Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1979. Մուղանէ Մ. Կնիլը

Այլևս ընդհատուած էին Նատիրին և կաթողիկոսին յարաբերութիւնները և հրաւիրեալներէն շատեր ալ սկսան իսկոյն մեկնիլ, թէպէտ փետրուար 26-ը, լուսնոյ 25-ը թագադրութեան օր նշանակուած էր, իբրև աստեղահմաներէն նշանակուած շնորհաւոր և բարեբաստիկ օր։ Այսպէս կը գրէ Կրետացին ճշդելով (ԿՐԵ. 67), թէպէտ թագադրութեան օրը մարտ 10-ին գնողներ ալ կան, իբրև տարեգլուխ ազգին Պարսից (ԽԱՉ. 260), որ է Նէվրուզը։ Բայց Կրետացին ականատես է և օրերու հաշիւը ճիշդ կը բռնէ։ Նատիր չուզեց բոլոր բազմութիւնը պահել, և մասնաւորապէս օտարազգիներ ճամբեց, ընտանեկան ձև մը տալով թագադրութեան հանդէսին, կամ նկատելով որ ոչ եթէ միայն ի Մուղան էր նուազութիւն հացի, այլ յամենայն տեղիս Թարվիզու և այսր ուստի և երթալիքներուն կարեցին գթայինն (ԿՐԵ. 65)։ Կաթողիկոսն ալ պէտք է մեկներ անմիջապէս փետրուար 16-էն ետքը, բայց չկրցաւ, զի շատ օգտակար ձեռնարկի մը կը հետևէր։ Վերագոյնդ յիշեցինք թէ 7000 գերիներ ընտրուած էին Հայ և Վրացի, Պարսիկ մեծամեծներուն ընծայ (§ 1976)։ Կաթողիկոսին աչքին տակ կատարուած այդ բաշխումը անոր զգացումները գրգռեց, և բոլոր տրամադրելի միջոցներով այդ գերիներու ազատութեան հետամուտ եղաւ։ Գերիք բազմուք թափեցի, կը գրէ ինքը, զոմանս թանկագին, և զոմանս տաժանագին, և զոմանս ձրի, կային աղջկունք և մանկունք և տղայք, վեց ութն և տասն տարեկան, և այլք մեծագոյն աղայքն հնգետասն և քսան տարեկան։ Վերջինէ շատերուն փախուստին ալ օգնեց։ Նոածիններ ալ կային յղի կիներէն, յղացեալք ի տանց և յարանց իւրեանց, քանզի եօթն ամիս էր գերութիւն նոցա, զորս մկրտել տուաւ Ագուլիսի աւագերէց Թովմաս քահանային, որ իր հետևորդներէն էր։ Փրկանաւորած և ազատած գերիները խումբ խումբ ճամբայ հանած էր, մաս մը Էջմիածին դարձող ուղտապաններուն հետ, մաս մը իր ջորիներով յղած էր Ագուլիս և Աստապատ՝ Աղուանից Ներսէս կաթողիկոսին խնամքին յանձնարարելով մաս մը ճամբայ հանած էր շաթիր Մաղաքիայի վերակացութեամբ, ուրիշ մաս մըն ալ ղրկած էր Սարգիս Աստապատցի և Եղիա Քրդստանցի վարդապետներուն հետ մինչև Տուղախ, Մուղանէ հինգ աւուր ճանապարհ հեռու, որ անկէ անգին Սարգիս տանի Ներսէս կաթողիկոսի ձեռնտուութեամբ, և իրեն ջորիները խարակ բարձեալ դարձուսցէ Եղիա։ Երբոր մեկնելու հրամանը ելաւ բոլոր ջորիներ գացած էին, և ես մնացի, կըսէ, միայն, խեղճ և ողորմելի, միայնակ ի մէջ դաշտին, և պախարնին ալ հատած ըլլալուն, շաբաթ մի և այլ աւելի, խարշեալ և խանծեալ ցորեան կերան, սպասելով որ ջորիները դառնան և ուտելիք բերեն։ Փետրուար 21-ին կը դառնայ Մկրտիչ Տաթևացին և 22-ին Եղիա Քրդստանցին, և կաթողիկոսը նորէն ճիգ կընէ գերիներու մասին։ Կրկին թափեցի, կ՚ըսէ, որքան որ կարողացայ փոխ ստակ առի և տուի գին գերեացն (ԿՐԵ. 64-66)։ Փետրուար 23-ին, երկուշաբթի ինքն ալ Մուղանէ կը մեկնի՝ Էջմիածին դառնալու համար։ Զարմանալի պէտք չէ երևի վերջին օրեր կրած նեղութիւնը, զի Նատիր շահ զայն մեկնած կ՚ենթադրէր, և ինքն ալ անծանօթ պէտք էր մնար ողջերթի հրամանէն ետքը։ Կաթողիկոսին մեկնելէն ետքը, փետրուար 26-ին հինգշաբթի, տեղի ունեցած է Նատիր շահի թագադրութիւնը, որ Թովմաս քահանայէ լսելով նկարագրած է Կրետացին (ԿՐԵ. 68)։ Հետևապէս ուղիղ չէ կարծել՝ որ մարտ 1-ին հանդիսապէս Նատիրին սուրը օրհնած և մէջքը կապած ըլլայ (ՉԱՄ. Գ. 815)։

« 1978. Կրետացիին Պատիւներ   |   1980. Վանքերու Պտոյտը »
© Gratun.org