Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2114. Պասմաճեանի Դէմ

Անհաւատալի ըլլալու չափ անճոռնի են Պասմաճեանի դէմ յարուցուած ամբաստանութիւնները, և բոլորովին իսկ յիշատակելու համարձակութիւն չէինք ունենար, եթէ նոյն իսկ իր գրչով նշանակուած չտեսնէինք։ 1. Թէ տղայութեան ատեն ի կրօնս Հազարացւոց միտեալ է, և իսլամութենէ քրիստոնէութեան դառնալով Երուսաղէմ և ուրիշ տեղեր թափառած, և անցեալը մոռցնել տալով եկեղեցականութեան մտած և մինչև պատրիարքութիւն բարձրացած, կամ իբր պատրիարք նկատեալ իմն եղեալ է։ 2. Թէ թլփատեալ է, և թէ զայս վկայած էր մին ի յայն երկուց, այսինքն կամ Մանուէլը կամ Աբրահամը, որ յայտնած կ՚ըլլայ թէ իր կինն ըսած է իրեն, թէ ես ինքնին ականատես եմ ի բազում անգամ և ի բազում ժամանակս (ՊԱՍ. 53), առանց ճշդելու թէ երբ և ինչպէս։ 3. Թէ 800 քսակ գումար տալով Սարգիս Սարաֆեան և Սամուէլ Երզնկացի եպիսկոպոսները Արևմուտք է ղրկած, որ դպրատուն բանան և տղաքներ ալ ղրկած է վասն ուսանելոյ զլատինականս։ 4. Թէ երկու երկաթեայ արկղ Նալեանէ մնացած, և ոսկօք վնիժականօք լեցուն, որոնք յարքունիս պիտի տրուէին, հարկաւ իբրև տուրքերու վճարում, ինքն բացուցեալ է, և ոչ հասուցեալ ի յարքունիս։ 5. Թէ զբոլոր զազգն և զժողովուրդս հնազանդեցուցեալ է փափին Հռոմայ, և քաջալերած երթալ ի յեկեղեցիս Լատիացւոց։ 6. Թէ հրամայած է աղօթել վասն յաղթութեանց քրիստոնէից և վասն պայծառութեան հաւատոյ Լատինացւոց։ 7. Թէ Հայերուն մէջէն զթուրքացեալս փախուցած է Արևմուտք, և ներած որ հոն պահեն զհաւատս և զքրիստոնէութիւնս տեղւոյն (ՊԱՍ. 54)։ 8. Թէ կը թողու զեկեղեցիքն առնել մզկիթս (ՊԱՍ. 55)։ Պասմաճեան ինքն այդ կէտերը ճամբելով կը բաւականանայ, և ամէնն ալ առհասարակ բանս զրպարտականս անմբերելիս և անլուրս կը յայտարարէ (ՊԱՍ. 53), որով միևնոյն ուժգնութեամբ հեռացուցած կ՚ըլլայ իրմէ, թէ յառաջագոյն թուրք և թէ ֆրանկացեալ ըլլալու կէտերը (ՊԱՍ. 55)։ Այդ ամէնը կառավարութեան դուռն ալ կը խօսէին հակառակորդները, մինչև լոկ տային զգիրս ամբաստանութեան արքային (ՊԱՍ. 54), և կ՚աշխատէին մինչև զմահացուցանել։ Ասկէ զատ զգեստս թուրքականս, և չուան մըն ալ առձեռն պատրաստ պտտցնելով կ՚ըսէին, թէ երբ պատրիարքը տաճկացուցանեմք, այսու զգեստիւ պարտիմք զգեցուցանել և թէ այսու պարանաւ պարտի կախիլ. և վրայ կը բերէին, թէ յետ կախեցմանն նորին՝ ի ստուերի իւրոյ նստելոց և ըմպելոց եմք բաժակ ուրախութեան (ՊԱՍ. 55)։ Որչափ ալ չափազանցուած երգիծանքներ ըլլան այդ խօսքերը, սակայն կը ցուցնեն հակառակորդներու լրբութեան աստիճանը, և անբացատրելի կը դարձնեն թէ ինչպէս տակաւին պատրիարքութեան աթոռին վրայ կը մնար, կամ թէ կը թողուին մնալ։

« 2113. Կ. Պոլսոյ Աթոռ   |   2115. Հրաժարելու Փորձ »
© Gratun.org