Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1981. Կրետացին Ի Թավրէզ

Աբրահամ Կրետացի, իր պատմութեան մէջ շարունակ յոյժ ծերացեալ և տկարացեալ կը ներկայացուի (ԿՐԵ. 81), բայց հակառակ այդ ենթադրութեան միշտ շարժման, և ձմեռնային դժուարին և չարքաշ ուղևորութեանց մէջ կը տեսնենք զինքը։ Մուղանի ուղևորութիւնն ալ վերջինը չեղաւ. զի 1736 տարին չվերջացած ճամբորդութիւն մըն ալ ըրաւ Թավրէզ, շահին եղբօր և երկրին կողմնապետ Իպրահիմի մօտ։ Հրաւէր մը ստացած էր Մուղանէ դառնալէն քիչ ետքը, բայց տկար և աշխատեալ ի ճանապարհէ ըլլալուն համար չքմեղանք էր ներկայացուած, և իր կողմանէ պատուիրակ ղրկած Թովմաս Ագուլեցի նոր ձեռնադրուած եպիսկոպոսը, որ պէտք եղածը կարգադրեր և կաթողիկոսին նոր ընծաներ ալ բերեր էր։ Այդ միջոցին էր որ Երեւանի մէջ կնքուած հաշտութիւնը, Օսմանեան և Պարսիկ տէրութեանց մէջ պաշտօնական դաշնագիրով մը վաւերացաւ 1736 սեպտեմբերին, և երկուց տէրութեանց սահմանագլուխները ճշդուեցան (ԺՈՒ. 340), ճիշդ ինչպէս էին Աֆղաններուն արշաւանքէն առաջ (ՏՊԷ. 362)։ Նոյն ատեններ 1736 սեպտեմբերին Իպրահիմի հրաւէրը կրկնուեցաւ արքունական հրամանով, զոր Աբրահամ ստացաւ երբ չինուհոն խօթացեալ էր չարաչար տենդիւ (ԿՐԵ. թեանց համար Յովհաննավանք գացած, և 80)։ Գործին իսկութիւնը իմանալու համար Երևան կիջնէ պատրաստութեան համար Էջմիածին կու գայ, շաբաթէ մթ Երևան կը դառնայ, և անկէ հանդարտ ուղևորութեամբ, Աստապատ և Մարանդ հանդիպելով Թավրէզ կը հասնի հոկտեմբերի կէսին։ Իպրահիմ խանէ մեծ պատիւներ կը տեսնէ, 20 օր կը մնայ, և 15 կտոր նոր հրամանագիրներ կը ստանայ վասն վանօրէից և կարգաւորաց և վասն երկրի, և այնպէս կը մեկնի Էջմիածին դառնայ, Հին-Ջուղա, և Նախիջևան հանդիպելով նոյեմբեր 20-ին Յիսնակաց բարեկենդանի կիրեկեմուտին կը մտնէ Աստապատ, և անկէ ալ Խորվիրապ ուխտ ընելով միւս կիրակնամուտին, նոյեմբեր 27-ին կը հասնի Մայրաթոռ։ Այս անգամ ալ կաթողիկոսական ճանապարհի խումբը 30 մարդ, և 22 ձի ու ջորի կը պարունակէ եղեր (ԿՐԵ. 89)։ Նկատողութեան արժանի է որ նորէն ձմեռուան սկիզբը և եղանակին խանգարուելուն միջոցին կատարուած է՝ ծեր և խօթագին կաթողիկոսին ուղևորութիւնը։ Թավրէզի մէջ Իպրահիմ խան ալ դիտեր է որ ի հիւանդութենէն դեղնացեալ և թառամեալ է եղեր դէմքը (ԿՐԵ. 85), և թէ զգոյն երեսացն որպէս մեռելոյ տեսեր է ի բազմօրեայ տենդէն, և մինչև իսկ հրաւիրակը յանդիմաներ է, թէ վասն է՞ր բերեր զխալիֆայն, որովհետև հիւանդ էր (ԿՐԵ. 81)։ Այսու հանդերձ ծեր ու հիւանդ հանդարտ չնստիր կաթողիկոսը, շարունակ շարժումի վրայ է, այնպէս որ Երեւանեցին ալ իրաւունք կ՚ունենայ գրելու, թէ միշտ ընդ շահին լինէր (ՋԱՄ. 30)։ Վերջին անգամ Մայրաթոռ դառնալէն ետքը, հազիւ հինգ ամիս ևս ապրած է Աբրահամ Կրետացի կաթողիկոսը. բայց մենք անոր մահուան վրայ չխօսած, իր օրով կատարուած միւս աթոռներուն դէպքերը պիտի պատմենք։ Կրետացիին վրայ ըսուելիքները այնպէս իրարու կապակցեալ էին, որ հնար չէր անոնք ընդհատել ուրիշ եղելութիւններ պատմելու համար։

« 1980. Վանքերու Պտոյտը   |   1982. Կ. Պոլսոյ Գործեր »
© Gratun.org