Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2123. Սիմէոնի Ջանքեր

Սիմէոն լուր առաւ թէ Առաել Պօղոսեան Ջուղայեցի մը Ամսդերտամի մէջ Յովհաննէս-Միքայէլ Ֆլայշման (Fleischmann) փորագրիչին ձեռքով (ՏՊԱ. 178), հայերէն տառեր պատրաստել տուած է, բայց զտպագրատուն հաստատել ոչ կարէր վասն գործաւորաց պակասութեան։ Ուստի 1765- մարտ 4-ին կը գրէր Զմիւռիոյ նուիրակ և առաջնորդ Ղուկաս Կեղեցի կամ Կարնեցի վարդապետին, որ անոնք գնով առեալ յղեսցէ ի սուրբ Աթոռս (ԴԻՒ. Գ. 149)։ Քիչ ետքը լսուեցաւ որ Մարկոս տպագրիչ մը Զմիւռնիոյ մէջ տպարան է բացած, ուստի Ամսդերտամէ լուր չհասնելուն վրայ, Սիմէոն 1765 դեկտեմբեր 6-ին գրեց նոյն Ղուկաս վարդապետի՝ որ կամ Մարկոսի տառերը դնէ, և կամ տպագրիչն ալ միասին Էջմիածին փոխադրէ (ԴԻՒ. Գ. 431)։ Սարգիս Սարաֆեան եպիսկոպոս ալ Վենետիկի մէջ պատրաստել տուած տառերը Կ. Պոլիս փոխադրած էր, Սիմէոն անոր ալ գրեց 1766-ին, և խնդրեաց տալ զտպագրական գիրն սրբոյ Աթոռոյն, կամ գնով, կամ ի յիշատակ հոգւոյն իւրոյ (ԴԻՒ. Գ. 551)։ Միևնոյն ատեն չէր խզած թէ Առաքելի և թէ Մարկոսի հետ սկսուած բանակցութիւնները (ԴԻՒ. Գ. 552)։ Սակայն ասոնցմէ և ոչ մէկը յաջողեցաւ։ Առաքելի գիրերուն վաճառման Ամսդերտամցի Հայեր արգելք դրին, կասկածելով թէ մի գուցէ Սիմէոն եկեղեցին և կալուածներն ալ վաճառլով բոլորովին իրենց գաղութը խափանէ (ՏՊԱ. 185)։ Մարկոս տպագրիչ չուզեց իր սկսած և յառաջացուցած գործը խախտել։ Իսկ Սարգիս Սիմէոնի հետ բանակցութիւնները չվերջացած՝ տառերը վաճառեց Գէորգ Կեսարացի դպիրին, որ Կ. Պոլսոյ Վէզիրխանի մէջ տպարան բացաւ, և քիչ օր ետքը 1766 մայիս 11-ի երկրաշարժին օրը՝ խանի փլատակին ներքև մեռաւ (ԳԱԼ. 250)։ Բայց Սիմէոն իր նպատակէն ետ չկեցաւ. չենք կարող ըսել թէ տեղէ մը կրցած ըլլայ պատրաստել տառեր ճարել, զի նորաքանդակ գիրերու խօսք կ՚ընէ (ԴԻՒ. Գ. ճկգ. ), ուսկից կը հետևի թէ նորէն փորագրել և ձուլել տալ յաջողած է։ Տօնացոյցի յիշատակարանին մէջ ալ կը յիշուի Յարութիւն Էջմիածնեցի փորագրող և քանդակող, և Մկրտիչ Շոռօթեցի եպիսկոպոս, որ նախկին հեղինակ եղև առ փորագրութիւնն ի պողովատեայս (ՍԻՄ. 562)։ Ըստ այսմ տպարանը կը բացուի 1771-ին, ինչպէս կը վկայէ Չաքիկեանց Գրիգորի և ընտանիքին յիշատակին ձօնուած արձանագիրերը, թէ անոր արդեամբ՝ հաստատեցաւ տպագրատունս ամենայն պարագայիւք (ԴԻՒ. Գ. ճկ. )։ Բայց 1771 թուականը տպաբանական արտադրութեանց ալ բուն թուականը չ՚երևիր։ Գիրքի մը պէտք եղած առարկաներուն Էջմիածին բերուիլը ամենադժուարին գործերէն մէկն էր, նկատի առնելով երթևեկի արգելքները, քաղաքական շփոթները և տեղւոյն հեռաւորութիւնը, և 1772-ին կրնայ նշանակուիլ Զբօսարան հոգևոր գրքուկին հրատարակութիւնը, և 1773-ին Տաղարան տետրին տպագրութիւնը, որոնք Էջմիածինի տպարանին նախընծայ արդիւնքներ կը նկատուին։ Իսկ ինքն Սիմէոն կը յիշէ նախապէս զքանի հատ Սաղմոս, և երկրոդապէս զփոքրիկ գիրքն աղօթից, որոց երրորդապէս կը յաջորդէ Տօնացոյցը (ՍԻՄ. 554)։ Գործին արգելքներէն մին ալ թուղթ ճարելն էր, և Սիմէոն 1771-էն Չաքիկեան բարերարին հետ կը թղթակցէր, տպարանին մօտ թղթգործարան մըն ալ հաստատելու համար։ Արհեստին հմուտ գործապետներ գտնելու ջանքն ալ բաւական ատեն խլեց։ Պարսկաստանէ եկողներ գոհացուցիչ եղան, Չաքիկեան Փարիզէ եկած թղթաշէն վարպետ՝ Բէյսօն և Տէսիօռ Գաղղիացիներու հետ պայմանաւորուեցաւ, որոնք Կ. Պոլիսէ Էջմիածին եկան, բայց կարծես թէ միտք ունէին որ փողերը ստանան ու փախչին, մինչև որ Սիմէոն պատրաստուեցաւ փալախայի և սառնատունի սպառնալեօք զանոնք գործի ստիպել (ԴԻՒ. Գ. ճկդ. ), և թղթագործութիւնը արդիւնաւորեցաւ 1776-ին՝ հսկողութեամբ Իսահակ Գեղամացի եպիսկոպոսին, որ է նոյնինքն Գեղամացի դպիրը (§ 2075), և երախայրիքը նուէր չղուեցաւ բարերարին (ԴԻՒ. Գ. ճկէ. )։ Շինուած թուղթին վրայ ջրանկար փակագիրներ կային, Ս. Կ. , և Գ. Մ. որոնք Սիմէոն կաթողիկոսի և Գրիգոր Միքայյէլեան Չաքիկեանի անունները կ՚արտայայտէին (ԴԻՒ. Գ. ճկգ. )։

« 2122. Էջմիածնի Տպարան   |   2124. Տօնացոյցի Խնդիր »
© Gratun.org