Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2023. Քիւթիւր և Քարաքաշ

Ղազար հազիւ իր դիրքը գտած, կը սկսի Քիւթիւրին և Քարաքաշին վրայ բռնանալ, հիմնուելով այն քսութեան վրայ, զոր տեղակալ Միքայէլ և գործակալ Յովհաննէս հնարած էին (§ 2022)։ Ջահկեցին կը խորհէր ընկճել և ստորնացնել այդ երկու վարդապետները, որոնց դիրքն ու արժանիքը իրեն փուչ եղած էին, և կերպով մը սանձ կը դնէին իր յախուռն բերմունքներուն։ Ոչ միայն իրեն դէմ գրած ըլլալնուն բարուրանքը, այլ և իրեն նկատմամբ տարիներ առաջ ամէն մը ըսածնին կամ ըրածնին՝ ամբաստանութեան նիւթ կազմելով, հարցուփորձերու սկսաւ, հարուածներով խառն, և մինչև իսկ իբրև քաղաքական յանցաւորներ Թավրէզի իշխանապետութեան մատնել սպառնացաւ։ Երկու վարդապետներուն համարձակ պատասխանները և իրեն ստութիւնները մէջտեղ դնելը՝ Ղազարը աւելի զայրացուցին, որ երկուքն ալ ֆալախայի հարուածներուն ենթարկեց, ուշաթափ ընել տալու չափ, և շղթայակապ բանտարկել տուաւ։ Երեսուն օր մնացին այնտեղ անխնամ, հազիւ ոգեպահիկով, և տանջանքներու սպառնալիքով, և չկրցան ելլել, բայց եթէ բռնի պարտամուրհակներ ստորագրելով։ Բայց այն ատեն ալ իրենց կնքուած սենեակները կողոպտուեցան, և իրենք ալ արգելական պահուեցան յիսուն օր ևս (ՉԱՄ. Գ. 830)։ Ղազարի ատելութիւնը աւելի սաստիկ էր Քիւթիւրին վրայ, անդստին ընտրութեան միջոցին իրեն հակառակ եղած ըլլալէն (§ 1991), ուստի Քիւթիւր փութաց Կարս փախչիլ, իսկ Ղազար անոր փոքրաւորներունև աբեղաներուն վրայ թափեց իր զայրոյթը։ Բայց երբ օգուտ մը չքաղեց, նենգութեան դիմեց, և ամէն բան ետ դարձնելու և աւելի ալ բարձրացնելու հրապուրիչ խոստումներով Քիւթիւրը համոզեց ետ գալ։ Բայց իսկոյն արգելական պահեց զայն սենեակի մը մէջ բանտարկուած, և զայն ու փոքրաւորն ալ նեղեց ու տանջեց, որ պահծու եղածները յայտնեն, և ոչ իսկ ներեց սենեակէն ելնել զատկին օրը, 1746 մարտ 30-ին։ Զատկին չորրորդ օրը, ապրիլ 2-ին, կաթողիկոսարանի բարապանները, Քիւթիւրը շապիկով մը կը մերկացնեն, և գետին տարածելով գլուխն ու մորուքը կը զերծեն, և մաշկեայ հանդերձ մի գարշահոտ վրան նետելով Սևան կը տանին, և ապրիլ 6-ին մութ նկուղ մը կը բանտարկեն, օրական չորցած հաց մը միայն տալու պայմանով, և բանտը երկու պահապաններու կը յանձնեն (ՉԱՄ. Գ. 832)։ Վեց ամիս մնաց Քիւթիւր այդ վիճակին մէջ, և հազիւ 1746 սեպտեմբերին ատենները Սևանի միաբաններու միջնորդութեամբ շղթաները քակելու, և վանքին մէջ ազատ շրջելու հրամանը առնուեցաւ Ղազարէ։ Քիւթիւր վերջին յուսահատութեան մատնուած, ալեկոծութեան պահուն և առանց թիակի լքուած նաւակով մը յաջողեցաւ ցամաք ելնել, և յանծանօթս ու տեսակ տեսակ դժուարութիւններով կրցաւ Կարս հասնիլ և անկէ ալ առանց ճանչցուելու Կարին երթալ։ Ղազար զայն իմանալով փորձեց Երևանի Պարսիկ կուսակալին ձեռքով և առատ կաշառքներով Քիւթիւրը ձերբակալել ու բերել տալ, սակայն Կարնոյ կուսակալը պինդ կեցաւ, և չյանձնեց անձ մը որ ապաւինեալ էր յերկիր իշխանութեան Օսմանցւոց և Քիւթիւրը յորդորեց Կ. Պոլիս երթալ, և հոն իր գործերը կարգադրել (ՉԱՄ. Գ. 834)։

« 2022. Ջահկեցին և Ագուլեցին   |   2024. Ջահկեցին Փախստական »
© Gratun.org