Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2081. Գրիգոր Պասմաճեան

Նոր ընտրութեան հանդիսական և վճռական ձև տալու համար, աւագանւոյն խորհրդով մեծ ժողով մը հրաւիրուեցաւ պատրիարքական Մայր եկեղեցին, որ և գումարուեցաւ 1764 մայիս 13-ին, Երեւման խաչի հինգշաբթին, որուն ներկայ եղողներ գրեթէ աւելի էին քան զհազար անձինք (ՊԱՍ. 16)։ Ինքն Նալեան ալ Իւսկիւտարէ իջաւ և եկն պատարակօք (ՉԱՄ. Գ. 873), պերճախօս ատենաբանութեամբ յայտնեց իր հիւանդութիւնը, և յօժարակամ հրաժարականը, և Գրիգոր վարդապետին ընտրութիւնը, և բազմութիւնը տուաւ իր հաճութեան և ընդունելութեան յայտարարութիւնը։ Պասմաճեան բեմ առաջնորդուեցաւ, Նալեան ծերունին յարեաւ ի յաթոռոյն, ընդ նմին և հասարակութիւնք, գիրկս արկեալ համբուրեաց, խրատական մըն ալ խօսուեցաւ, իր իսկ մատանին և գաւազանը յանձնեց, և մէկ ազնուագոյն փիլոն ձգեաց ի վերայ, և նոյն տեղ իր հրաժարման և Գրիգորի ընտրութեան պաշտօնագիրը գրեցեալ և կնքեցեալ՝ նորընտիրին յանձնեց, և պատրիարքարանէ ելնելով Գումքաբուի Երուսաղէմատունը բնակեցաւ։ Մայիս 14-ին պետական պաշտօնեաներ եկան Նալեանի հռաժարականը իր բերնէն հաստատել, զի Մուսթաֆա Գ. սուլթան, զարմացեալ կամաւոր հրաժարականին վրայ, կասկածած էր թէ մի՛ գուցէ խաբէութեան բանս ինչ լինիցի ի մէջ յայսմ գործողութեանս։ Մայիս 15-ին շաբաթ օր, Գրիգոր վարդապետ Պասմաճեան արքունի դուռը գնաց, զգեցուցին զխիլայն արքունական, և մայիս 16-ին կիրակի առտու, Մայր եկեղեցի իջնելով իր առաջին քարոզը խօսեցաւ, յայտնելով զշնորհակալութիւնս ի ծերունի հայր պատրիարքէն, և օրհնելով բոլոր ազգը, և տէրութիւն և զթագաւորութիւն։ Երկուշաբթի մայիս 17-ին Նալեան ժողովեալ զկահս և զկարասիս, իւրայնովն հանդերձ գնաց ի յԻւսկիւտարու վանքն, և մենք, կը գրէ Պասմաճեան, ապա զկնի յայնմ սկսաք պարապիլ գործով մերով (ՊԱՍ. 16-18)։

« 2080. Նալեանի Վերջին Օրերը   |   2082. Նալեանի Արդիւնքները »
© Gratun.org