Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սիմէոն Ա. Երեւանեցի

2129. Ազգային Ժողով

Պասմաճեանի օրերուն ներքին յուզումները ու պատրիարքարանի մեղմ ընթացքը, և Զաքարիայի պատրիարքութեան սկիզբները իր նախայուզութեան ասպարէզ չարուիլը, մեծապէս քաջալերած էին կաթոլիկամիտները, որք այնմ ժամանակի կարի համարձակ ընդդէմ պատրիարքական իշխանութեանն գործէին (ԴԻՒ. Ժ. 217), և մինչև իսկ սուլտանին կը դիմէին գրով, թէ պատրիարքն առանց իրաւանց պահանջէ ի մէնջ տուրս անվաւերս, և յոչ տալն մեր զայն՝ ներհակ վարի ընդ մեզ և նեղէ (ԴԻՒ. Ժ. 218)։ Իրենց բողոքին մատնութիւն ալ խառնելով կաթոլիկամիտները կը գրէին, թէ պատրիարքն մեր Աճեմ է, և զժողովուրդն կողոպտեալ զգանձս կուտէ, և յղէ առ Աճեմիստան՝ ի զարթուցումն և ի յօգնութիւն, առ ի յարուցեալ նոյն թագաւորութիւնն ի վերայ քոյին տէրութեանդ (ՍՐԳ. ), ուստի կը խնդրէին որ պատրիարքին հրամայէ, զի մի՛ իսպառ նեղեսցէ զմեզ ի նոցանէ, և կարգեա մեզ յատուկ գլուխ ի մերոց կարգաւորաց, վասն զի կամիմք ելանել յիշխանութենէ նոցա (ԴԻՒ. Ժ. 218)։ Այդ ընթացքը ամէնուն մտադրութիւնը արթնցուցած և զայրոյթի պատճառ եղած էր, և անոր առջևը առնելու փափաքը ընդհանուր էր։ Զաքարիա ինքն ալ անտարբեր չէր կրնար մնալ, բայց իւրովի ալ նախաձեռնութիւն առնել չուզելով, ազգային մեծ ժողով մը հրաւիրեց 1778 փետրուար 21-ին Մեծպահոց առաջին չորեքշաբթի օրը, և գումարումը տեղի ունեցաւ Մայրեկեղեցին՝ հանդերձ գլխաւոր եպիսկոպոսօք և վարդապետօք, և այլ մեծամեծ իշխանօք, և յամենայնի էսնաֆից գլխաւորօք, Ալթը Ճէմայէթ կոչեցելովք, և այլ բազմութեամբ հասարակ ժողովրդականօք, էլէկէլիրօք և բանագէտ մարդկան գումարօք (ՍՐԳ. ), որ է այն ժամանակին սովորական ազգային ժողովի ձևը, ուր իբր հազար հոգի մը ներկայ կը գտնուէր (§ 2115)։ Զաքարիա ժողովը բանալով կացութիւնը բացատրեց, զգացուց թէ պէտք է զտարաձայնութիւնս ազգիս մերոյ բառնալ ի միջոյ, զի եղբարք եմք ամենեքին, և այս ոճով շարունակեց իր ատենաբանութիւնը, որ էր բովանդակ վարդապետական բանք և խօսք բարոյականք և մխիթարականք, արծարծիչք հոգևոր սիրոյ (ՍՐԳ. )։ Ժողովը կատարեալ համաձայնութեամբ ընդունեց պատրիարքին տեսութիւնները, անոր յանձնեց ներքին միջոցներ գործածել կաթոլիկութեան յառաջացումը արգելելու, և բոլորովին իսկ ջնջելու համար, և որոշեց արքունական իշխանութեան հաղորդել իրաց վիճակը և անոր ձեռնտուութիւնն ալ հրաւիրել օտարամոլութեան առջևն առնելու համար։ Այդ նպատակով կառավարութեան մատուցանելիք խնդրագիր կամ բողոքագիր մըն ալ պատրաստեցաւ, և առաջաւորներուն կնիքներովը ստորագրեցաւ։ Կաթոլիկամիտներ՝ ազգն ու անոր պատրիարքը ամբաստանած էին իբրև Պարսիկները Օսմանցիներու դէմ գրգռող. ազգայինք գոհացան կաթոլիկամիտներու Եւրոպացւոց հետ յարաբերութիւնները առջև դնել, առանց չարամիտ թելադրութիւններ աւելցնելու, և միայն գրեցին, թէ գաղտնաբար և ծածուկ ելումուտ առնեն յեկեղեցիս Ֆրանկաց, և զփաթերայս տարեալ ի տունս իւրեանց՝ զկարգս Ֆրանկաց համարձակ կատարեն, և զտունս եկեղեցի արարեալ՝ այլ իմն հաւատ ծածկաբար է մէջ իւրեանց արծարծեն (ԴԻՒ. Ժ. 218)։

« 2128. Տօնացոյցի Կիրառութիւն   |   2130. Մեղմ Ընթացք »
© Gratun.org