Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2018. Աղթամարի Գործեր

Աղթամարի աթոռին վրայ ալ Պաղտասար Բաղիշեցիէ ետքը (§ 1963) կը յիշուին Սահակ Աղբակեցի, և Յակոբ Ամդեցի, և Նիկողայոս Սպարկերտցի, որ 1740-ին գրուած յիշատակարանի մէջ յիշուած է (00. ԲԻԶ. 1119), թէպէտ ուրիշ տեղ 1743-ին կաթողիկոս եղած կ՚ըսուի, իր նախորդին գահընկէցութեամբ վասն անյարմար կացութեանն, և զի զաթոռն ի սպառ անշքացոյց, զեկեղեցական միաբանսն ցրուեաց, և զկնաւոր աշխարհականս բնակեցոյց ի վանաքն (ՋԱՄ. 95)։ Նիկողայոս ալ նորոգեց վիճակներ գրաւելու փորձը, և Աղէքսանդր աբեղայի մը ձեռքով Օսմանեան կառավարութենէ հրովարտակ կը հանէ, Վան, Բաղէշ, Մուշ և շրջակայ վիճակներ իւրացնելու, և անոր զօրութեամբ Էջմիածինի նուիրակ Յովհաննէս վարդապետն ալ կը վտարէ, հաւաքած արդիւնքն ալ ձեռքէն առնելով։ Ջահկեցիին բողոքելուն վրայ՝ հակառակ հրովարտակ մը կը ստանայ Նալեան 1746-ին, և ոչ միայն վիճակները այլև արդիւնքները ետ կառնեն Նիկողայոսէ, և Ջահկեցին զՆիկողայոսն ևս բանադրէ։ Ասոր վրայ Աղթամարի վիճակայինք կը յուզուին, և բոլոր վիճակօք, վանակնօք և աշխարհականօք, Նիկողայոսը Էջմիածին կը ղրկեն արձակում ստանալու, խոստանալով այնուհետև կաթողիկոսօք և վիճակօք ի հնազանդութեան սրբոյ Էջմիածնի մնալ։ Ջահկեցին կը զիջանի, Նիկողայոսը կարձակէ և աթոռին կը դարձնէ, հրամայելով ու անկէ ետքը իրենք զայլ ոք մի դնիցեն, այլ ընտրեալը ի սուրբ աթոռն առաքեսցեն զի օծցի։ Նիկողայոս յետ ամաց ինչ կը մեռնի, և Աղթամարցիք նորէն ինքնագլուխ կընտրեն յաջորդը, Գրիգոր մը, բայց Ջահկեցիին յաջորդներ, պաշարեցեալք ի խառնակմանց ժամանակին մտադրութիւն չեն դարձներ, մինչև Գրիգորի մահը 1761-ին (ՋԱՄ. 96)։

« 2017. Նալեանի Ընթացքը   |   2019. Աղուանից Աթոռը »
© Gratun.org