Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1980. Վանքերու Պտոյտը

Աբրահամ Կրետացիի համար հնացեալ փափաք մըն էր վանքեր և ուխտատեղիներ այցելել (§ 1969), և մենք տեսանք զինքն որ միշտ պտոյտներով և դադարներով կատարած է իր ուղևորութիւնները, որ իր կաթողիկոսական գործունէութեան լրումը կը կազմեն։ Այս անգամ ալ փետրուար 23ին Մուղանէ մեկնելով յունիս 12-ին Էջմիածին կը մտնէ, մօտաւորապէս չորս ամիս շրջագայելով Հայաստանի հիւսիսակողմը, որ օրով և տեղերու անուններով նշանակած է իր պատմութեան մէջ (ԿՐԵ. 73-79), բայց մենք պէտք չենք զգար ամէնն ալ յիշել։ Տուզախի Հատրութ գիւղը կ՚անցընէ Բուն բարեկենդանը, մարտ 7-ին, Աղուանից Ներսէս կաթողիկոսի հետ, որուն հետ թէպէտ սէր արարեալ էաք, կ՚ըսէ, բայց դեռ ևս ընդ միմեանս ոչ էինք տեսեալ (ԿՐԵ. 73)։ Տաթևի մէջ Քարահանջ գիւղը բանադրանքէ կ՚արձակէ, և մարտ 16-ին, երկուշաբթի օր լուսնի խաւարումը կը տեսնէ (ԿՐԵ. 75)։ Սարգիս Պարոնտէրի Մեծ-Անապատը (§ 1619) քանի մը օր կը մնայ. շատ մը գիւղեր և վանքեր այցելելէ ետքը ապրիլ 7-ին, Աւետման տօնին, Դաշտ գիւղը կը պատարագէ։ Զատիկը՝ ապրիլ 25-ին Ագուլիս կ՚անցընէ, ուր և Նոր կիրակիին, մայիս 2-ին, եպիսկոպոս կը ձեռնադրէ, զաւագերէցն Ագուլեաց զտէր Թումայն, իր ուղեկիցը, ամիրան սուրբ Էջմիածնայ, որով նախապէս յանուն Էջմիածինի վեղար տուած ըլլալը կը հասկցնէ։ Նախավկայի վանքը կը մնայ 9 օր (ԿՐԵ. 77), անկէ կ՚անցնի Երնջակ, և շրջանակները պատելէն ետքը նորէն Երնջակէ կը մեկնի Նախիջևան և Աստապատ, ուր Մեծահրաշի կիրակէին, յունիս 6-ին եպիսկոպոս կը ձեռնադրէ Նոր-Ջուղայի միաբան Գէորգ Ասպահանցի, և Էջմիածինի միաբան Մելքոն Կաֆայեցի վարդապետները, և երբոր մըն ալ Աղբակու Ս. Բարթողիմեոսի առաջնորդ, ըստ խնդրոյ երկրին և վիճակին այնմիկ։ Վերջապէս շրջանը լրացնելով յունիս 12-ին Հոգեգալստեան կիրակնամուտին Էջմիածին կը մտնէ, և Իջման տեղւոյն առջև կ՚աղօթէ հատուցանելով գոհութիւն զերծուցանողի պատահարաց (ԿՐԵ. 79)։

« 1979. Մուղանէ Մ. Կնիլը   |   1981. Կրետացին Ի Թավրէզ »
© Gratun.org