Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

1997. Շղթայակիր Յերուսաղէմ

Ահա այսպէս վախճան եղև այս ահագին յուզմանց և խռովութեանց (ԱՍՏ. Բ. 54), և Կ. Պոլսոյ մէջ փակուեցան խնդիրները, բայց անդին Երուսաղէմի մէջ նոր վէճ մը բացուած էր Հայոց և Լատինաց մէջ, Իւղաբերից սեղանի և Բեթղեհէմի եկեղեցւոյն պատճառաւ, հարկաւ վերջնական լուրը առած չըլլալնուն համար։ Որովհետև երբոր լուրը Կ. Պոլիս եկաւ, անմիջապէս դեսպանին դիմում եղաւ, որ խստիւ գրեց իրեններուն հրովարտակներուն հիմամբ ընթանալ և վէճ չյարուցանել, և իր նամակը Շղթայակիրին յանձնեց, որ 1940 մայիս 6-ի նամակով զայն իր տեղապահ Գաբրիէլ վարդապետին ղրկեց, որ Լատիններուն յանձնէ և յուզմունքներ դադրեցան։ Շղթայակիր այդ նամակով բազում գովութիւնս գրեաց զդեսպանէն, և իրեններուն ալ խրատ և յորդորական բանս աւելցուց, որ սիրով հաշտեսցին և ջանան չտալ տեղի ատելութեան (ԱՍՏ. Բ. 60)։ Շղթայակիրի մեծ հոգածութեան նիւթ եղաւ նաև մաքրել այն պարտքերը, որոնց ներքև ինկաւ չորս տարի տևող խնդիրին պատճառաւ։ Ինքն արդէն այդ գործին վարժ, կրցաւ բարերարներու և բարեսէրներու զգացումները շարժել և պէտք եղած գումարը ճարել, որով կրցաւ համարձակ գրել, թէ զոր ինչ պարտք արարի ի Կոստանդնուպոլիս զբովանդակն հատուցի հանդերձ շահովն, և չմնաց պարտք ի վերայ աթոռոյն։ Սակայն ստիպուեցաւ այդ պատճառով Կ. Պոլիս մնալ Զատիկէն ետքն ալ, որ ապրիլ 6-ին կը հանդիպէր, և հազիւ օգոստոս 25-ին մեկնեցաւ ծովագնաց ճանապարհով։ Ռոտոսթոյի մէջ առաջնորդ Յովհաննէս վարդապետէ հիւրասիրուեցաւ և նուէրներ ալ հաւաքեց։ Տարտանէլի բերանը Պօղաղհիսարին առջև նաւերնին խրեցաւ և հազիւ ազատեցան։ Հռոդոս հանդիպելէ ետքը նաւերնին ջուր առնել սկսան, և չորս օր գիշեր ու ցերեկ պարպելու աշխատեցան։ Վերջապէս Խաչի բարեկենդանին կիրակամուտին սեպտեմբեր 6-ին, և ոչ 9-ին, Յոպպէ հասան, և Խաչվերացին օրը սեպտեմբեր 14-ին, և ոչ 15-ին, Երուսաղէմ մտաւ Շղթայակիրը ուղեկից ուխտաւորներով մէկտեղ, 4 տարի ու 4 ամիսէ աւելի բացակայութենէ ետքը (ԱՍՏ. Բ. 61), սակայն յաջող վերջաւորութեամբ։ Շղթայակիրի բացակայութեան միջոցին խնդիրներ պակաս եղած չէին Երուսաղէմի մէջ, սակայն Գաբրիէլ տեղապահ կրցած էր անվտանգ անցընել միջադէպները, և ամենայն ինչ կանոնաւոր յանձնեց պատրիարքին։ Շղթայակիր թէպէտ ծերացեալ, սակայն ձեռքէն չհանեց աթոռին գործերը, միայն իրեն օգնական և իբր ապագայ յաջորդ նշանակեց Թէոդորոս եպիսկոպոս Խորենացին, Տարոնի գաւառէն, ինչպէս կը գրէ Երուսաղէմի պատմագիրը ստոյգ աղբիւրներու հետևողութեամբ (ԱՍՏ. Բ. 75). և չ՚արդարանար ուրիշներուն գրածը, թէ պատրիարքութեան գործերը փոխանցեց ի ձեռս Յարութիւն վարդապետի, և վարէր կեանս իբր մենացեալ յաշխարհի (ՉԱՄ. Գ. 824)։

« 1996. Երուսաղէմի Խնդիրը   |   1998. Կոլոտի Մահը »
© Gratun.org