Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2077. Պատմական Մասը

Սիմէոնի Ջամբռին առաջին երեք գլուխները շատ համառօտ ամփոփում մը կը պարունակեն Հայոց եկեղեցւոյ պատմութեան՝ մինչև Մովսէս Տաթևացին (ՋԱՄ. 6-20). իսկ չորրորդ գլուխին մէջ զատ զատ կը խօսի յաջորդներուն վրայ՝ Մովսէս Տաթևացիէ մինչև Յակոբ Շամախեցի (ՋԱՄ. 21-33), որուն վերջը համառօտութիւն մը կը դնէ կաթողիկոսներու թիւերուն և տարիներու տևողութեան։ Կաթողիկոսներուն թիւը Լուսաւորիչէ մինչև Բարսեղ Անեցի, կը դնէ 61, Գրիգոր Պահլաւունիէ մինչև Յովսէփ Սսեցի 27, և Կիրակոս Վիրապեցիէ մինչև Յակոբ Շամախեցի 39, որ է բովանդակ 127։ Իսկ մեր դասակարգութեամբ Շամախեցին 114րդն է շարքին մէջ, որովհետև քանիները ցուցակէ հանած ենք՝ իբր անստոյգ կամ աթոռակից կամ հակաթոռ։ Տարիներու տևողութիւնն ալ Լուսաւորիչէ Բարսեղ Անեցի կը հաշուէ 812, Գրիգոր Պահլաւունիէ մինչև Յովսէփ Սսեցի՝ 325, և Կիրակոս Վիրապեցիէ մինչև Յակոբ Շամախեցի՝ 322, բովանդակ 1459 տարի տարի (ՋԱՄ. 33)։ Լուսաւորիչի կաթողիկոսութիւնը և Մայրաթոռի հիմնարկութիւը կը դնէ 305-ին (ՋԱՄ. 6), մինչ մենք ձեռնադրութիւնը 302ին (§ 63), և հիմնարկութիւնը 303ին ցուցուցինք (§ 66)։ Յատուկ հատուած մը բացուած է՝ Վասն Սիմէոն կաթողիկոսի (ՋԱՄ. 33-44), բայց այն պէտք չէ իր գրիչէն ելած ըլլայ։ Վասնզի նա որ յառաջաբանին մէջ կը խոստովանի թէ լոկ և եթ անուամբ կաթողիկոս մըն է, յամենայնի անարդիւն է այնպէս, որ չէ կրցած ինքն իրմէ զարդիւնաւոր գործ ինչ յառաջացուցանել (ՋԱՄ. 2), չէր կրնար իրեն համար գրել, թէ էր այր շնորհընկալ, առատամիտ, գիտնաշատ, լի իմաստութեամբ, լաւապէս տեղեակ հին և նոր կտակարանաց, վարժ նրբից և արտաքին գրոց (ՋԱՄ. 33), բարուքն հեզ, պարզամիտ և համբերող, ներող և անյիշաչար, կակղասիրտ և գթաշատ, ողորմած և առատաձեռն, անընչասէր և ազատաբարոյ (ՋԱՄ. 34), արիասիրտ (ՋԱՄ. 35), բարեմիտ, ահարկու, անուանի (ՋԱՄ. 36), բազմահաճար (ՋԱՄ. 28), և բարենախանձ (ՋԱՄ. 39), և դեռ ուրիշ շատ ձիրքերով ճոխացած։ Իրաւ ուրիշ տեղ մըն ալ յիշատակութիւն մը կայ՝ առն գովելոյ, շնորհալից և պերճիմաստի, տեառն Սիմէոն աստուածաբան վարդապետին Երեւանցւոյ (ՋԱՄ. 28), սակայն սա ուրիշ Սիմէոն Երեւանեցի մըն է (§ 1942), զոր պէտք չէ կաթողիկոսին հետ շփոթել (ԴԻՒ. Գ. հը. )։ Հետևապէս պէտք է ըսել թէ Սիմէոնի մասին հատուածը ուրիշ գրիչէ Ջամբռին մէջ մուծուած է։

« 2076. Ջամբռի Կազմութիւն   |   2078. Վիճակագրական Մասը »
© Gratun.org