Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Մինաս Ա. Ակնեցի

2035. Ընտրութեան Պարագաներ

Մինասը յիշեցինք երբ Նալեանի տեղ Կ. Պոլսոյ պատրիարքութեան կոչուեցաւ (§ 2029), և անկէ առաջ Մշոյ Ս. Կարապետի առաջնորդ եղած ըլլալը գիտենք, բայց աւելի կանուխ նախընթացին ինչ ըլլալը չենք գիտեր։ Նկատելով որ բաւական ծեր կը ներկայացուի բարձր աթոռներ ելած ատենը, անհաւանական չէր ըլլար նոյնիսկ Աբրահամ Խոշաբեցիի յաջորդ եղած կարծել Գլակի մէջ, երբոր նա 1730-ին կաթողիկոս կըտրուէր (§ 1965), որով սա ալ Ամտոլցի Վարդանի կրտսերագոյն աշակերտներէն եղած կըլլայ։ Մինաս 1749 գարունէն մինչև 1751 գարուն երկու տարի պատրիարքութիւն վարած էր, առանց շփոթի մը տեղի տալու, թէպէտև առանց յատուկ և նշանաւոր արդիւնաւորութիւն մըն ալ ցուցնելու, որ եթէ մեծ գործունէութեան նշան չէ, խոհական և կանոնաւոր անձնաւորութեան նկարագիրը կը ցուցնէ։ Այդ համբաւը հարկաւ յորդորեց Էջմիածնի միաբանները որ Կ. Պոլսոյ պատրիարքը իրենց կաթողիկոս ուզեն, և Տաճկահայեր ալ շուտով համաձայն են իրենց ճանչցած խոհական անձ մը Մայրաթոռի վրայ տեսնել, որ կարող էր դարմանել և բուժել այն պառակտումները ու թշնամութիւնները, զորս ցանած և աճեցուցած էր Ջահկեցիին բուռն և կրքոտ վարչութիւնը։ Նկատելի է որ վերջին կաթողիկոսներ, Էջմիածինի Օսմանեանց տէրութեան ներքև իյնալէն ի վեր, Տաճկահայութեան կողմէ կառնուին, թէպէտև Էջմիածին և Երևանի նահանգը Պարսից իշխանութեան ներքև անցած էին։ Ասոր ներքին պատճառը պէտք է տեսնել Պարսկահայոց ինկած և նուազած վիճակին մէջ, որ եթէ առաջ իբրև ազդեցիկ տարր իրենց հաճութեամբ կը տնօրինէին Մայրաթոռի բախտը և Ջուղայեցինք կը բարձրացնէին հայրապետական աթոռին վրայ, այլևս ոչ իրենց ազդեցութիւնն էր մնացած, և ոչ արժանաւոր եկեղեցականներ կը հասնէին Նոր-Ջուղայի վանքէն, կամ Էջմիածինի Ջուղայեցի միաբաններէն։ Եւ ոչ միայն Տաճկահայեր էին որ Մայրաթոռին ընտրելիներ կու տային, այլև Պարսիկ կառավարութենէ աւելի Օսմանեան կառավարութեան պաշտպանութիւնը կը յարգուէր, և անոր հրովարտակն էր որ Էջմիածինի գահակալին զօրութիւն և ազդեցութիւն կը պատրաստէր։ Մանաւանդ Ջահկեցիին մահուան թուականին՝ Պարսկաստան կատարեան անիշխանութեան մէջ էր։ Բարձաւ իսպառ կը գրէ Երևանցին, թագաւորութիւն Պարսից, և երկիրս մատնեցաւ ի ձեռս ինքնագլուխ և աներկիւղ բռնաւորաց (ՋԱՄ. 32)։ Մինաս պատրիարք՝ համաձայնութեամբ միաբանից Էջմիածնի և Կոստանդնուպոլսեցւոց ընտրեալ կաթողիկոս, Օսմանեան կառավարութենէ ալ հրովարտակը ստանալով փութաց Էջմիածին երթալ (ՇԱՀ. Ա. 229), և կաթողիկոսական օծումը ստացաւ 1751 սեպտեմբեր 15-ին, Խաչվերացի օրը (ՉԱՄ. Գ. 864)։

« 2034. Ջահկեցի Մահը   |   2036. Կ. Պոլսոյ Աթոռը »
© Gratun.org