Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2098. Խնդիրին Փակումը

Իսկ այն չորս եկեղեցականները որ Էջմիածին տարուեցան, իրաւամբ կը նկատուէին իբր ըմբոստներ, զի Հայոց եկեղեցւոյ պաշտօնէութեան կերպարանին ներքև Հայոց եկեղեցւոյ դէմ դաւաճանել կը յանդգնէին, և այս պատճառով կրեցին զշատ նեղութիւնս Մայրաթոռին մէջ, մինչև որ կը փութան և երկիցս անգամ հայերէն գիր կու տան դաւանութեան՝ վճռապէս և նզովիւք, զի մի ևս դարձցին ի նոյն աղանդն (ՋԱՄ. 42)։ Այլ և երբ Ախլցխացի հռոմէադաւաններուն կողմէ կարի լրբութեամբ և ընդդիմութեամբ լի գիր մը հասաւ կաթողիկոսին, որով հռոմէադաւաններուն յատուկ քաշքշուկ բացատրութիւնները կը կրկնէին իրենց ջատագովութեան համար, վերոյիշեալ չորսերը դարձեալքն ի նոցանէ, գրեցին նոցա առ այս զյանդիմանութիւնս (ԴԻՒ. Ը. 96)։ Իսկ Սիմէոն բաւականացաւ պատասխանել, թէ ծանեաք, զի գոյ ի ձեզ տեսութիւն և անկատարութիւն, անոր համար վերակրկնեմ ձեզ դարձեալ զնոյն յորդորմունս, զի բաւական համարեսջիք, որքան մինչև ցայժմ ընթացայք ընդ անկոխ անպէտս, թողլով զուղիղ և զհայրենաւանդ պողոտայն (ԴԻՒ. Ը. 77)։ Էջմիածին աքսորուածներ տուած յայտարարութիւններուն կրթնելով, շարունակ իրենց արձակման հրամանը կը խնդրէին, բայց Սիմէոն կամաւ կը յապաղէր անոնց ներքին հաստատամտութեան վրայ վստահութիւն կազմելու համար, և այսպէս երկարեցաւ մինչև յամս երիս, մինչև որ Ռուսաց պատերազմին առթիւ, հրամանատար Մուսթաֆա փաշայի միջնորդութեան դիմեցին Ախլցխացիները. փաշան ալ նախապէս էառ գիր ի բերանոյ հեստելոցն տաճկեվար, զի մի ևս երևեցուցեն ի յինքեանս զնշան աղթարմայութեան, և զայն կաթողիկոսին ղրկեց, և սա ալ Կ. Պոլիս գրելով ետ բերել զարձակման Ֆէրմանն, և չորսերը Ախլցխա դարձուց 1771-ին (ՋԱՄ. 42)։ Անոնցմէ երկուքը, Լեւոնեան և Աւթանտիլեան անմիջապէս հեռացան և Հռոմ գացին, և հոն եպիսկոպոսութեան պաշտօնի հասան (ԳԱԼ. 293), իսկ միւս երկուքը կ՚երևի թէ Ախլցխա մնացին, ուր հռոմէադաւանութեան սերմերը բոլորովին չսպառեցան։ Իբր զի ամէն տեղ՝ ուր կրօնական անջատման մը սկզբնաւորութիւն կըլլար անհնար կը դառնար զայն արմատաքի քանդել, և այսօր ալ Կովկասեան գաւառներուն մէջ Հայ հռոմէականութեան գլխաւոր տեղերէն մէկը՝ Ախլցխա է։

« 2097. Ախլցխայի Խնդիրը   |   2099. Պայազիտի Միջադէպը »
© Gratun.org