Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2029. Պրոխորանի Շփոթը

Պետրոսի տապալուելուն 1749 տարին, Կ. Պոլսոյ մէջ ալ իր արձագանքն ունեցաւ։ Պատրիարքութեան աթոռին շուրջը դադարած էին մրցակիցներու պայքարները, և Կոլոտի 25 տարի անընդհատ պաշտօնավարութենէն յետոյ 8 տարի էր, որ Նալեան ալ պատրիարքութիւնը կը վարէր, երբ յանկարծ պարզ երկինքի վրայ գոռացող որոտումի պէս պատրիարքական աթոռը յափշտակող մը երևցաւ։ Խնդիր և վէճ չկար հրապարակի վրայ, պատրիարքի դէմ դժգոհութիւններ բարձրացած չէին, միայն Յակոբ պատրիարքէն վասն եղեռնագործութեանց իւրեանց յանդիմանեցեալ քանի մը ազդեցիկ չար իշխանք կային, որոնք ուզեցին պատրիարքէն վրէժ լուծել։ Իրենց կամակից դատն Երուսաղէմի միաբան, և քիչ առաջ անկէ եկած, Պրոխորոն վարդապետ մը Սիլիստրեցի, կամ ըստ այլոց Ռուսճուքցի, թագնաբար և կապալաւ անոր անունին հրովարտակ հանեցին, և 1749 մարտ 26, զատկի օրը (ՍՐԳ), բազմութեամբ արքունի սպասաւորաց Մայր եկեղեցին բերին, երբ տակաւին եկեղեցին լեցուն էր, և Նալեան պատրիարք ալ այնտեղ։ Ժողովուրդը և մեծամեծներու մեծամասնութիւնը, անցուդարձէն անգիտակ, զայրացմամբ դիմադրեցին, և Պրոխորոնը ներս առնել չուզեցին, սակայն արքունի բարապաններ և զինուորականներ բռնութեամբ ներս տարին, իսկ Նալեան խոհեմութիւն սեպեց խոյս տալ, և ապաւինիլ Սահաթճի Եուսուֆ ծանօթի մը տունը (ՉԱՄ. Գ. 862), որ նախահայրն է այժմեան Եուսուֆանց բազմաճիւղ գերդաստանին։ Միւս օր մարտ 27, զատկի մեռելոցին առտուն, ժամերգութեան միջոցին Պրոխորոն եկեղեցի կիջնէ, և իբր ասացին զԿեցո տէրըն, ժողովուրդին կը դառնայ խոսելու և ծանուցում ընելու միտքով։ Բայց դեռ բերանը չբացած, ժողովուրդէն մէկ մը, ուրուն համար վկայեցին գալ Պօղաշանի մը, պոռաց չենք ուզեր զՅակոբ պատրիարքն կուզենք, և ժողովուրդը բոլոր մէկ բերան, նոյն աղաղակը կը կրկնէ, և Պրոխորոնին վրան կը խուժէ։ Յանկարծ բացեալ եղև դուռնն պահարանին, և ելնին անտի եէնիչէրիք և չուխատարք բաւական թուոով, որոնցմէ ոմանք Պռոխորոնը ի պատրիարքարանն տարին, և ուրիշներ բիբերով և մահակներով ժողովուրդին վրայ յարձակեցան, և անխնայ կերպով հարուածեցին մինչև իսկ ոմանց գլուխքն պատառեալ էր, և ոմանց թևքն խախտեալ, և խուճապին մէջ սկսան թօթափել ի վերայ միմեանց, այնպիսի ողորմելի վիճակ մը, որ ականատեսը կը գոչէ, թէ բազմագութն Տէր այլ մի ևս ցոյց տացէ (ՍՐԳ. )։ Այդ խառնաշփոթութեան վրայ գործը կառավարութեան և մինչև իսկ սուլտան Մահմուտին ելաւ, ազգին կամքին հակառակ ոմանց բանսարկութեան արդիւնք ըլլալն իմացուեցաւ պատճառ եղողներ պատժուեցան (ՉԱՄ. Գ. 863), և Պռոխորոնն ալ ապրիլ 2-ին նոր կիարկի օր, իջուեցան ի Կէօմրիւկի առջևէն ի նաւ իմն, և Սամսոն ղրկեցին բերդագրել բանտարկութեան (ՍՐԳ. )։ Երբոր նոր պատրիարք ընտրելու հրամանը եկաւ, Նալեան այլևս յանձնառու չեղաւ, և միաձայն հաւանութեամբ պատրիարք ընտրուեցաւ, Մինաս Վարդապետ Ակնեցի, Գլակայ Ս. Կարապետի առաջնորդ, որ այդ օրեր Կարին կը գտնուէր, և մինչև որ Կ. Պոլիս հասնի, տեղակալ նշանակուեցաւ Յարութիւն վարդապետ Պալաթցի, Կոլոտի աշակերտներէն (ՉԱՄ. Գ. 863), որ պէտք է ըլլայ աշակերտաց ցուցակին սկիզբը Հեզահոգի մականուամբ նշանակուածը (ԿՈԼ. 70), զոր և խիլայեցին ի փաշայի դուռնն, ի նոյնում շաբաթի օրն (ՍՐԳ. ), այսինքն 1749 ապրիլ 8-ին։ Իսկ Նալեան Կ. Պոլիս չմնաց, և Պրուսայի առաջնորդութիւնը ստանձնելով, փութաց երթալ իր պաշտոնատեղին։ Որոշակի չունինք թէ որ օր Մինաս եկաւ և աթոռը նստաւ, բայց մերձաւոր հաշուով հազիւ մայիսի վերջերը Կ. Պոլիս հասած կըլլայ։

« 2028. Քիւթիւր Տապալուած   |   2030. Մխիթարի Մահը »
© Gratun.org