Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Մինաս Ա. Ակնեցի

2038. Ասպահանի Աթոռ

Թէպէտ մթին, բայց դիտողութեան արժանի պարագայ մը կը գտնենք պատմուած Նոր-Ջուղայի առաջնորդութեան վրայ, որուն կոչուած էր Պողոս Ջուղայեցի, Աստուածատուր Ֆահրապատցիի յաջորդելով (§ 2019)։ Պօղոսի մասին կը գրուի, թէ սկիզբները առանց խռովութեան պաշտօն վարեց, բայց 1752-ին, յամին չորրորդի իր պաշտօնին՝ պարտաւորուեցաւ հրաժարիլ, յաղագս անձնական դատապարտելի գործոց իմիք (ՏՅՈ. Ա. 59), որ ճշդուած չէ։ Իսկ ուրիշ տեղ ալ գրուած է, թէ ընկեցիկ լինի ի պատճառս անագորոյն գնացիցն (ԽՉԿ. 10)։ Նախ տարեթիւին մասին դիտելի է որ եթէ 1752-ին չորրորդ տարին էր, անոր ընտրութիւնը 1748-ին եղած կըլլայ, և նախորդը 1745-ին վախճանած լինելով (§ 2020), երեք տարի աթոռը տեղակալով կառավարուած պիտի ըսենք։ Իսկ դատապարտելի գործ կամ անագորոյն գնացք, մտածել կու տայ որևէ անառակութեան կամ շնութեան մէջ բռնուած ըլլալուն։ Վանքին եպիսկոպոսները, Պետրոս, Խաչատուր, Մովսէս և Զաքարիա, քննութեան և դատաստանի կը նստի, և Ջուղայեցոց թուականին 137 նախտ 12-ին, կամ 1752 յունիս 30-ին, վճիռ կարձակեն առաջնորդին վրայ կարգեն զապաշխարանս, արտաքին ատեանն ալ գործին կը միջամտէ և հազար թուման տուգանքի կենթարկէ։ Պօղոս վանքէն կելլէ և բնակի ի տան իւրում։ Այստեղ կատարեալ զղջմամբ և խոստովանութեամբ ապաշխարէ մինչև իր կենաց վերջը, և մերձ ի վախնան կենաց արձակում կը ստանայ, և նորէն շնորհի նմա պատիւ եպիսկոպոսական աստիճանին (ՏՅՈ. Ա. 57)։ Պատահարը թէպէտ մասնաւոր և մարդկային, սակայն մեզի համար կարևորութիւն ունի նկատել, որ վանական միաբանութիւնը, որուն 5 եպիսկոպոս, 5 վարդապետ, և 10 այրի քահանայ ունենալը ըսուած է (ՏՅՈ. Ա. 60), իր առաջնորդը կը դատէ ու կը դատապարտէ, աստիճանէն կը զրկէ և ապաշխարութեան կենթարկէ, և առաջնորդը ամենայն հլութեամբ կը հնազանդի։ Կաթողիկոսի անունը չի տրուիր, և այս լռութիւնը հնար է վերագրել ժամանակին Պարսկաստանի մէջ տիրող շփոթութեանց։ Բայց անհաւանական չէ ըսել, թէ կաթողիկոսական միջամտութեան պէտքն ալ զգացուած չէ, և միաբանութիւնը իր իրաւասութեամբ գործած է։ Պօղոսի պաշտօնանկութենէ ետքը վանքին և վիճակին կառավարութիւնը կը ստանձնէ Զաքարիա եպիսկոպոս Տփղիսեցի, իբրև առաջնորդ (ԽԱՉ. 285), թէպէտ ոմանք տեղ մը յաջող կոչուելէն, լոկ տեղակալ, և ոչ առաջնորդ ըլլալը կը հետևցնեն (ՏՅՈ Ա. 60), այլ ուրիշներ ուղղակի առաջնորդաց շարքին կանցնեն Զաքարիայի անունը (ԽՉԿ. 10)։ Երկու տարի ետքը 1754-ին առաջնորդ ընտրուած է Գէորգ Ջուղայեցի (ՏՅՈ. Ա. 61), զի Զաքարիա ալ իր նախորդին համահանգէտ ըլլալուն պատճառով ըմպէ զբաժակ անկման (ԽՉԿ. 10), և նոյն պատժոյն կենթարկուի, որուն ինքն իր նախորդը ենթարկած էր։

« 2037. Երուսաղէմի Աթոռ   |   2039. Մինասի Մահը »
© Gratun.org