Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

1992. Ջահկեցին Ի Կարին

Ղազար, բնիկ Ջահուկ գաւառէն, Ունիթորներու կեդրոնէն, բայց ոչ Ունիթորներու խումբէն, ընդհակառակն բուռն ընդդիմութիւն տածող մըն էր անոնց դէմ, և Դրախտ Ցանկալի գիրքը զոր 1735-ին հրատարակած էր Կ. Պոլսոյ մէջ, հերքմնագիր մըն էր հռոմէական վարդապետութեանց, և բացատրութիւն Հայ եկեղեցւոյ դաւանութեան, պատմութեան հետ խառն։ Նոյն միջոցներուն երգաբան մըն ալ մամուլին յանձնած էր, որ 1737 օգոստոս 1-ին լոյս եկաւ։ Ղազար թէպէտ ուսումնականի և աստուածաբանի համբաւ ունէր, բայց վարքով և բարքով նոյն հռչակը չէր վայելեր, և իբրև փառասէր և մեծամիտ ճանչցուած էր, ու շքեղ և իշխանավայել կենցաղ կը վարէր, վասնզի հարուստ ալ էր (ԶԱՄ. Բ. 46)։ Այսու հանդերձ նախադասուեցաւ թէ Կոլոտէ և թէ Կ. Պոլսոյ մեծամեծներէն, իբր շատ մասերով Պետրոսի վրայ գերազանց, և զի գիտնական և ճարտարալեզու, հանճարեղ և փառապերճ ըլլալով (ՋԱՄ. 31), կրնար զօրաւոր նեցուկ և զարգացուցիչ ըլլալ հայրապետական աթոռին։ Ղազար այդ բնաւորութեան նշանը տուաւ՝ իր ընտրութեան լուրը առնելուն պէս։ Չսպասեց որ պետական հաստատութիւնները ստացուին, այլ վստահանալով թէ պատրիարքը զայն կը ճարէ և ետևէն կը հասցնէ, փութաց իր ուղևորութեան պատրաստութիւնները տեսնել, հետևորդներու և սպասաւորներու և սպասներու այնպիսի ճոխութեամբ, որուն նմանը չէր տեսեալ և ոչ իսկ լուեալ ի կաթողիկոսունս Հայոց (ՉԱՄ. Գ. 819), և այս տեսակ հանդերձանքով Զմիւռնիայէ մեկնեցաւ, և ցամաքային ճամբով, և անշուշտ հանդիպած քաղաքներն ալ ցուցադրութիւններ ընելով Կարին հասաւ 1737-ին վերջերը։ Կարին վերջին քաղաքն էր Օսմանեան տէրութեան, և անկէ Պարսկական հողը պիտի մտնէր. ուստի Կարնոյ կուսակալը առիթ ունէր Ղազարի մասին տեղեկութիւններ առնել և պարտուպատշաճը կարգադրել։ Դժբախտաբար անհամաձայնութիւն ինկաւ Ղազարի և կուսակալին միջև, և ասոր սկզբնապատճառ եղաւ Ղազարի ձին, խայտ և ազնիւ յոյժ, զոր կուսակալը ընծայ ուզեց, և Ղազար ընդդիմացաւ և կուսակալը զինքն անարգուած կարծելով ուզեց վրէժ լուծել։ Իմանալով որ նա դեռ հրովարտակ չունի, զայն իբրև խաբեբայ մը նկատել ուզեց, և հրամայեց պահել զնա յարգելանս, իբրև պատուաւոր բանտարկութիւն, և միանգամայն Կ. Պոլիս գրեց ու ամբաստանեց։ Ղազար նեղի մտած, և ազատութիւնը ձեռք բերելու և վտանգի չհանդիպելու ստիպուած, ձին տուաւ, ադամանդեայ մատանի մըն ալ վրան աւելցուց (ՉԱՄ. Գ. 819)։ Ղազար իմացաւ միանգամայն, որ լատինամիտներու սադրանքով կուսակալը հրովարտակ չ՚ունենալուն լուրը առած էր, ուստի անոնց քսութենէն նեղուած ըլլալուն, ինքն ալ ձեռնարկեց անոնցմէ իր վրէժը լուծել։ Անոնց ընթացքը և պետական հրամանները և գլխաւորներուն անունները կուսակալին ներկայեց, որով շատեր ձերբակալուեցան և տուգանքներու դատապարտուեցան։ Այդ ձեռնարկներուն ատեն Ղազարի հետ էին նաև Սահակ վարդապետ՝ Ահագին մականունեալ, Կարնոյ առաջնորդը, և Անանիա վարդապետ՝ Քէլլէճի մականունեալ (ՉԱՄ. Գ. 820)։

« 1991. Ընտրութեան Պարագաները   |   1993. Կարնոյ Դէպքերը »
© Gratun.org