Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2025. Քիւթիւր Կաթողիկոս

Երբոր Ղազար Էջմիածինէ խոյս տուաւ, պետական հարկահանները Մայրաթոռ եկան և միաբանները նեղեցին ու տանջեցին Ղազարին պարտքին համար, և երբոր ուրիշ կերպով արդիւնք չունեցան, եկեղեցական ինչքերը և զարդերը գրաւեցին (ՉԱՄ. Գ. 838), և վեց ձիաբեռ ապրանք թագաւորին տարին։ Սակայն միաբաններ աղաչաւորներ և հիրեր հասուցին, թէ պարտքը վանքին և աթոռին չէ, այլ Ղազարին անձնապէս ստացած աւանդի մը երեսէն։ Թագաւորը իրաւունք տուաւ միաբաններուն, հարկահան ալ պատժեց ըսելով թէ զդրամս Ղազարու պահանջեմ և ոչ զանօթս վանացն, ու ապրանքներ ետ դարձուց, և Ղազարին մասին կարգադրութիւնը միաբանութեան թողուց (ՇԱՀ. Ա. 228)։ Երբոր հարկահանները ապրանքներով մեկնեցան, Ղազար այդ լուրին վրայ պարտքը վճարուած սեպելով, Էջմիածին դարձած էր, որ ատեն Կ. Պոլիսէ ղրկուած վարդապետներն ալ հասան։ Որպէսզի իր տապալման առջևն առնէ, անոնց վրայ ամբաստանագիրներ մատոյց, թէ Կ. Պոլիսէ եկած լրտեսք են և թէ ինքն Պարսից պետութեան հաւատարիմ է։ Սակայն Ղազարի անձը կասկածաւոր եղած և անունը կոտրած էր Պարսից կառավարութեան առջև, և ամբաստանութեան ականջ չկախուեցաւ, այլ Թավրէզէ հրահանգ տրուեցաւ Երևանի կուսակալութեան, որ միաբանութիւնը հարցաքննէ, և զօր ընտրեսցին նոքա, նա լիցի նոցա կաթողիկոս (ՉԱՄ. Գ. 838)։ Կուսակալը Երևանի մէջ ատեն կազմեց, Ղազար ալ հոն կոչուեցաւ, միաբանութեան գլխաւորներն ալ ներկայացան։ Քիւթիւր և Ահագին Տաճկաստանցոց կողմէ խօսեցան, և Ղազար պարտաւորուեցաւ, և պետական հրամանով պաշտօնանկ հռչակուեցաւ, և Սևան կղզին աքսորուեցաւ, ուր ինքն Քիւթիւր բանտարկած էր (§ 2023) և միաբանութեան հրաման տրուեցաւ Էջմիածին դառնալ և ընտրութիւն կատարել (ՉԱՄ. Գ. 840)։ Պահ մը ուզուեցաւ Սահակ Ահագին, Կոլոտի աշակերտութենէն, կաթողիկոսութեան բարձրացնել իբրև Էջմիածինի խռովութիւններէն անմասն մէկ մը, բայց նա յանձնառու չեղաւ, և Քիւրթիւր յառաջ կոչեցին անոր ալ դժկամութեան յաղթելու համար խոստացան պաշտպան լինել նմա յամենայն ի վտանգս և այսպէս Պետրոս Այնթափցի, Մականունեալ Քիւթիւր, կաթողիկոս օծուեցաւ մայրտաճարին մէջ 1748-ին ամսաթիւը անորոշ։ Միաբանութիւնը իր գործին արդարացումը ապացուցանելու համար, ընդարձակ գրութիւն մը պատրաստեց, որուն մէջ բացատրեց զամենայն յանցանս Ղազարու, և զայն ի բազում պատճէնս ցրուեց ամէն գլխաւոր վիճակներ։ Այդ գիրին ստորագրած էին 21 եպիսկոպոսներ և 19 վարդապետներ, և 1748 մայիս 20 թուական կը կրէր։ Նկատելով որ այդ գիրը ամէն գործ վերջացնելէն ետքը գրուեցաւ, Կարնոյ և Զմիւռնիոյ մէջ Ղազարու համակիրներուն ալ միտքը հանդարտեցնելու համար, և օծումը անկէ առաջ տեղի ունեցած էր (ՉԱՄ. Գ. 841), իդէպ է զատիկին մոտիկ կիրակիներէն մէկուն դնել օծման ամսաթիւը։ Զատիկը այն տարին ապրիլ 10-ին հանդիպած էր։

« 2024. Ջահկեցին Փախստական   |   2026. Կանոնական Դիտողութիւն »
© Gratun.org