Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

1993. Կարնոյ Դէպքերը

Այդ միջոցին յանկարծ կը մեռնի Կարնոյ կուսակալը, զոր տեղացի Տաճիկներ չարագուշակ կը մեկնեն։ Իբր զի քաղաքին մէջ երդում ըրած են եղեր այլ ևս կաթոլիկութեան խնդիր չյուզել, որով կուսակալին յանկարծական մահը երդմնազանցութեան պատիժ կը նկատեն, և այդ պատճառով նոյն ինքն Ղազարի դէմ կելլեն, իբր թէ պատճառ տուած ըլլայ։ Ղազար գիտցաւ զինքն արդարացնել, թէ ինքն տեղական գործերուն անտեղեակ էր, և թէ առաջնորդը հաղորդած էր այդ տեղեկութիւնները։ Նիւթական հնչուն փաստերն ալ աւելցուց, և ինքզինքը զերծուցանելով փութաց փետրուարի սկիզբը սահմանագլուխը անցնիլ (ԱՍՏ. Բ. 51), և Կարսի ճամբով Պարսական հողը մտնել։ Բարեբախտաբար կրցած էր հեռանալ, զի քիչ օր ետքը յատուկ սուրհանդակ կը հասնէր Կարին՝ եպարքոսական հրամանով՝ որ մեռած կուսակալին ամբաստանութեանց վրայ կը պատուիրէր Ղազարը անմիջապէս Կ. Պոլիս ղրկել հսկողութեան ներքև։ Կարնոյ Տաճիկներ իրենց ցասումը Սահակի վրայ դարձուցին, զոր Չիլ ղարապաշ կը կոչէին, և խնդրակներ յղելով Բասենի մէջ ձերբակալել տուին առժամեայ կուսակցութեան ձեռքով, և Կարին բերելով շղթայակապ բանտարկեցին։ Սակայն կրցաւ զանազան փաստերով և մանաւանդ նիւթականներով՝ զինքն արդարացնել, և բանակէն ազատիլ։ Բայց հազիւ թէ ազատած, իր արկածին պատճառ՝ եկեղեցւոյ բեմէն անոր դէմ խօսեցաւ բազում ինչ, և բոլոր ի վիճակին մէջ արգել նզովիւք, մի յիշել զանուն նորա։ Սակայն Ղազար արդէն Էջմիածին հասած էր, և օծումն ալ ընդունելով հայրապետական աթոռին տիրացած (ՉԱՄ. Գ. 821)։ Ամսաթիւը ոչ Երևանեցին (ՋԱՄ. 31) և ոչ Շահխաթունեան (ՇԱՀ. Ա. 227) կու տան, բաւականանալով 1738 տարեթիւը նշանակել, այլ փետրուար 2-ին Կարինէ Մեկնիլը հաշուելով (ԱՍՏ. Բ. 51), ի դէպ է օծումը դնել զատկին մոտ օրերը, որ այն տարի ապրիլ 2-ին կը հանդիպէր։ Ղազարի առաջին գործերէն մին եղաւ եպիսկոպոս ձեռնադրել իր եղբայրը Մկրտիչ այրի քահանան, և շահաբեր գործեր յանձնել միւս երկու եղբայրներուն, Անդրէաս և Յովսէփ Ջահկեցի քահանաներուն։ Ամիսս քանի մը աշխատեցաւ առատ ընծաներ պատրաստել, և շուտով Ասպահան գնաց, և Նատիր շահէն իրեն կաթողիկոսութեան հաստատութիւնը ընդունեցաւ և պատուասիրուեցաւ, ու Էջմիածին դարձաւ 1738 ամառուան վերջերը։ Հոն եկած էր նաև Պետրոս Քիւթիւնը նուիրակը, որ Կարինէ անցնելով այնտեղի գործերուն մասին տեղեկութիւններ քաղած էր, և Աղեքսանդր Բիւզանդացի վարդապետն ալ իրեն օգնական առնելով, ջանաց Ղազարին սիրտը ցածուցանել Սահակի մասին, և երկուքին մէջ հաշտութիւն գոյացնել։ Ղազարի կողմէն վճարում մըն ալ կարգադրելով ի նպաստ Սահակի, բանտարկութեան և ազատութեան առթիւ ըրած ծախքերուն փոխարէն (ՉԱՄ. Գ. 821)։ Հաւանական կը կարծենք, բայց բացարձակ չենք կրնար պնդել, թէ Աղեքսանդր Բիւզանդացին, միևնոյն Եւդոկիոյ նուիրակ (§ 1970), և Կրետացիին աթոռակալ (§ 1974) Աղէքսանդր վարդապետն է, որ Քարաքաշ ալ կոչուած է։

« 1992. Ջահկեցին Ի Կարին   |   1994. Կ. Պոլսոյ Շփոթները »
© Gratun.org