Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2020. Ասպահանի Աթոռը

Պարսկաստանի աթոռին, կամ Ասպահանի մետրոպոլտութեան և Ամենափրկչի առաջնորդութեան վրայ՝ վերջին անգամ յիշեցինք Դաւիթ Ջուղայեցին (§ 1943), ճգնազգեաց անձ մը, որ բոլոր իր մտադրութիւնը դարձուցած էր եկեղեցական պաշտամանց մասին։ Իրմէ գրուած կանոններուն մէջ կը յիշուին, 1. Պատարագի օրեր երեք Ողորմեա ըսել, և մէկ հատով չշատնալ։ 2. Գիշերային ժամին անխափան ներկայ գտնուիլ։ 3. Քահանաներ միշտ ընկեր քահանայով ժողովուրդի տուները երթալ։ 4. Քահանաներ շուկայ չելլայ և խանութները չնստիլ։ 5. Եկեղեցականներ ջաշխուր չհագնիլ։ 6. Հրաժարիմք, Խոստովանիմ և Մեղայ աղօթքները զանց չընել։ 7. Պահք թէ ուտիք ամէն լուր օրեր անպակաս Արևագալի ըսել։ 8. Եկեղեցականներ քթախոտ չգործածել (ՏՅՈ. Բ. 53-55)։ Այդ կանոնները բաւական են Դաւիթին անձնաւորութիւնը նկարագրել։ Իրեն պաշտօնը տևած է 3 տարի, և 1728 դեկտեմբեր 18-ին վախճանելով իրեն յաջորդած է Աստուածատուր Ֆահրապատցի եպիսկոպոսը, մականունեալ Աղաւնի, հեզամիտ և խաղաղասէր անձ մը, որ մինչև1745 յունուար 17 ապրած է (ՏՅՈ. Բ. 58), և բարի անուն թողած է ետևէն։ Անոր յաջորդն է Պօղոս Ջուղայեցին։ Այսչափս համառօտիւ զանազան աթոռներու վրայ խօսելէ ետքը, անցնինք Մայրաթոռին, զոր պահ մը աչքէ հեռացուցինք։

« 2019. Աղուանից Աթոռը   |   2021. Նատիրի Ընթացքը »
© Gratun.org