Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Յակոբ Ե. Շամախեցի

2058. Յակոբի Նախընթացը

Երբոր Աստապատցին Կարին հասաւ, այնտեղ գտաւ Շամախեցին ալ Սահակի այցելութեան եկած, ինչ որ կը ցուցնէ թէ արտաքին զրոյցք չեն, որ Շամախեցին Սահակը յորդորէր՝ փութալ գալ յԷջմիածին (ՉԱՄ. Գ. 865)։ Սահակը Էջմիածին գալէ ետ ընելու համար, պէտք չէր զգացուէր անձամբ այցելութեան գալ չորս տարի ետքը։ Աստապատցին փութաց Կարնոյ եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր կերպով ծանուցանել և հրապարակել Կ. Պոլիս կատարուած ընտրութիւնը, Սահակի ընտրութեան ջնջումը, և Շամախեցիին կաթողիկոսութիւնը։ Սահակէ հաշիւ ալ պահանջեց, որովհետև շատ բան գանձած էր Էջմիածինի հասոյթներէն, և գործաւարտ նուիրակունքն նմա տային զարդիւնսն և զհաշիւսն նուիրական (ԴԻՒ. Գ. 30)։ Հաշիւը ստացաւ ձեռամբ բդեշխին, այսինքն կուսակալին, որ կը ցուցնէ թէ արքունական հրովարտակ ալ բերած էր, Սահակի դադարումը և Շամախեցիին ընտրութիւնը հաստատող։ Կուսակալին միջամտութեան դիմուիլը կը ցուցնէ, թէ Սահակ դժկամութիւն ցուցած է իւրացուցած գումարներն ու հաշիւը տալու։ Վերջապէս գէշ աղէկ հաշուական գործն ալ կարգադրելէ ետքը և գումարներն ալ վճարելու խոստումին վրայ, Աստապատցին առջև կանցնի և Շամախեցին Էջմիածին կառաջնորդէ, և 1759 նոյեմբեր 24-ին օծման հանդէսը կը կատարուի, ինչպէս Չամշեան կը գրէ (ՉԱՄ. Գ. 866), և Շահխաթունեան կը կրկնէ (ՇԱՀ. Ա. 230)։ Յիշուած թուականը Յիսնակաց պահոց չորեքշաբթին կիյնայ և հաւանական է որ գրչութեան սխալ մը սպրդած ըլլայ ամսաթիւին մէջ, քանի որ հաւանական չէ լուր որ և պահոց որ այսպիսի հանդէս մը կատարելնին, և յարմարագոյն կը թուի նոյեմբեր 28 կիրակիին յետաձգել։ Երևանեցին որ գործունեայ դեր մը ունեցաւ Յակոբ Ե. Շամախեցին կաթողիկոսութեան բարձրացնելու մէջ, կը ներկայէ զայն իբր այր պիտանի և խորհրդական խելօք և հանճարեղ յամենայն գործս, գիտուն և շնորհաշատ։ Մանկութենէն Մայրաթոռի մէջ սնած և ապրած, և բազմակողմանի ուսմամբ զարգացած էր, այնպէս որ ասէր դաս միաբանից զինչ և խնդրէին, ինչ տեսակ գրութիւն ալ որ պէտք ըլլար, ինքն կը խմբագրէր և տայր գրագրացն որ ընդօրինակեն, և այս ոչ միայն հայերէն, այլև պարսկերէն լեզուով, զի նա ինքն էր որ գրէր և հազայր զգրաց արքունականաց և դատաւորականաց։ Երեւանեցին կ՚աւելցնէ թէ նաև զարդեանս, այսինքն իր ատենն ալ Շամախեցիին թողած պատճէնները կը պահուէին և կը գործածուէին իբրև պաշտօնական գրութեանց պատրաստ ձևեր, յորոց գրագիրքն առնուն զօրինակս գրեանց իւրեանց (ՋԱՆ. 32)։ Ինչպէս կը տեսնուի Շամախեցին Մայրաթոռին ներքին գործերուն նուիրեալ անձ մը եղած է, և շատ շրջագայած չ՚երևիր։ Նա ալ ազատ չէր մնացած Ջահկեցիին բռնութիւններէն (§ 2034), իսկ Մինասի և Աղեքսանդրի օրով լաւ գիրք վայելած պիտի ըլլայ, իբր փոխանորդ և ընդհանուր գործակատար, որով վերջնոյս մահուընէ ետքը երկարատև տեղակալութիւն վարելու կոչուեցաւ։ Աւելի ժամանակին պէտք է վերագրել Երեւանեցիին ըսելը, թէ ունի զանհարմար բարերարութիւնս ի սուրբ աթոռոյն, վասն զի կաթողիկոսանալէ ետքը ծերացած էր, և ատեն ալ չունեցաւ անհարմար գործեր կատարելու։ Կը յիշուի միայն կալուածական պաշտօնագիրներու ստացութիւնը, և Երեւանի մէջ Ձորագիւղի անապատին նորոգութիւնը, զոր կազմակերպեց իբրև զտունս հայապետանիստ (ՋԱՄ. 33)։

« 2057. Նոր Ընտրութիւն   |   2059. Մանուէլեան Խմբակը »
© Gratun.org