Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2024. Ջահկեցին Փախստական

Քիւթիւրին Կ. Պոլիս հասնիլը կիյնայ 1747-ին սկիզբները և յայտնի է թէ ինչ պիտի ըլլային անոր պատմածները մայրաքաղաքին եկեղեցականներուն և մեծամեծներուն առջև։ Քիւթիւրին հեռանալովն ալ Էջմիածին հանդարտութիւն չի գտաւ, զի Ղազար շարունակ նորանոր գրգռութիւններ կը յուզէր իր վարմունքովը։ Քարաքաշ յիշուիր այդ միջոցին, և կերևի թէ կողմ մը քաշուած էր, իսկ Ղազար իր ատելութիւնը դարձուցած էր Յակոբ Շամախեցի և Յովհաննէս Շիրաճի վարդապետներուն վրայ (ՉԱՄ. Գ. 839), թէպէտ վերջինը Քիւթիւրի և Քարաքաշի դէմ քսութիւններ յորինողն էր (§ 2023)։ Ղազար վանքէ դուրս ալ ազգային մեծամեծներուն վրայ կը բռնանար, և գլխաւորապէս իրեն դէմ գրգռուած էին Յարովէն և Խաչիպապ, Երևանի հասարակութեան գլխաւորները, առաջինը քալանդար՝ որ է ազգապետ, և երկրորդը մելիք՝ որ է գործակալ։ Սոյն միջոցին Պարսից տէրութիւնն ալ անիշխանութեան մատնուած էր։ Նատիր շահ իմանալով Պարսիկ մեծամեծներուն իրեն դէմ ըլլալը, կը պատրաստուէր Աֆղաններու ձեռքով անոնք կոտորել, երբ ասոնք կանխեցին և զինքն սպաննեցին 1747-ին։ Ասոր վրայ իրեններ ժառանգութիւնը իրարմէ յափշտակելու կը մրցէին, Ալի-Ատիլ երբորորդին Թավրէզի, և Շահռուհ թոռը Մէշէթի մէջ թագաւորեցին, և իրենց ազգականները սպաննել տալով, և զիարար տապալելով կուզէին զօրանալ։ Լոռիստանի իշխան Ալի-Մէրտան ալ՝ Սօֆիներու ցեղէն Իսմայէլ անունով ութը տարեկան տղայ մը շահ հռչակել տալով, անոր անունով կը տիրապետէ Արևմտեան գաւառները։ Ուրիշ նահանգներու մէջ ալ կողմնակալներ մէկ մէկ փոքրիկ վեհապետներու ձև առած էին (ՏՊԷ. 366)։ Ղազար կարծելով պարագայէն օգտուիլ, Յարովէնին և Խաչիպապին սպառնացաւ տէրութեան մատնել, որուն վրայ ասոնք կանխեցին զինքն մատնել Ալի-Ատիլ, որ Հայկական գակւառներու վրայ կիշխէր, թէ Կարին փախած Մանուչար Հայ իշխանին 4000 թուման դրամները Ղազարի մօտ աւանդ են։ Ղազար թագաւորէն կանչուեցաւ, և աւանդը իրմէ պահանջուեցաւ, 1500 թուման ալ տուգանքի յաւելուածով։ Ղազար անճար մնալով զայն վճարել, աթոռին թանկագին իրերէն մաս մը վաճառելով և հարկապահանջները կաշառելով, հնարեցաւ Կարին Փախչիլ, մտածելով այնտեղ հայրապետանոց հաստատել, որուն չհաւանեցան Կարնեցիները։ Ղազար բռնի կերպով իր նկատմամբ գոհականութեան գիրեր ստորագրել տալով Կ. Պոլիս և Տաճկաստանի ուրիշ կողմեր ղրկած էր, սակայն միաբաններ ճշմարտութիւնը յայտնող գիրեր հասուցած էին, և Կ. Պոլսոյ ամբողջ Հայութիւնը, Նալեան պատրիարքին առաջնորդութեամբ, Էջմիածինի մէջ կարգ ու սարք հաստատելու և անտեղութեանց հնմնական դարման տանելու պէտքը զգացեր էին։ Անշուշտ Ղազարի բռնազբօսիկ ազդեցութիւն պիտի չկարենային գործել, քանի որ Քիւթիւր ականատես վկայ և անձամբ փորձառու՝ Կ. Պոլիս կը գտնուէր։ Ղազարի Էջմիածինը թողլով Կարին փախչիլը և այնտեղ հաստատուիլ ուզելը, արմատական միջոցներու պէտքը զգացուցին, և պատրիարքարանով ու ժողովուրդով որոշում տրուեցաւ, որ Պետրոս Քիւթիւս ու Սահակ Ահագին վարդապետներ Էջմիածին դառնան, և միաբանութեան հետ պատշաճը մտածեն, և մինչև իսկ Ղազարը փախած նկատելով, նոր կաթողիկոս մը ընտրեն և նստեցնեն (ՉԱՄ. Գ. 839)։

« 2023. Քիւթիւր և Քարաքաշ   |   2025. Քիւթիւր Կաթողիկոս »
© Gratun.org