Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2115. Հրաժարելու Փորձ

Իբրև հաւանական մեկնութիւն այս միայն կրնանք ըսել, որ հակառակորդ խմբակին համակրած չէր հանրութիւնը՝ գոնէ ժողովուրդին մեծամասնութիւնը, և ասոնց համակրութեան և համաձայնութեան վրայ յենլով Պասմաճեան՝ իր պաշտօնը յառաջ կը վարէր, նեղուելով մէկտեղ լրբենի զրպարտութեանց երեսէն։ Այդ կարծիքներուս իբրև փաստ կը նկատենք որ երբ Պասմաճեան ընտրութենէն ութը տարի ետքը կը փորձէ գործէ քաշուիլ, ժողովրդական բուռն հոսանք մը կը գտնէ իրեն նպաստաւոր։ Ժողովուրդը ժողովի կը հրաւիրէ ի պատրիարքական յեկեղեցւոջն 1772 փետրուար 22-ին, ի յաւուր չորեքշաբթու, Ղեւոնդեանց և Վարդանանց տօներուն միջանկեալ օրը, և կը հաւաքուին վեց ճէօմահաթք, այսինք Կ. Պոլսոյ վեց թաղերու ժողովուրդը, քահանայք ու իշխանք, և ի բոլոր էսնաֆից ծերունիք և ի խօսից տեարք, աւելի քան զհազար, որև կը յայտնէ զկամս և զխորհուրդս իւր, այսինքն է զհրաժարումն ի գործոյն։ Ժողովն ու ժողովուրդը երբոր լուան զայս բանս, ոչ լուան ձայնի աղաչանաց պատրիարքին, և պնդեցին ու խստեցին որ մնալ ի վերայ իւրեանց, և ի վերայ բոլոր ազգին տէր և պատրիարք, խոստանալով վրէժխնդիրս ըլլալ այնոցիկ՝ որք առնեն զներհակութիւնս և զհակառակութիւնս իրեն դէմ, և մինչև առ արքունիս բողոքել անոնց դէմ։ Այդ խոստումը գիրի կ՚առնեն, և ներկաներէն աւելի քան զերկու հարիւր անձինս կնիք զարնեն, և թուղթը Պասմաճեանին կը յանձնեն։ Ասոր վրայ Պասմաճեան կը քաջալերուի, և նոյնով բանիւ և գրուածովք համոզեցեալ կը զիջանի, և յայտնուած կամքին կը հնազանդի՝ մնալ ի վերայ գործոյն և ի վերայ պաշտօնին (ՊԱՍ. 95)։ Դժբախտաբար իրեն տրուած վստահութիւնը գործնական չըլլար, վասնզի զկնի սակաւ ժամանակի մոռացան զամենայն զբանս և զխոստմունս իւրեանց, և նորէն Պասմաճեան իր հակառակորդներուն ձեռքէն նեղութեանց մատնուեցաւ (ՊԱՍ. 96), որոնք մինչև կայսեր բողոք տուին, թէպէտ չլսուեցան, և եկեղեցիներու մէջ թուղթ ըսպառնալեաց ձգեցին։ Պատրիարքը ոգևորութիւն առած, Մանուէլի համախոհներէն մէկը բանտարկել տուաւ, նոյնիսկ Մանուէլն ալ Աբրահամ ընկերին հետ Ամասիա աքսորել կու տայ (ՉԱՄ. Գ. 876), և դարձնելու համար միջնորդութիւններն ալ կը մերժէ (ՍՐԳ. )։ Բայց հակառակորդութիւնը չի վերջանար, վասնզի միշտ գործի վրայ էր Գասպար, զոր խորհրդապետ կ՚անուանէ Պասմաճեան, և կը յաւելու թէ կախումն միւսից ամիրայից ի նմանէ էր (ՊԱՍ. 23)։

« 2114. Պասմաճեանի Դէմ   |   2116. Պարտքի Խնդիր »
© Gratun.org