Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

1996. Երուսաղէմի Խնդիրը

Տաճկաց և Աւստրիացւոց պատերազմին վերջը Տաճկաց նպաստաւոր դարձաւ, հաշտութեան փափաքներ տիրեցին, և որովհետև Եէկէն Մէհմէտ հակառակ կը կենար, եպարքոսութենէ ինկաւ, և Ռոտոս աքսորուեցաւ, և իրեն յաջորդեց Հաճի Մէհմէտ փաշա, Այվազ (ԱՍՏ. Բ. 52), կամ Էլիաս (ԺՈՒ. 342), կամ Էլվիաս (ՆՐՏ. Ա. 244) մականունեալ։ Խաղաղութեան սկզբունքները հաստատուեցան 1739 սեպտեմբեր 1-ին, և սեպտեմբեր 18-ին Պելկրատի դաշնագիրները կնքուեցան Աւստրիոյ և Ռուսինոյ հետ (ՆՐՏ. Ա. 67)։ Օսմանցոց նպաստաւոր պայմաններով, որով տանք Պէլկրատի և Օրշովայի կը տիրէին, Ուլահ և Պուղտան իրենց կանցներ։ Ազախի դղեակը պիտի քանդուէր, Սև Ծովի Ռուսական տորմիղը պիտի ջնջուէր, և Ռուսներէ գրաւուած տեղեր ետ պիտի տրուէին (ԺՈՒ. 342)։ Վիլնէով դեսպան, որ յանուն Լուդովիկոս ԺԵ թագաւորի, խաղաղութեան միջնորդն էր եղած, մեծապէս կը բարձրանար Օսմանցոց աչքին, ըստ այնմ ալ կը զորանար իր ազդեցութիւնը։ Շղթայակիր ու Կոլոտ իրաւունք ունէին Գաղղիական պաշտպանութեան վրայ դնել յոյսերնին, և հնարաւոր պայմաններով անոր բարեացակամութիւնըմշակել, քանի որ գիտէին թէ Երուսաղէմի խնդիրներուն մէջ Հայոց ու Լատինաց շահերը համերաշխ կընթանային Յունական ոտնձգութեանց դէմ։ Յոյներն ալ զգացին իրենց իսկութիւնը, և տեսնելով որ իրենց պահանջները բուռն ընդդիմութեան կը հանդիպին և յաջողելու հաւակնութիւն չունին, սկսան հետզհետէ իրենց լեզուն փոխել, և Հայերուն մոտենալ թերևս վախցան ալ որ մի գուցէ Գաղղիական զօրաւոր և կրկին զօրացած ազդեցութիւնը իրենց դէմ գործէ, և շահելու տեղ կորուստ ալ ընեն։ Անշուշտ այդ տեսութիւնները պատճառ եղան, որով 1739 ապրիլ 7-ին, նոյն իսկ ի դեսպանատան, փոխադարձ դաշնագրութիւն մը գրուեցաւ, ստորագրութեամբ և կնքով պատրիարքաց և գլխաւորաց երկուց ազգաց, և ի բարբառ Իտալացւոց (ԱՍՏ. Բ. 54), որ այն դարուն միջազգային լեզու էր։ Այդ դաշնագիրով երկու կողմերն ալ բացարձակ տէր կը մնային այն իրաւունքներունև ստացութիւններուն զորս կը վայելէին, Ասորիք և Եթովպացիք Հայերուն հետևակ կը ճանչցուէին , և Հայեր ու Յոյներ ընդհանուր իրաւունքներու մէջ հաւասար կընդունուէին, Յոյներու նախապատուութեամբ (ԱՍՏ. Բ. 55), Կոլոտ 1739 տարւոյն յունուար 1-ին յատուկ նամակ ալ գրած էր, Գաղղիոյ վարչապետ Անդրէաս Ֆլէորի կարդինալին (Andre Flaury) հարկաւ Վիլնէովի խորհրդով, որուն պատասխանը ստացաւ օգոստոս 31 թուականով (ԱՍՏ. Բ. 56), որ Հայոց համար մեծ համակրութիւնը կը խոստանար Վիլնէովի ձեռօք, իսկ դաւանական խնդիր չէր յուզեր բնաւ։ Պատասխանին ուշանալուն պատճառը անշուշտ Վիլնէովի բացակայութիւնն էր, որ պէտք էր Կ. Պոլիս դառնար, որպէսզի պէտք եղածը գործէր։ Ըստ այսմ ալ կարգադրուեցաւ և Հայեր նոր Հաթթըշէրիֆ կամ նուիրական հրովարտակ ստացան Մահմուտ Ա. սուլտանին կողմէն, որով վճռապէս կորոշուէր, որ զոր ինչ ունէին բաժին ժառանգութիւն, և որպիսի եղանակաւ վարէին զպաշտամունս և զսովորութիւնս իւրեանց, անխափան պահեն այժմ և առյապայն, և այլևս փոխադարձ վէճս և խռովութիւնս չհանեն։ Հայերուն հետ Լատիններուն համար ալ նմանօրինակ հրովարտակ առնուած պիտի ըլլայ, որ Յոյներ՝ իրենք ալ ստանալու համար Գաղղիոյ դեսպանին դիմեցին, և խնդրանքնին կատարուեցաւ (ԱՍՏ. Բ. 53), որով վասն երից ազգաց համահաւասար հրովարտակներ՝ ապագային երաշխաւորութիւն և հաստատուն օրինագիրք նկատուեցան։ Այս կերպով Ս. Յակոբեանց մայրավանքին դէմ Յոյներուն յարուցած պահանջները հերքուեցան, միայն Յոյներէ յափշտակուած վիճակն Հապէշից կամ Եթովպացւոց՝ անոնց ձեռքը մնաց (ՉԱՄ. Գ. 824) Երուսաղէմի նոր պատմագիրը այդ նշանաւոր հրովարտակին թուականը նշանակել կը մոռնայ, որ 1740-ի հրովարտակի անունով ճանչցուած է։

« 1995. Լատինական Խնդիրներ   |   1997. Շղթայակիր Յերուսաղէմ »
© Gratun.org