Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Յակոբ Ե. Շամախեցի

2068. Սահակի Մահը

Շամախեցիին մահուանէ ճիշդ ամիս մը առաջ, 1763 փետրուար 22-ին։ Մեծ պահոց երրորդ շաբաթ օրը վախճանած էր Կարնոյ մէջ, Սահակ Ահագին (ԱՍՏ. Բ. 99), տարօրինակ անձնաւորութիւնը, ընտրուած ու չհրաժարած, բայց խուսափած ու մերժւած կաթողիկոսը։ Սահակ վախճանեցաւ իջուածովք (ՉԱՄ. Գ. 866), իբր զի յզբոսնուլն ի տանիս ի Կարին, ի Կարմիրվանքն, պատահի նմա ցաւ սաստիկ, և առնէ զնա ուշաթափ, և կը վախճանի ի նոյն գիշերի (ԴԻՒ. Գ. 31), և կը թաղուի Կարնոյ Ս. Լուսաւորիչ վանքին եկեղեցւոյն քովը։ Հանդիսագիրը կըլլայ Սիմէոն Երևանեցին (ՍՐԳ. ) որ Կ. Պոլսոյ նուիրակութենէն Էջմիածին կը դառնար, և քիչ օր ետքն ալ Շամախեցիին թաղման պիտի գտնուէր։ Սահակի վրայ նորէն չենք խօսիր, բաւական գրեցինք իր ընթացքին նկատմամբ (§ 2043), և նոր աւելցնելիք չունինք։ Ցաւալի է ապաքէն որ աչքառու դէմք մը, ինչպէս էր Սահակ, որ իր վրայ մեծամեծ յուսադրութիւններ կը հրաւիրէր, և քանիցս հայրապետական բարձր աստիճանին արժանաւոր նկատուած էր, բոլորովին մոռցուած և ստորացած վիճակին մէջ կը մեռնէր, որուն իսկական պատճառը, ոմանց հակառակութենէն աւելի, իր տատամոստ և վարանոտ ընթացքն էր եղած։ Միւս և վարանոտ ընթացքին էր եղած։ Միւս կողմէն պէտք չէ ևս մոռնանք, որ դրամական գործին կարգադրութիւնն ալ զանց ըրաւ, և խոստումը հակառակ (§ 2058) վճարումները չկատարեց։ Թէպէտ այս պատճառով Շամախեցիին և Ահագինի միջև անկաւ խռովութիւն մեծ և վեհ, այլ Կ. Պոլսոյ մեծամեծներուն միջնորդութեամբ Շամախեցին ի բաց եկաց ի պահանջելոյ և հազիւ ուրեմն հնար եղև խնդիրը փակել և ի մէջ երկոցունցն զհաշտութիւն հաստատել (ԴԻՒ. Գ. 31)։

« 2067. Յակոբի Արժանիք   |   2069. Ընտրութիւն և Օծում »
© Gratun.org