Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2099. Պայազիտի Միջադէպը

Յիշեցինք վերև թէ Օսմանեան կառավարութենէ ստացուծ հռովարտակներէն երրորդը ընդհանուր էր (2097)։ Սիմէոն զայն գործածեց Բագրևանդի վիճակին մէջ սկսած հռոմէադաւանութեան դէմ, և ուղղակի դիմեց Պայազիտի կուսակալ Ապտի փաշային, որ է նոյն ինքն Սիմէոնի միջնորդութեամբ ազատութիւն ստացող Ապտի պէյը (§ 2091)։ Կուսակալը պետական հրամանին հպատակելով, նախապէս ձերբակալեց գլխաւորներէն եօթը հոգի, որոնք են, Պօղոս՝ Ղարասու, Գրիգոր՝ Նաւիկ, Խաչատուր՝ Մօլլասիւլէյման, Յարութիւն՝ Միրանկ և Ղազար՝ Գարսան գիւղերու քահանաներ, Բրնձիք՝ Գարսանցի սարկաւագ, և Մաթոյ՝ աշխարհական (ՋԱՄ. 42)։ Ասոնք յանձնուեցան Բագրևանդի կամ Իւչքիլիսէյի առաջնորդ Զաքարիա վարդապետին Էջմիածին տարուելու համար, բայց որովհետև վարդապետը կը յապաղէր Լէզգիներու արշաւանքներէն վախնալով, Սիմէոն 1769 օգոստոս 16-ին կը գրէր միամտեցուցանելով թէ վտանգ չկայ, ուստի անկարծիք լեալ բերցէ զնոսա։ Ըստ այնմ ալ անմիջապէս բերաւ Զաքարիա, և օգոստոս 18-ին շնորհակալութեան գիր գրուեցաւ Ապտի կուսակալին (ԴԻՒ. Ը. 69)։ Եկողներ շատ յամառ չեղան իրենց միտքին վրայ և յետ խրատուց բազմաց դարձան ի յուղղութիւն, և գիր ևս ետուն, ուստի Զաքարիա վարդապետ, սեպտեմբեր 14-ին, Խաչվերացի երկրորդ օրը, Գրիգոր և Խաչատուր քահանաները միասին տանելով էջմիածինէ մեկնեցաւ (ԴԻՒ. Ը. 86)։ Մնացեալներ քիչ մը ևս մնացին Էջմիածին, բայց վերջապէս անոնք ալ առաքեաց Սիմէոն ի տեղիս իւրեանց (ՋԱՄ. 42), զի ինչպէս ինքն ալ կը գրէր, ոչ վրէժխնդիր և ոչ հալածող հոգւով կը գործէր, այլ ի գութ հոգևոր որդւոց շարժել կաշխատեր (ԴԻՒ. Ը. 77), որ իրեն յանձնուած քրիստոնէական փարախին հետևողներ զգաստանան, Հայաստանեայց եկեղեցւոյ ուղղափառ և ուղղադաւան հաւատքը անտխեղծ պահուի, և արտաքին գրգռումներով ի զուր բաժանումներ և հակառակութիւններ չտարածուին Հայութեան մէջ։ Այդ մասին ոչ ոք կրնայ մեղադրել եկեղեցւոյ մը պետին ունեցած նախանձայուզութիւնը, զոր ամէն պետերու վրայ ալ յարգելէ չէինք քաշոիր, եթէ իրենցներուն պահպանութեան նուիրէին բոլոր ջանքերնին, և ոչ թէ ուրիշ եկեղեցիներու գործերուն խառնուէին, և արտաքին հրապոյրներով տիրապետութեան դիտումներ մշակէին։

« 2098. Խնդիրին Փակումը   |   2100. Յովնան Ամդեցի »
© Gratun.org