Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2105. Աղթամարի Աթոռ

Աղթամարի աթոռին վրայ թողուցինք Գրիգորը իւրայիններէն ընտրուած, որուն մասին դիտողութիւն չըրին կամ չկրցան ընել Մայրաթոռոյ գահակալները, և այսպէս խաղաղութեամբ վախճանեցաւ նա 1761-ին (§ 2018)։ Գրիգորի կը յաջորդէ Թովմաս, միշտ իւրայիններուն ընտրութեամբ և Ջահկեցիի օրով գրուած պայմանին հակառակ, սակայն Թովմաս պէտք կը զգայ Մայրաթոռոյ պաշտպանութեան, և հաստատամիտ որոշմամբ մը, չենք գիտեր թէ ի խղճէ հարեցեալ, եթէ ի բազմութենէ պարտուց բռնադատեցեալ, կելլայ անձամբ Էջմիածին կու գայ, և ինքնայոժար պատրաստակամութեամբ խոստովանի զգոլն իւրեանց ընդ նզովիւք Ղազարու կաթողիկոսին։ Մինչև իսկ կիրակի օր մը ի մէջ եկեղեցւոյ ի ժամ սուրբ պատարագի անկեալ ի ծունկս, և բացաւ գլխով, և ընդ անառակին որդւոյ գոչեմ շարականը աւելով, խնդրէ զարձակումն։ Յակոբ Շամախեցի կաթողիկոս ընդունի սիրով Թովմասն ու իր խոստովանութիւնը, և տայ զարձակումն ի մէջ հանդէսին, հայրապետական կոնդակով կը հաստատէ Թովմասը իր աթոռին վրայ, և կը վերանորոգէ զկանոնս ուխտադրութեանցն և նզովափակ կանոնացն, որոնք Ղազարի և Նիկողայոսի օրով հաստատուած էին (§ 2018), և այլ ուրիշ պատուէրս և կանոնս կը հրամայէ, զի Աղթամարցիք մի ևս դիցեն ինքնագլուխ զկաթողիկոս ինքեանց, և այսպէս պատուով և խիլայիւք կը դարձնէ Թովմասը իր աթոռը։ Երևանեցին կը վկայէ թէ ցորչափ Թովմաս Աղթամարի կաթողիկոս մնացած է, տուած ուխտը յարգած է, և թէ ինչպէս նախորդին՝ նոյնպէս իր օրով ալ զսուրբ միւռոնն ի սրբոյ աթոռոյն առեալ բաշխէ վիճակին իւրոյ։ Թէպէտ Թովմաս պէտք ունեցած ատեն նիւթերը կը խնդրէր, զի ինքն օրհնիցէ, սակայն Էջմիածին օրհնեալ սուրբ միւռոն կը ղրկէր, և խնդիր չէր յուզուեր (ՋԱմ. 97)։ Թովմաս 176 դեկտեմբերին նոր դիմում կը կընէ Սիմէոնի, գանգատելով Աբրահամ Մոկացի վարդապետին դէմ, որ իրեն համամիտ գտնելով մարգարէ վարդապետ մըն ալ, և իրեն հովանաւոր և պաշտպան ընելով Մոկաց Քուրդ բռնապետ Աւդուլլա խանը, հետամուտ էր զի լինիցի ինքն այնմ կողմանց ինքնագլուխ կաթողիկոս։ Թովմաս կը խնդրէր որ Սիմէոն Աբրահամը բանադրէ, մինչև միւս կողմէն Աւդուլլա և Աբրահամ ալ յատուկ գիրերով դիմում կ՚ընէին, որ Մոկաց գաւառը զատէ և ուրիշ կաթողիկոսութիւն ընէ, իբր զի երկիրս այս տարակաց է ի յԱղթամարու։ Սակայն Սիմէոն ամուր մնաց օրինակութիւնը պաշտպանելու, գրեց առ Աբրահամ և Մարգարէ նանրախորհուրդսն, զի կասիցեն յունայնամտութենէ անտի։ Աւդուլլայի ալ գրեց իր առաջարկին եկեղեցւոյ օրինաց հակառակ ըլլալը, և Վանի առաջնորդին և նուիրակին ալ պաշտօն յանձնեց թուղթերը հասցնել և գործին հսկել (ԴԻՒ. Գ. 116-119)։ Առաջին գիրերուն՝ որ 1765 յունուար 10-ին գրուած էին, ժամանակին տեղը հասած չըլլալուն, նորեր ղրկեց մարտ 140-ին (ԴԻՒ. Գ. 152)։ Հրամաններն ու սաստերը իրենց ազդեցութիւնն ունեցած պիտի ըլլան, որ այլևս Աղթամարի խնդիր յուզուած չէ և Աբրահամը բանադրելու պէտք մնացած չէ։ Թովմայի վախճանը կը գրուի 1783-ին (09. ՕՐԱ. 288)։

« 2104. Կիլիկիոյ Աթոռ   |   2106. Երուսաղէմի Աթոռ »
© Gratun.org