Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2016. Արծիւեանի Ձգտումները

Որչափ ալ ահուդողով Լիբանան փախած, Աբրահամ հրաժարած չէր Կ. Պոլսոյ մէջ Հայ-կաթոլիկ պատրիարքարան մը հիմնելու գաղափարէն, և Թուրքիոյ ամէն կողմ գտնուող կաթոլիկներու վրայ իշխանութիւն բանեցնելու ձգտումէն, թէպէտև պապական կոնդակով ալ լոկ Կիլիկիոյ սահմանները նշանակած էին իրեն իրաւասութեան։ Իր Լիբանան քաշուելովը իրեն մասին հրամայուած զգուշաւորութիւնները լռեցին, և հազիւ թէ այդ բանը իմացաւ հայր Գրիգոր Ներսէսեանի և հայր Պօղոս Սամանճանի նամակներէն, Կ. Պոլիս երթալու փափաքը նորոգուեցաւ։ Ըստ այսմ 1744 նոյեմբերին Պէյրութ կ՚իջնէ նաւ փնտռել, և առաջին առիթով Աղեքսանդրիա կ՚անցնի։ Հարկաւ շատ կանուխէն Կ. Պոլիս ալ լուր տուած պիտի ըլլայ, որ Գաղղիական դեսպանը և Լատին եպիսկոպոսը կը փութան անգելել անոր ուղևորութիւնը, և լուր կը հասցնեն Աղեքսանդրիա որ Կ. Պոլիս չգայ։ Հարկաւ անոնք ալ կը նախատեսեն յանդուգն ձեռնարկին դժբախտ ելքը, և իրենց ալ պետական օրէնքներու հակառակ յաջողելուն անհնարութիւնը (ԴԻԹ. 141)։ Սակայն ուրիշներ Լատին քարոզիչներու ագահութեան, և Լատին եպիսկոպոսին շահախնդրութեան կը վերագրեն այդ քայլը, որոնց նիւթական օգուտները պիտի վտանգուէին, եթէ Հայ-կաթոլիկներ Լատին եկեղեցիներէ հեռանալով իրենց յատուկ եկեղեցիներն ու նուիրապետութիւնը ունենային (ԴԻԹ. 126)։ Լատին եպիսկոպոսին նամկը 1744 ապրիլ 30-ին գրուած էր (ԴԻԹ. 143), բայց Աբրահամ զայն Աղեքսանդրիոյ մէջ առաւ, և ստիպուեցաւ համակերպիլ ու ետ դառնալ։ Նաւով Աքիա ելաւ, և Դամասկոսէ անցնելով նորէն Քրէյմի վանքը ապաւինեցաւ 1745-ին սկիզբները, ուսկից այլ ևս չհեռացաւ, ինքն ալ հարկաւ համոզուելով իր ձգտումներուն անգործադրելիութեան վրայ։ Երբոր Աբրահամ այլ ևս հանդարտօրէն տեղաւորուեցաւ Քրէյմի վանքը, Անտոնեանք չհրաժարեցան Արևմուտք անցնելու գաղափարէն, որուն հետևանքն եղած էր Մխիթարեանց հետ ձուլուելու խորհուրդը (§ 2011)։ Մխիթարի մերժումի վրայ իրենք իւրովի փոխադրուելու ծրագիրը կազմեցին, և 1746-ի ժողովին, որուն մէջ հայր Յովսէփ Այվազեան աբբահայր ընտրուեցաւ, որոշեցին նաև Հռոմի մէջ վանք մը ունենալու, և առ այս պէտք եղած նախապատրաստութեանց համար հայր Գրիգոր Ներսէսեանի և հայր Պօղոս Սամանճեանի պաշտօնը տրուեցաւ Հռոմ ուղևորիլ։ Ասոնք նորէն Կ. Պոլիս մեկնեցան, բայց այս անգամ Հռոմ անցնելու միջոցներ և դիւրութիւններ չգտան (ԱՆՏ. )։ Քիչ մը աւելի երկարեցինք կաթոլիկական գործունէութեան վրայ, ուզելով անոր մասին որոշ գաղափար մը տալ։

« 2015. Արծիւեան Ի Լիբանան   |   2017. Նալեանի Ընթացքը »
© Gratun.org