Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աբրահամ Գ. Կրետացի

1990. Կրետացիին Մահը

Ըսինք արդէն թէ Կրետացին Աբրահամ՝ Թավրէզի ուղևորութենէն դառնալէն ետքը հազիւ հինգ ամիս ևս ապրեցաւ (§ 1981)։ Այդ հինգ ամիսներուն մասին ոչ մի յիշատակ չունինք, և ինքն ալ բան մը չի գրեր, և կերևի թէ մօտալուտ վախճանը նախատեսելով, աւարտ պատմութեանս խօսքով զայն կը փակէ (ԿՐԵ. 90)։ Երևանցին կը գրէ թէ իր ծեր և լցեալ աւուրբք և ցաւագար իսկ (ՋԱՄ. 30), և վերջին ուղևորութիւնը հիւանդութեան մէջ ըրած ըլլալը յիշեցինք (§ 1981), և պէտք կըլլայ ըսել թէ ձմեռային ուղևորութեամբ Թավրէզէ դառնալովը՝ բոլորովին տկարացաւ՝ և խօթագին անցուց ձմեռը, և գարնան բացուելուն, 1737 ապրիլ 18-ին (ՇԱՀ. Ա. 227), նոր կիրակիի երկուշաբթին, վախճանեցաւ, ու թաղուեցաւ Ս. Շողակաթի գաւիթին ձախակողմը։ Տարիքին վրայ ոչ իրմէ և ոչ ուրիշէ որոշ տեղեկութիւն չունինք, այլ բացատրութիւնները կշռելով կրնանք իբր ութսընամեայ մեռած ենթադրել։ ՔԶինքն միշտ Կրետացի կոչեցինք, իր ծննդավայրին առնելով, բայց շատերէ Թրակացի կամ Թէքիրտաղցի կամ Ռոտոսթոցի ալ կոչուած է, նր առաջնորդական վիճակէն առնելով, զոր 1709-էն մինչև 1734, 25 տարի կառավարեց, գովանի յիշատակ թողլով ետևէն։ Իր կաթողիկոսական գործունէութեան նկարագիրը տուած եղանք, Նատիրի մօտ անցուցած օրերուն պարագաները պատմելով, որոնք իր 29 ամսական պաշտօնավարութեան մեծագոյն մասը գրաւեցին։ Ատենին կարճութիւնն ալ արգելք եղաւ ուրիշ գործի ձեռնարկել, և եթէ շիուածս ինչ որ կարաց առնել յաթոռոջս պատճառը այն եղաւ, որ ժամանակ ևս ոչ ունեցաւ, զի միշտ ընդ շահին լինէր։ Այսու հանդերձ Երևանեցին ալ կը խոստովանի, թէ քան զամենեսեան առաւել արար զբարութիւնս և զօգուտս սրբոյ աթոռոյս և ազգիս, և բոլոր երկրիս մերոյ (ՋԱՄ. 30)։ Աթոռին համար ըրածը, անոր պաշտպանութիւնն էր, որ այնպիսի շփոթ և խռոված ժամանակներու մէջ, ամէն ստացութիւնները և իրաւունքները և վայելքները անխափան պահպանուեցան, ոչ միայն չի վնասուեցան, այլ և նպաստներով և շնորհքներով բարդուեցան։ Իսկ ազգին համար ըրածները քաղելով պէտք է յիշել, թէ զբազումս ազատեաց ի մահուանէ զշատս իջոյց ի կախաղանէ, զբազմաց զաչսն և զականջսն ազատեաց ի բերելոյ և ի հատանելոյ, զանհամար գերիս ազատեաց, զբազումս տաճկացեալս յետս դարձոյց, զի անոր բան և խնդիր մի ոչ անկանէր յերկիր առաջի այնպիսուոյ բռնաւորին Նատիրի, և նոյն իսկ Պարսիկ աւագանին և պալատականներ անոր միջնորդութեան կը դիմէին, զի զհոգալիս իւրեանց հոգասցէ Նատիրին մոտ։ Ուստի Երևանցիին հետ մենք ալ կրնանք կրկնել, թէ անոր յիշատական օրհնութեամբ եղիցի (ՋԱՄ. 31)։ Չենք վարանիր արժանաւորագոյն հայրապետներուն հետ յիշել անոր անունը, իբրև Էջմիածինի պայծառութեան համար գլխաւոր վաստակաւորներէն մին։

« 1989. Հայոց Կացութիւն   |   1991. Ընտրութեան Պարագաները »
© Gratun.org