Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2082. Նալեանի Արդիւնքները

Երկու ամիս ևս ապրեցաւ Նալեան հրաժարականէն ետքը, և այդ օրերուն մէջ, հոգաց իր ժառանգութիւնը բաժնել, և զոր ինչ եկեղեցական զսպասս ունէր, բոլորն ալ ձեռամբ իւրով բաշխեաց, աթոռոց վանօրէից, եկեղեցեայց և աղքատաց։ Իր դրամական կարողութիւնը հրամայեց որ շահեցնեն, և վերայ եկեալ շահուցն մի մասը յատկացնեն որբ աղջկանց որ են աղքատք, առ ի հոգալ և զպակասութիւնս սակս ամուսնութեան նոցին։ Շահերուն երկրորդ մասը յատկացուց աղքատ և որբ մանկանց տղայոց, զի ձրիաբար ընթերցուցանիցին, և երրորդ մասը վասն աղբեր ջուր բերելոյ Իւսկիւտարի Նոր թաղ կամ Եէնիմահալլէ կոչուած մասին համար, ինչ որ շինուեցաւ յաջորդին հոգածութեամբ։ Բոլոր դիրքերը ետ և պարգևեաց Գումքաբուի պատրիարքականի եկեղեցւոյն (ՊԱՍ. 18), որ կազմած է անշուշտ Մայրեկեղեցւոյ գրադարանին գլխաւոր հարստութիւնը, վասնզի գիտենք որ հետամուտ էր գիրքեր հաւաքել, կարդալ, ուսումնասիրել, գրել ու հրատարակել։ Առանց վարանման կրնանք յայտարարել, թէ Նալեան Կ. Պոլսոյ պատրիարքական աթոռին վրայ դրական արդիւնաւորութեամբ և ուսումնական արժանիքով ամենէն բարձր անձնաւորութիւնն եղած է, ոչ միայն իր հմտութեամբ և աշխատութեամբ, այլև ուսումը տարածելու համար թափած ջանքովը։ Զի ինքն էր որ հաստատեց Գումքաբուի Մայր-Դպրատունը, որուն նախաշաւիղ եղաւ նախ՝ սա ինքն մեծ րաբունապետն և աստուածաբան պատրիարքն Բիւզանդիոյ Յակոբ (ՏԱՇ. 118), որ և անձամբ նոյնին մէջ կը դասախօսէր։ Դպրոցին գլխաւոր վարիչն էր Պաղտասար դպիր, որ Նալեանի համահաւասար արդիւնք ունեցած է, կարող աշակերտներ հասցնելով, որոնց կարգէն է Սիմէոն Երեւանեցի կաթողիկոսն ալ (ԵՐՑ. Ա. 77)։ Նալեանի թողած երկասիրութեանց մէջ յիշենք քանիները իրենց հրատարակութեան թուականներով։ Վէմ հաւատոյ 1733, Քրիստոնէական 1737, Մեկնութիւն Նարեկի 1745, Հոգեհաշ 1746, Ճըրագճշմարտութեան 1756, Զէն հոգևոր 1757, Գանձարան ծանուցմանց 1758, Գիրք աղօթից 1760, Յառաջաբան Եղնիկի 1762, և տետրակ մը Զունայնութենէ կենցաղոյս, մահուանէ ետքը հրատարակուած (01 ՕՐԱ. 145)։ Նալեանի ձեռնասուն աշակերտներուն կարգին յիշուած են՝ վարդապետներէն, Աթանաս, Յովսէփ, Սահակ որ և Ղևոնդ, Կարապետ Պէպիւրօղլու, Ստեփան Պէյօղլուցի, Յովհաննէս Խոյեցի, Բարսեղ, Գրիգոր Տիվրիկցի, Սարգիս Կեսարացի, և Միքայէլ իսկ սարկաւագներէն Գաբրիէլ՝ առաջ Պաղտասար, Մխիթար որ և Գէորգ, Մաղաք Պալաթցի՝ վերջէն բաժակարբու եղած, Մելիքսեդ Պալաթցի՝ վերջէն ըստ աշխարհի եղած, Արսէն Լանկացի, և Գրիգոր Պալաթցի՝ Եւդոկիա վախճանած (ՍՐԳ. )։

« 2081. Գրիգոր Պասմաճեան   |   2083. Նալեանի Ուղղութիւնը »
© Gratun.org