Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Բ. Բիւզանդացի

2051. Ուրիշ Յաթոռներ

Նուազագոյն ևս են միւս աթոռներուն մասին գիտցածնիս։ Աղթամարոյ կաթողիկոսութեան մէջ, Նիկողայոս Սպարկերացիէ ետքը (§ 2018) կը յիշուի Գրիգոր կաթողիկոս մը, որ 1758-ին աթոռին վրայ կը գտնուի, բայց անկէ աւելի տեղեկութիւն չունինք (00 ԲԻԶ. 1199)։ Աղուանից աթոռին վրայ կը շարունակէ Ներսէս Գանձակեցին (§ 2009), որ մինչև 1763 ապրած է (ՋԱՄ. 66)։ Իսկ Պարսկաստանի աթոռին վրայ, Զաքարիա երկամեայ առաջնորդութենէ կամ ըստ այլոց տեղեկութենէ ետքը (§ 2038) պաշտօնէ կը հանուի (ԽԱՉ. 285), և 1754 կընտրուի Գէորգ Ջուղայեցի, այն որ յիշուեցաւ սուրբ գիրքերու պարսկերէնի թարգմանուելուն առթիւ (§ 2021), և էր այր աստուածաշնորհ և մեծիմաստ (ԽԱՉ. 285)։ Բայց չկարենալով առկայ Պարսկաստանի անիշխանութեան երեսէն տեղի ունեցած բազմապատիկ նեղութեանց և հարստահարութեանց բռնաւորաց, Ս. Ամենափրկիչի վանքին թանկագին սպասները հաւաքելով, հանդերձ երևելի միաբանիւքն կը քաշուի Պասրա քաղաքը, որ Պարսկաստանի թեմ էր, և այն տեղէն վարէ զպաշտօն առաջնորդութեան։ Վանքին մէջ մնացող Պետրոս և բարազամ վարդապետներ 1760 սեպտեմբեր 20-ին կը թախանձեն որ դառնայ, յայտնելով թէ յուսահատած մնացեալք, տանս տէր չկայ, բայց Գէորգ չի վստահիր դառնալ, և Պարսա կը մնայ տակաւին մինչև 1763 (ՏՅՈ. Բ. 61), մինչև որ Քէրիմ խան զօրանալով երկիրը քիչ մը կը խաղաղի։

« 2050. Կիլիկիոյ Աթոռ   |   2052. Խանում Վաղարշապատցի »
© Gratun.org