Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2015. Արծիւեան Ի Լիբանան

Աբրահամ վերջապէս Հռոմէ մեկնեցաւ 1743 յուլիս 11-ին, և 18-ին Լիվօռնօ հասաւ (ՄԽԻ. 467), և միջոց մըն ալ այն տեղ մնաց, զի ինչպէս օգոստոս 7-ին Մխիթարին կը գրէ, նաւ չէր գտներ գնով յուրեք, և ինչ ընելիքին վրայ ալ վարանօտ էր, Լիբանա՞ն թէ Կոստանդնուպոլի՞ս կամ թէ Գաղղիա՞ երթալ (ՄԽԻ. 467)։ Մխիթար օգոստոս 17-ին կը պատասխանէ, հեռացնելով Կ. Պոլիս երթալու գաղափարէն, և աւելի յորդորելով Գաղղիա երթալը, ևթագաւորէն նպաստ և պաշտպանութիւն ճարել Կիլիկիոյ համար (ՄԽԻ. 469)։ Բայց Աբրահամ միշտ մտադիր էր Կ. Պոլիս անցնիլ, և հոն յատուկ պատրիարքութիւն մը կազմակերպել, Թասպասեանի հին խորհուրդին համաձայն (§ 2010)։ Սակայն Կ. Պոլիսէ ալ վստահելի լուրեր չէր առներ, զի իր ձեռնարկը յուզում յառաջ բերած էր, և իր հակաթոռ և հակադաւան ձգտումները պատրիարքարանը պաշտպանողական միջոցներու պարտաւորած էին։ Նալեան պատրիարքի միջնորդութեամբ նոր հրովարտակներ ստացուած էին, օտարներու ապաւինելով ազգային իշխանութեանց անսաստողներուն դէմ, և Միքայէլ Աջապահեան կաթողիկոսը երիցս Բերիա ինջած էր պարտուպատշաճը գործադրելու, և խռովութեանց պարագլուխները զսպելու։ Ասանկներու համար պետական հրաման կար Ատանայի բերդը բանտարկելու, և Յակոբ եպիսկոպոսն ալ նախ պահուըտելու և յետոյ Քրէյմ քաշուելու ստիպուած էր (ԱՆՏ. ), և կաթոլիկներու ձեռք ձգած եկեղեցին ալ իրենցմէ ետ առնուած էր (ԴԻԹ. 119)։ Աբրահամ նոր դիմում ըրած էր Բենեդիկտոսի որ իրեն տուած յանձնարարականներէն զատ, նոր հրահանգներ տայ Կ. Պոլսոյ եւրոպական դեսպաններուն՝ զինքն պաշտպանել և իրեն պաշտօնական դնրքը ստեղծել տալ. սակայն պապը 1743 օգոստոս 10 թուակիր նամակով, խոստումներ միայն կ՚ընէր և նախախնամութեան վրայ յոյսը դնելու կը յորդորէր (ԴԻԹ. 135)։ Կարդինալներէ առած նամակներն ալ զգուշաւորութիւն կը յանձնարարէին, միանգամայն հայը Գրիգոր Ներսէսեանի նամակէն կը տեղեկանար թէ կառավարութիւնը ամէն կողմ հրամաններ տուած է, որ ուր և հանդիպի ձերբակալուին, և Ատանայի բերդը տարուի (ԴԻԹ. 134)։ Այդ տպաւորութեանց ներքև օգոստոս 10-ին Լիվօռնոյէ մեկնեցաւ, սեպտեմբեր 15-ին Աղեքսանդրիա հասաւ, և հազիւ ցամաք ելած, ձեռք իյնալէ վախեցաւ, ևգիշերախառն նաւ դառնալով, Պէյրութ եկաւ, և հոն ալ զգուշաւորութեամբ ցամաք ելլալով շուտով Լիբանանի սահմանը մտաւ, և եկաւ իր հնօրեայ ապաստանարանը, Անտոնեանց Քրէյմի վանքը, ուր մտաւ 1743 հոկտեմբեր 6-ին (ԴԻԹ. 139), ուսկից վերջին անգամ մեկնած էր երկու տարի առաջ 1741 սեպտեմբեր 30-ին (§ 2011)։ Այդ ուղևորութեան մէջ ալ Աբրահամ Անտոնեաններէ օժանդակուած էր, իրեն ուղեկից առնելով Իսահակ եպիսկոպոսը և հայր Նիկողայոս Միրոյեանը, որոնցմէ երկրորդը Լիվօռնո մնաց, իսկ եպիսկոպոսը մէկտեղ դարձաւ, և Եգիպտոսէ ալ իրեն ընկերացաւ հայր Յովսէփ Ստեփանեան կամ Այվազեան, ամէնքն ալ Անտոնեան միաբաններ։

« 2014. Ինչ Ինչ Դիտողութիւն   |   2016. Արծիւեանի Ձգտումները »
© Gratun.org