Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

1994. Կ. Պոլսոյ Շփոթները

Կ. Պոլսոյ մէջ 1737-ին եռանդուն էին համերաշխութեան ճիգերը (§ 1986), բայց ծայրայեղ շարժումներ դիւրաւ իրարու կը յաջորդէն։ Նոյն տարին յուլիսի մէջ տեղի ունեցած էր կաթողիկոսական ընտրութիւնը, և Քիւթիւր նորէն Կոլոտի դէմ գրգռուած էր, զի անոր երեսէն զինքն զրկուած էր կարծէր կաթողիկոսական ընտրութենէն։ Ուստի կը սկսի նորէն յուզումներ շարժել անոր դէմ, և գրգռութեան առիթ կընէր երեք նզովքի տուներուն երգեցողութիւնը, որուն մասին Կոլոտ կրկին խոստում ըրած էր դեսպանին (1995). սակայն Քիւթիւր զայն իբր կաթոլիկութեան հանդէպ զիջում կը ներկայէր, և նախանձայոյզները կը գրգռէր, և կը յաջողէր մանաւանդ Կաեսարացիներուն մէջ։ Մօտալուտ էր Եփեսոսի ժողովին տօնը օգոստոս 6-ին, և ոչ 8-ին (ԱՍՏ. Բ. 52), և պէտք է այն օր հանդիպած ըսել Մայրեկեղեցւոյ մէջ պատահած շփոթութիւնը, երբ Կեսարացիներ Քիւթիւրէ գրգռուած պատրիարքի վրայ յարձակեցան ծեծելու միտքով (ԶԱՄ. Բ. 46), և Կոլոտ փախչելով ազատեցաւ կատաղած ամբոխին ձեռքէն։ Օգոստոս 12-ը իբր շփոթի օր նշանակելը թիւրիմացութիւն մըն է (ԶԱՄ. Բ. 87), զի պահոց ուրբաթին կ՚իյնայ, և շփոթի պատճառ մը չի կրնար ընծայել, մինչ շատ յարմար կու գայ ժողովի տօնին օրը։ Քիւթիւրին պատրաստած աղմուկը հանդարտեցնելու աշխատեցան Յակոբ Նալեան և Սարգիս Սարաֆեան իր աշակերտները, որոնք Կոլոտի համակիրները յորդորեցին եկեղեցւոյ մէջ գոռալ մեծ աղաղակաւ, ասելով՝ ո՞ւր է պատրիարք մեր լաւ, և սպառնալով՝ պատրաստ եմք ահա՛ հալածել զՔիւթիւր, որով Կոլոտ դառնայր ի յարկ իւր փառօք, և էր գոհ (ԳԱԼ. 36)։ Հանդիպած շփոթը և նզովքի շարականին համար ժողովրդական ցոյցը՝ առիթ տուաւ Վիլնէօվ դեսպանին կառավարութեան բողոքել, թէ նզովս կարդան ի վերայ մեծիս մերոյ, և եպարքոսութիւնն ալ հարկադրուած՝ գլխաւոր պաշտօնեաներէն մէկը 40 բարապաններով պատրիարքին յղեց, որ Գաղղիոյ տէրութեան մեծին դէմ նզովք կարդալը արգելէ, որուն Կոլոտ կը պատասխանէ, թէ ի վաղուց հետէ դադարեցուցաք մեք զայդ։ Այդ պատգամաւորութիւնը կը գրուի երկաւուրբ յառաջ քան զտօն Վերափոխման (ՉԱՄ. Գ. 822), և կը հանդիպի օգոստոս 12-ին, պահոց ուրբաթին, և պէտք է ըսել այնմ եղելութեանց ամսաթիւերը ճշդել, ինչպէս որ մենք ալ ցուցուցինք։ Միտքերը տակաւին չէին հանդարտած, և յուզումները կը սպառնային կրկնուիլ Նիկիոյ ժողովին տօնին օրը, սեպտեմբեր 3ին, և ոչ 5-ին (ԶԱՄ. Բ. 87), և իրօք ալ այն օր Իւսկիւտար (ԱՍՏ. Բ. 51) և ի տեղիս տեղիս (ՉԱՄ. Գ. 823), շարականին երեք տուները երգել տուողներ եղան, բայց մէջերնին վեց հոգի ձերբակալուեցան և թիապարտութեամբ բանտարկուեցան (ԱՍՏ. Բ. 51), թէպէտ քանի մը ամիսէ միջնորդութեամբ ազատեցան (ՉԱՄ. Գ. 823)։ Այս եղելութեանց վրայ Քիւթիւր Կ. Պոլիսէ խոյս կու տայ, իրեն համար ալ վախնալով, և Էջմիածին կը դառնայ, ուր հասած լինելը պատմեցինք արդէն (1993)։ Սոյն միջոցին տեղի ունեցած էր Ղազարի նկատմամբ Կարնոյ կուսակալին ամբաստանութիւնը (§ 1992), որուն մասին Կոլոտ ու Շղթայակիր բազումս աշխատ եղեն. սակայն եպարքոսական հրամանը ետ չ՚առնուեցաւ, և միայն հանդարտեցան, երբ լսեցին թէ Ղազար արդէն զերծեալ է ի սուրբ Էջմիածին (ԱՍՏ. Բ. 51)։ Այդ միջոցին եպարքոսական իշխանութիւնը կը վարէր Եէկէն Մէհմէտ փաշա, իբրև տեղակալ, զի եպարքոս Մուհսինզատէ Ապտուլլահ փաշա, Աւստրիացոց դէմ պատերազմի կը գտնուէր, և թէպէտ յաղթութեամբ դարձաւ, սակայն պալատական բանսարկութեամբ պաշտօնանկ եղաւ (ԺՈՒ. 341), և Թեսաղոնիկէ աքսորուեցաւ, և 1738 յունուար 20-ին իրեն յաջորդեց տեղակալ Եէկէն Մէհմէտ փաշա, որ կը ներկայացուի իբր հակառակ քրիստոնէից (ԱՍՏ. Բ. 51)։

« 1993. Կարնոյ Դէպքերը   |   1995. Լատինական Խնդիրներ »
© Gratun.org