (ԿՐԵ. 31)։ Ձիւնէն նեղուելով յունուար 7-ին կուզէ Տուղախ փոխադրուիլ, բայց Նատիրի հասնելուն լուրը առնելով Մուղան կը դառնայ երեքշաբթի, յունուար 13-ին, և չորեքշաբթի կը ներկայանայ Նատիրին Երևանի Հայ ու Պարսիկ մեծամեծներով, և յատուկ պատիւներ կը տեսնէ, և երեկոյին նորէն առանձինն խորհրդակցութեան կը հրաւիրուի։ Այդ միջոցին կը հասնի օտարազգի պատգամաւորներ ալ, և Օսմանցոց կողմէն Նհմէտ փաշա՝ սպարապետ, և Կէնճ Ալի փաշա՝ դեսպան, Կարսի կուսակալը և ուրիշներ, և յունուար 22-ին հինգշաբթի օր հասաւ Նատիրին եղբայրը՝ Իպրահիմ խան, բարձրահասակ և յաղթանդամ, նման եղբօրն։ Նոյն օր կաթողիկոսը նուէր կը ստանայ զերկուս պատուական Էմիփորոնս և մի կոնքեռ (ԿՐԵ. 28), հաւանաբար Վրաստանէ ձեռք ձգուած, որոնց մէկուն մանրամասն նկարագրութիւնը կը գրէ (ԿՐԵ. 36)։ Ասոր վրայ ամէնքը կաթողիկոսին մօտ կու գան աչքիլուսել և շնորհաւորել, զարմանալով ընդ սիրոյ նշանն մեծին (ԿՐԵ. 37)։ Կրետացին շատ մանրամասնութեամբ կը պատմէ պայրամին հանդէսները, որ տեղի ունեցան փետրուար 3-ին, երեքշաբթի օր, բացատրելով բոլոր արարողական և պատուասիրական ձևերը, զգեստները ու զարդերը։ Իսկ երկրորդ օրը, փետրուար 4 չորեքշաբթի, երբ բոլոր բազմութիւնը ըստ սովորութեան գացած էին ի սէլամ, Նատիրի կողմէն եօթը պատգամաւորներ կու գան ըսել, որ գնացեալ ի միջի ձերում խորհեսջիք ընդ միմեանս, թէ զով խնդրէք ձեզ և երկրին կառավարող, աւելցնելով, որ Նատիր ծերացեալ և վաստակեալ, կամի գնալ ի Խորասան, և աղօթել (ԿՐԵ. 51)։ Յայտնի էր թէ ամէնքը համակամ և նախախորհուրդ Նատիրը պիտի ուզէին, և ըստ այսմ ալ որոշեցին, և գաւառներու համեմատ խումբերու բաժնուելով, մէջերնին պատասխանատու ալ անձեր նշանակեցին՝ իբրև տեղեկաբերներ։ Հայերուն կողմէն որոշուեցան կաթողիկոսը, և Երեւանի քալանթար Մելիքջանը, և մելիք Յակոբջանը։ Այսպէս ալ պատասխանեցին երեկոյեան դէմ, նոյն եօթը պատգամաւորներուն։ Հարկ եղաւ որ միւս օր փետրուար 5 հինգշաբթի, աւելի հանդիսապէս կրկնուի այդ հաւանութիւնը (ԿՐԵ. 52), որուն հանդէպ Նատիրի կողմէն երեք պայմաններ առաջարկուեցան, որ ամէնքը երդմամբ և անիծիւք խոստանան, որ եթէ հին Շահերու ցեղէն որդի կամ ազգական յայտնի, անոր կողմը չ՚անցնին, որ իր մահուանէ ետքը իւր օճախին և զաւակին խիանաթութիւն չանեն, որ Սիւնիներու հետ կրօնական հակառակութիւն չընեն, զի մարգարէն միևնոյն է, նոյնպէս և Ղուրանն, մի է և նամազն (ԿՐԵ. 53)։ Ամէնքը կը խոստանան և կ՚երդնուն։ Միևնոյն բանը կրկնուեցաւ ուրբաթ 6 փետրուարին, Նատիրի ներկայութեան, ուր ինքն նորէն չընդունել ցուցուց, իրեն դէմ թշնամութիւն գրգռել կրցող պատճառները յիշեց, բայց վերջապէս բազմութեան պնդելուն վրայ հաւանեալ յանձն առաւ թագաւորել։ Ասոր վրայ կրկին կարդացին զֆաթէն, և ես, կը գրէ Կրետացին, զհայր մեղայն ի լռելեայն (ԿՐԵ. 55)։ Գրաւոր արձանագրութիւն ալ պատրաստեցին և ամէնուն կնքել տուին, և գերիս աւուրս հազիւ թէ կարացին աւարտել այդ գործը (ԿՐԵ. 55)։

« 1976. Էջմիածինի Համար   |   1978. Կրետացիին Պատիւներ »
© Gratun.org