Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1978. Կրետացիին Պատիւներ

Ամէն առտու բոլոր բազմութիւնը պէտք էր նոր թագաւորին ներկայանար իր յարգանքը ընծայել, և հանդիսական բարեմաղթանքներ կրկնուէին։ Այդ առիթներուն մասնաւոր դիպուածներ ալ տեղի կ՚ունենային, ինչպէս փետրուար 10-ին յատուկ բարեացակամութեան առարկայ եղաւ կաթողիկոսը, երբոր Նատիր յայտնեց թէ իր եղբայրը Իպրահիմը՝ ընդհանուր կողմնակալ նշանակած է Ատրպատականի ու Հայաստանի ու Վրաստանի, և Հերաթի Մէհմէտ խանը Երեւանի կուսակալ, և անոնց հրաման տուած է անոր ամէն առաջարկները անխափան կատարել։ Այդ հանդիսութեանց օրերը ոմանք Նէվրուզի տօնին անունով կը յորջորջեն (ՏՊԷ. 362), մինչ Կրետացին յայտնապէս Ռամազան Պայրամին անունը կու տայ, անոր արիֆէն ալ յիշելով (ԿՐԵ. 45), և պէտք ալ է այսպէս իմանալ, զի Նէվրուզը գիշերահաւասարին օրն է, որ փետրուար 3-ին չէր կրնար հանդիպիլ։ Փետրուար 26-ին ալ, իբր լուսնոյ 25 հաշուելը (ԿՐԵ. 68), փետրուար 3-էն սկսելով Ռամազան Պայրամին հաշիւը կ՚արդարացնէ։ Փետրուար 10-էն սկսան նուէրներ և գումարներ բաշխուիլ գաւառներու կարգով։ Նուէրներու հետ կը տրուէին և գերիներ, որոնցմէ 7000 բերած էին, Վրացի և Հայ խառն, և ոմանց կին, ոմանց աղջիկ, ոմանց տղայ կու տային։ Փետրուար 14-ին, օրն շաբաթ սուրբ Սարգսի տօնին, կը գրէ Կրետացին, Երեւանցւոց և Նախիջևանցւոց կարգը եկաւ. բայց տօնի շփոթ մը կայ, զի փետրուար 14-ին Տեառընդառաջին տօն կ՚իյնայ, ինչպէս ինքն ալ կ՚ուղղէ ուրիշ տեղ (ԿՐԵ. 99)։ Իսկ Սուրբ Սարգիսը այն տարի փետրուար 21-ին կը հանդիպէր։ Կաթողիկոսին նուիրուեցան զգեստներու և գօտիի հետ, նաև մանտիլ ազնիւ, որ փաթաթեցին ի վերայ վեղարին, որպէս զփակեղ, ըստ ծիսի Պարսից։ Միւս Հայերուն ալ նուէրներ տրուեցան, բաց ի գերեացն, զոր ոչ ետուր քրիստոնեաներուն (ԿՐԵ. 58)։ Ընծայ ընդունողներ փետրուար 15-ին Նատիրի ներկայանալովմաղթանքներ խօսեցան, և Ճիհանշահի պաշտօնակայ մը բանաստեղծութիւն մը արտասանեց (ԿՐԵ. 59), որուն վերջը ամէնքը անմռունչ զֆաթէն են կարդացած, և ես կըսէ, տարածմամբ ձեռացս ասացի զՀայր մեր որ յերկինս ես (ԿՐԵ. 60)։ Նոյն օր կաթողիկոսը նորէն Նատիր շահէ կը պատուասիրուի, և նոր շնորհներ կը ստանայ, որոնց զռաղամներն, որ էր եօթն ռազամ, Ստեփան վարդապետ կերթայ կը բերէ երկուշաբթի առտու փետրուար 16-ին, և նոյն երեկոյին կրկին Նատիրէ կը հրաւիրուի ողջերթի հրամանին և ողջոյնին համար, նորանոր խոստումներով, թէ վանքդ ալ իմս է, թէ դուն ալ իմս ես, բնաւ հոգ մի ըներ միայն աղօթք ըրէ (ԿՐԵ. 63)։

« 1977. Կրետացին Ի Մուղան   |   1979. Մուղանէ Մ. Կնիլը »
© Gratun.org