Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2093. Ռուսիոյ Վիճակ

Էջմիածինի ուղղակի հպատակող և տէրունի կոչուած վիճակներուն կարգին յիշուեցաւ Հաշտարխան ալ (§ 2078), որ և Աժտէրխան կամ Աստրախան, որուն սահմանն էր բովանդակ Ռուսական կայսրութիւնը։ Վիճակին կազմութեան թուակնը յայտնի յիշուած չէ, բայց վստահօրէն կրնանք հանել մինչև Մինաս Տիգրանեան եպիսկոպոսը, որ յառաջ Իսրայէլ Օրիի ընկերացաւ (§ 1845), և վերջէն Աստրախանի մէջ հաստատուեցաւ (§ 1902), ուր Հայերուն գործերով զբաղեցաւ (§ 1931), և հոն վախճանեցաւ։ Այսպէս գործնական կերպով հաստատուած կ՚ըլլայ Ռուսիոյ առաջնորդութիւնը, թէպէտ Մինասի յաջորդներուն անունները չենք գտներ։ Ղազար Ջահկեցիի օրով այդ պաշտօնին վրայ կը գտնենք Բարսեղ Փառակեցի եպիսկոպոսը, որուն դժնեայբարոյութեան գործերը վիճակայինները զզուեցուցին, և Ջահկեցիէ իրենց գանգատներուն ունկնդրութիւն չգտնելով, Փառակեցին հեռացուցին, և Աղուանից աթոռէն Ստեփանոս Անանեան եպիսկոպոսը իրենց առաջնորդ ընտրեցին, և Եղիսաբէթ կայսրուհւոյն օրով պետական հաստատութիւն ալ ընդունեցան։ Պէտք չէ մոռնալ որ նոյնիսկ առաջին եպիսկոպոսը Մինաս Տիգրանեան ալ, Աղուանից աթոռէն էր։ Իսկ այս անգամ Ռուսիոյ Հայեր պաշտօնապէս զատուած դիրք մը կազմեցին։ Այս եղելութիւնը տեղի ունեցաւ 1749-ին (ՋԱՄ. 39)։ Ջահկեցիին յաջորդները պատեհ չունեցան և կարևորութիւն չտուին, և Գանձասարցի եպիսկոպոսին իրաւասութիւնը և Գանձասարի կաթողիկոսին յիշատակութիւնը տիրեց Ռուսիոյ մէջ, այնպէս որ Էջմիածնեցի վարդապետ կամ եպիսկոպոս չէր կրնար այն կողմ երթալ, բայց եթէ մասնաւոր վարդապետ մի գնայր երբեմն, այն ալ ընդ բռամբ Գանձասարցի առաջնորդին լինելով, և կամաւորապէս տրուած նպաստ միայն ժողովէր, և ոչ թէ նուիրակութեան իրաւունք (ՋԱՄ. 39)։ Սիմէոն իր օրով ձեռնարկեց այդ գործն ալ կարգադրել, և նուիրակութեան պաշտօնով Ռուսիա ղրկեց Յովհաննէս Քանաքեռցի վարդապետը, բայց Գանձասարցոց ոյժը կատարել էր, և ժողովուրդին Էջմիածինէ պաղութիւնը կը շարունակէր, և Աղուանից երկու կաթողիկոսներն ալ, Իսրայէլ և Յովհաննէս չէին ուզեր ձեռքէ հանել իրենց աթոռին ստացած ընդարձակութիւնը։ Քանաքեռցին ընդունելութիւն չգտաւ, և մնաց անստոյգ և անպատիւ անկեալ ի միում անկեան, և չկրցաւ նուիրակութիւնը բանալ (ԴԻՒ. Գ. 497)։ Ասիկա մեծ ցաւ էր եղած Սիմէոնի, բայց չէր կրցած նոր ձեռնարկ մը ընել, մինչև որ Աղուանից աթոռին ըմբոստութիւնը չճնշէր։ Յովհաննէսը հնազանդութեան բերելով, և Իսրայէլը աթոռազրկութեամբ և բանադրանօք տկարացնելով, ինչ որ իրականացաւ 1766 տարւոյ առաջին ամիսներուն մէջ (§ 2092)։ Այն ատեն միայն կրցաւ Սիմէոն հաստատուն գետնի վրայ քայլ մը առնել, և ուղղակի Ռուսաց կայսըրութեան դիմեց Մայրաթոռոյ իրաւունքները վերահաստատելու Ռուսիոյ Հայերուն վրայ, և Եկատերինէ Բ. Կայսրուհիի իշխանութեամբ օրինական կացութիւն մը ըստեղծել։ Պետերբուրգ երթալու նշանակեց Դաւիթ Տփղիսեցի վարդապետը (ՋԱՄ. 40), այր գեղեցկադէմ, լայնագիր և կարմրափայլ երեսօք, և թաւարծի խիտ աճեալ մօրուօք և զարմնանկար պատկերաւ, յարմարադէպ և բարեբարոյ բարուք (ԴԻՒ. Գ. ճիզ)։ Սիմէոն այս արտաքին առաւելութիւնները չունէր (§ 2070), բայց անոնց օգտակարութեան մասին համոզում գոյացուցած կերևի Դաւիթի ընտրութեան մէջ։

« 2092. Աղուանից Աթոռը   |   2094. Ռուսիոյ Հետ »
© Gratun.org