Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2097. Ախլցխայի Խնդիրը

Սիմէոնի ձեռնարկներուն կարգին գլխաւոր տեղ կը բռնեն Հայաստանեայց եկեղեցւոյ պաշտպանութեան համար թափած ջանքերը, և հռոմէադաւանութեան յառաջացման դէմ գործածած միջոցները։ Այդ ձեռնարկին իբր շարժառիթ կը ցուցուի Կարնոյ Կարմիրվանքին միաբաններէն Գէորգ Եւդոկիացի վարդապետը՝ 1760-ին Շամախեցիէն եպիսկոպոս ձեռնադրուած, և 1764-ին Ախլցխայի նուիրակութեան ղրկուած, ուր սկսանի յայտնել զաղանդն աղթարմայութեան, ինչպէս կը կոչուի հռոմէադաւանութեան հակամիտութիւնը։ Չէ ճշդուած թէ ե՞րբ Գէորգ այդ ուղղութիւնը ընդգրկեց, բայց յիշելը թէ Ախլցխա քաղաքն յիսուն ամաւ յառաջ ապականեցեալ էր նոյն աղանդովն, Գէորգի այնտեղ խմորուած ըլլալուն կ՚ակնարկէ։ Գէորգ իր յանդգնութիւնը հետզհետէ առջև կը տանի, և մինչև իսկ եկեղեցւոյ բեմէն, զՀայոց ազգն և զեկեղեցին վատաբանէ, և զանուն փափին յիշէ, և զայլս սոյնպիսի կը գործէ։ Ասոր վրայ նոյնիսկ Կարնեցիք բազմակնիք թղթով, կաթողիկոսին կը բողոքեն, և որովհետև Ախլցխա Օսմանեան երկիր էր, Սիմէոն Կ. Պոլիս կը գրէ, և Պասմաճեան պատրիարքին ձեռքով երեք հրովարտակներ հանել կու տայ, երկուքն յատուկ ի վերայ Ախլցխայու, և մինն ի վերայ ամենայն տեղեաց, որ ուր ուրեք Հայ ֆրանկացեալ իցէ՝ հնազանդեսցին իւրեանց օրինաց, և մի՛ ևս արասցեն զֆրանկութիւն, և ուր ուրեք Ֆրանկ փաթրիք իցեն՝ վարեսցին յերկիրն իւրեանց։ Սիմէոն հրովարտակները ստանալով Տփղիսի առաջնորդ, Անկոթ մականունեալ Մարտիրոս եպիսկոպոսը յատուկ պաշտօնով Ախլցխա կը ղրկէ 1769-ին, բայց Գէորգ Եւդոկիացին, որոնց վրայ յանուանէ բանադրանք ալ հրատարակուած էր կաթողիկոսէն, կը շտապէ Կ. Պոլիս փախչիլ և Բեկօղլի թաղի Լատին վանքերէն միոյն կ՚ապաւինի, ուր և յետոյ կը մեռնի, Մարտիրոս եպիսկոպոս հրովարտակին զօրութեամբ, Պօղոս, Ստեփան և Յովհաննէս սևագլուխքն և Յակոբ չերէցն Էջմիածին կ՚աքսորէ, և հռոմէականաց ձեռք անցած երեք եկեղեցիները ետ կը դարձնէ, նոյնպէս զեօթն փաթրիք Ֆրանկաց կուսակալին ձեռքով ձերբակալել կու տայ, և աքսորել յերկիրն իւրեանց (ՋԱՄ. 41)։ Յիշեալ անձերուն ինքնութիւնը աւելի յստակօրէն ցուցնելու համար, աւելցնենք թէ էին Պօղոս Լեւոնեան և Յովհաննէս Ճիկոնեան և Ստեփան Աւթանտիլեան վարդապետները, Հռոմի Ծաւալոցի կամ Փրոփականտայի վարժարանին աշակերտները, իսկ Յակոբ Ախլցխայի ամուսնաւոր երէց մըն էր (ԳԱԼ. 293)։ Աքսորուած Լատին կրօնաւորներէն ալ յանուանէ կը յիշուին Ալոիզիոս, Հերոնիմաս, Վիչէնցիոս, Ֆէտէրիկոս և Ֆօռթունատս (ԴԻՒ. Ը. 121)։ Ախլցխայի կուսակալը ասոնք իսկոյն աքսորելու տեղ, ի կալանս էր արարեալ յափն ծովուն ի տեղւոջ իմիք (ԴԻՒ. Ը. 110), իբրև երկրին խռովարարներ։ Ասոր վրայ Գաղղիոյ դեսպանը, որ էր Կինեար Սէնբրիսթ կոմսը (Guignard comte de Saint-Priest) շրջաբերական գիր մը ուղղեց լատին կրօնաւորներուն զի մի ևս մտցեն ի մէջ Հայոց ժողովրդիւն ուրև լինիցին, և կամ յեղաշրջիցեն զնոսա ի հաւատոց իւրեանց։ Այդ գիրը պատրիարքին միջնորդութեամբ, հաղորդուեցաւ Սիմէոնի, որ զդեսպանէն շնորհակալ եղև, և Լատին կրօնաւորները արձակել տուաւ։ Միանգամայն աւելցուց, որ յայնժամ լինիմք կատարելապէս շնորհակալ, երբ սաստի գիր ևս ի փափէն հանցէ, որ իր կրօնաւորները մի՛ այլայլիցեն զխղճալի ազգս Հայոց, և մի՛ հանցեն ի բնական աւանդութեանց իւրեանց (ԴԻՒ. Ը. 111)։ Երանի թէ այդ խոհական թելադրութիւնները և դեսպանին առած խոհեմ քայլը՝ հռոմէադաւանութեան պետին և պաշտօնէից կողմանէ ընդունելութիւն գտնային։ Այս կերպով շահագիտական ուղղութեամբ գրգռուած անտեղութիւններ՝ պակաս եղած պիտի ըլլային ազգիս վրայէն։

« 2096. Կայսերական Մաղթանք   |   2098. Խնդիրին Փակումը »
© Gratun.org