Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2095. Ռուսիա Պաշտպան

Ռուսիայէ դուրս եղող Հայերու համար ալ կը խոսի կայսրուհիին հրովարտակը, և կը յայտարարէ, որ հետևելով մեր բարձրագոյն նախնիքներին բարեհաճում ենք, Սիմէոն պատրիարքին և յաջորդներին, նոյնպէս և իւզբաշիներին և կառավարիչներին և բոլոր հաւատարիմ Հայոց ազգին պահեալ, մեր կայսերական ողորմութեան և շնորհաց ներքոյ (ԴԻՒ. Գ. ճիթ)։ Այս թուականը կրնանք նկատել իբր հիմն և արմատ այն սերտ յարաբերութեան, որ հաստատուեցաւ Հայոց կաթողիկոսութեան և Ռուսաց կայսրութեան մէջ, և որ յառաջանալով և աճելով յանգեցաւ Ռուսական տիրապետութեան Հայաստանի մի լաւ մասին և Հայութեան մի լաւ կէսին վրայ, ինչպէս է այսօրուան կացութիւնը։ Գաղափարը Սիմէոնին գիւտըչէր այն Օրիի և Մինասի օրէն օրօրուած գաղափարը մըն էր (§ 1846), շատ ճիգեր ալ թափուած էին այդ մասին։ Պետրոս Մեծէ սկսելով Ռուս վեհապետներն ալ զանազան ձեռնարկներ ըրած էին, կաթողիկոսներէն քանիներն ալ գործին մղում տուած էին, Պարսկական լուծին աղետալի հետևանքներէն մղուած բայց բաւական ժամանակ էր որ գրեթէ լքուած էր գաղափարը և թուլացած էին ձգտումները։ Սիմէոնի արդիւնքն եղաւ՝ գրեթէ մոռցուած ու դադարած ծրագիր մը վերակենդանացնել, և անոր հաստատուն և պաշտօնական կերպարան մը տալ, և տակաւ զարգանալիք և յառաջանալիք ճամբու վրայ դնել։ Սիմէոն փութաց ստացած արտօնութիւնը գործադրել, Մինաս եպիսկոպոս մը առաջնորդ և նուիրակ նշանակելով (ՋԱՄ. 50), նոյնինքն Պայազիտի նախկին նուիրակը (ԴԻՒ. Գ. 324), որ եպիսկոպոս ձեռնադրուած էր, 1767 յուլիս 8-ին (ԴԻՒ. Գ. 732)։ Յաջողութենէն ուրախացած գործին նուիրակին ձև մըն ալ տուաւ Սիմէոն, եկեղեցական արարողութիւն ալ կազմելով 1771 յուլիս 10-ին պհրովարտակէն երեք տարի ետքը, զոր մակագրած է Գիրք հանդիսագրութեանց տանից կայսերականաց և յառաջարանին մէջ կը յիշէ, թէ Եկատերինէ կայսրուհին, իւրով գերազօր հրամանագրովն և անպարտելի կնքովն, զաթոռս ամենայն Հայոց զսուրբ Էջմիածին պսակեալ փառաւորեաց, զազգս Հայոց իւրոյ ամենապայծառ թագաւորութեան սիրելի և իւրային արձանագրեաց, և զանարժանութիւնս մեր յատուկ սիրոյ և ողորմութեան նշանաւ խիլայազարդեաց և մխիթարեաց։ Այս շնորհներուն իբր երախտագիտական փոխարէն, մաղթողական կարգ մը շարադրեց, վասն մեծապայծառ տօնախմբութեան նորին, և կը հրամայէ որ ցորչափ Հայերը գոն ընդ օրհնեալ տէրութեամբ նորին, կայսերական տօներուն օրերը եկեղեցականօք և աշխարհականօք մեծահանդիսութեամբ կատարեսցին զայս կարգ։ Նկատելով որ 1771-ին քանի մը հայաբնակ գիւղեր միայն էին ընդ տէրութեամբ Ռուսաց, կերևի թէ Սիմէոն ուզած է ընդ հովանաւորութեամբ ըսել, և ոչ ընդ տիրապետութեամբ, որով Ռուսական պաշտպանութիւնը բոլոր Հայաստանի և Հայութեան վրայ տարածել։

« 2094. Ռուսիոյ Հետ   |   2096. Կայսերական Մաղթանք »
© Gratun.org