Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2009. Արծիւեան Կաթողիկոս

Արծիւեանի պաշտօնապէս կաթոլիկութեան յարիլը մինչև 1720 թուական կրնանք բարձրացնել, համաձայն նախատական երգի մը թուականին, որ գրուած է Սիմէոն վարդապետէ մը՝ հրամանաւ և հաւանութեամբ Հաճընցի Յովհաննէս կաթողիկոսին, ինչ որ կը ցուցնէ, թէ անհիմն են Հաճընցին կաթոլիկ կարծեցնելու համար հռոմէականաց ջանքերը (ԴԻԹ. 33)։ Աբրահամ կանուխէն սկսած էր գործնական գաղափարներ մշակել, Հայ կաթոլիկութեան ինքնուրոյն դիրք մը ստեղծելու, և սեփական կացութիւն հաստատելու համար։ Այդ մասին նախնական ներշնչումները ստացած էր իր իսկ վարդապետէն։ Թասպասեան Մելքոն եպիսկոպոսէն, որ առաջին անգամ այդ միտքը յղացած էր, զի ինքն լիցի առաջնորդ և պատրիարք ի վերայ իւրոց առանձինն (ՉԱՄ. Գ. 758)։ Հետևաբար թէպէտ այդ միտքին համար իրական ձեռնարկը Բերիա գալէն քիչ ետքը փորձեց, սակայն միտքը պէտք է կանուխէն պատրաստած ըսել։ Կ. Պոլիս անցնիլ, և այնտեղ պատրիարքութիւն մը կազմել հնար չէր, մանաւանդ Կոլոտի մը պատրիարքութեան և Նալեանի մը փոխանորդութեան օրով։ Ինքն Կիլիկիոյ կաթողիկոսական սահմանին մէջ կապրէր, և մտածեց Կիլիկիոյ կաթողիկոսութիւն մը կազմակերպել իր կամքով։ Բերիացիք արդէն վարժ էին հակաթոռներ տեսնել իրենց մէջ։ Դաւիթի և Ազարիայի ձեռնարկը նորոգած էր Պետրոս, և անոր հեռանալէ կամ մեռնելէ ետքը Բերիական հակաթոռութիւնը ընդհատուած էր, և Աբրահամ մտածեց այդ պարագայէն օգուտ քաղել, պատմական եղելութեանց մասին այլայլութիւններ խառնելով և կանոններու հակառակ կերպեր այդ գործածելով։ Առաջին յարմարցուցածը Կիլիկիոյ աթոռին ենթադրեալ պարապութիւնն է, իբր թէ Ղուկաս Աջապահեան 1740 նոյեմբեր 26-էն հինգ ամսօք վախճանեալ, և աթոռն թափուր մնացեալ ըլլար վասն չմիաբանութեան առաջնորդաց (ԱՂՔ. Ա. 15), ինչ որ իր ձեռնարկին ձև մը տալու պիտի ծառայէր (ԴԻԹ. 102)։ Մենք արդէն տապանագիրէ քաղելով ցուցուցինք Ղուկասի մահը 1737 դեկտեմբեր 3-ին, և անկէ առաջ իր յաջորդին Միքայէլի օծումը, և ասոր ալ 1740 նոյեմբերէ շատ կանուխ Կ. Պոլիսէ իր աթոռը եկած ըլլալը (§ 2008)։ Եթէ վասն չմիաբանութեան առաջնորդաց աթոռը թափուր մնացած էր, Աբրահամի հնար պիտի չըլլար իրեն կաթողիկոսութիւնը պատրաստել, քանի որ իրեն կամակից և գործակից ոչ մի առաջնորդ և ոչ մի եպիսկոպոս չունէր և չունեցաւ, ոչ Բերիոյ թեմերէն և ոչ Կիլիկիոյ վիճակներէն։ Ինքն միայն էր Հայ կաթողիկոսէ ձեռնադրուած եպիսկոպոս մը, այն ալ հակաթոռ կաթողիկոսէ մը։ Անօրինակ յանդգնութեամբ և Հայ եկեղեցւոյ մէջ չլսուած ժպրհութեամբ, առանց ժողովի և առանց օրինական ընտրուեան, և լոկ քանի մը աբեղաներ և քահանաներու համաձայնութեամբ կաթողիկոսութիւն կը հռչակէ, և երկու օտարածէս ընթերականներով և լատին եկեղեցւոյ մը մէջ 1740 մայիս 3-ին, շաբաթ օր, եպիսկոպոս կը ձեռնադրէ հայր Յակոբ Յովսէփեանը, իբր իրեն յաջորդ Բերիոյ վրայ։ Անկէ ետքը իր ձեռնադրածին և օտարածէսի մը ընկերակցութեամբ յունիս 11-ին, չորեքշաբթի օր, կը ձեռնադրէ հայր Իսահակ Բարսեղեանը, իբր Քիլիսի եպիսկոպոս, և վերջէն նոյեմբեր 23-ին, կիրակի օր, իր երկու ձեռնադրածներով, կը ձեռնադրէ Մելքոն Թուխմանեան վարդապետը, իբր Մամպտոյ եպիսկոպոս։ Այսպէս կաթողիկոսանալու պէտք տեսած եպիսկոպոսները ինքն իրեն պատրաստելով, 1740 նոյեմբեր 26-ին, չորեքշաբթի օր, երեք եպիսկոպոսներով իր օծման և կաթողիկոացման ծիսակատարութիւնները կը լրացնէ (ԱՂՔ. Ա. 15, ԴԻԹ. 87), ինչպէս կը յայտնուի ձեռնադրեցին զիս կաթողիկոս գրելէն (ՄԽԻ. 463)։ Ասոնք են պատմական, և բաւական են գործին ապօրինութիւնը հաստատել։

« 2008. Անտոնեանք և Բերիա   |   2010. Արծիւեան Ի Հռոմ »
© Gratun.org